Օրեր առաջ ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում մրցութային ընթացակարգով Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ղեկավարումը կրկին վստահվեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Գևորգյանին: Համալսարանականը նախքան այդ 2019 թվականից կատարում էր այս ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պարտականությունները` ձեռնամուխ լինելով տվյալ համալսարանական ստորաբաժանման առաջընթացին:
Առողջապահության բնագավառում շուրջ 20 տարվա կազմակերպման փորձ ունեցող մասնագետը ԵՊԲՀ նախկին սանիտարահիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտ է, այժմ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավարը:
Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նորընտիր վարիչի հետ զրուցել ենք կատարված աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
– Տիկին Գևորգյան, կմանրամասնե՞ք Ձեր ղեկավարած ամբիոնի նախորդ տարիների գործունեության մասին:
– Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը գործում է Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի կազմում: Ամբիոնի հիմնական գործառույթներն ուսումնական, գիտական և կլինիկական են: Մշտապես ուշադրություն է դարձվում պրոֆեսորադասախոսական կազմի լեզուների իմացությանը: Թիմը կազմված է տասը անդամից: Ռուսերենին տիրապետում է ամբիոնի ողջ անձնակազմը, իսկ անգլերենին` 50%-ը:
Ուսումնասիրելով միջազգային փորձը, համեմատական անցկացնելով արտերկրի բուհերի կրթական ծրագրերի հետ, որոշվեց 2022-2023 ուսումնական տարին դարձնել 1 տարի, որի մեջ ընդգրկվել են ինչպես մոդերնիզացված և արդիականացված բազային բաժինները, այնպես էլ իրականացվում են նոր դասընթացներ։ Այդ դասընթացների թվում է ՊՇՌ մեթոդի, կենսաանվտանգության և կենսաապահովման հիմունքները, որակի կառավարման համակարգը կլինիկական ախտորոշման լաբորատորիայում, որոնք համարվում են պարտադիր բաղադրիչ ժամանակակից լաբորատոր ծառայությունում։ Դասավանդումը իրականացվում է` տեսական, գործնական և ինքնուրույն բաղադրիչներով: Ուսումնառության ընթացքում օգտագործվում են միջազգային ուղեցույցների վրա հիմնված գիտական նյութեր։
– Հետբուհական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրային զուգահեռ մեծ ուշադրություն է հատկացվում շարունակական մասնագիտական զարգացմանը, կատարելագործման դասընթացներին, այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում:
– Այո, ամբիոնն իրականացնում է ծավալուն աշխատանք բժիշկների ՇՄԶ կրեդիտներով ապահովման գործում և ներկա պահին ունենք 13 թեմայով 1-7 շաբաթական տևողությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված դասընթացներ: Հավաստագրված դասընթացներին բուժաշխատողները մեծ ակտիվությամբ են մասնակցում և դրանք շարունակական են լինելու:
Հետբուհական կրթության ոլորտում մեր ամենամեծ առաջընթացը նաև կլինիկական օրդինատորների շարունակաբար ավելացող թիվն է:
2018-2023թթ. կլինիկական օրդինատորների ուսումնառության վերլուծությանն անդրադառնալով պետք է նշեմ, որ 2018 թվականից մինչ օրս ամբիոնն ունեցել է 201 օրդինատոր-շրջանավարտ, որոնցից՝ ինչպես ցույց են տալիս մեր հետադարձ հարցումները, 187-ն աշխատում է ըստ մասնագիտության, 5-ն` արտերկրում։
Վերջին հինգ տարում ամբիոնում վերապատրաստվել է 784 բժիշկ լաբորանտ, 464 լաբորանտ և 135 բուժքույր, որոնք վերամասնագիտացվել և ստացել են լաբորանտի որակավորում։
– Ինչպես նշեցիք, գիտական գործունեությունն անմասն չէ Ձեր ղեկավարած ամբիոնի աշխատանքներից, այս ուղղությամբ ինչպիսի՞ հաջողություններ եք գրանցել:
– Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի կողմից իրականացվում են մի շարք գիտական աշխատանքներ հետևյալ հիվանդությունների ուղղությամբ` «Կորոնավիրուսային վարակ», «Վիրուսային հեպատիտներ», ռևմոտոլոգիական և սրտաբանական հիվանդություններ: Հինգ տարում ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրել է 28 հոդված, որոնցից 11-ն ազդեցության գործոն ունեցող պարբերականներում, ինչպես նաև 5 թեզիս և 2 ուսումնական ձեռնարկ։ Աշխատակիցները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների, անցել են վերապատրաստումներ Եվրոպայի առաջատար հիվանդանոցներում: Ամբիոնի բոլոր աշխատակիցները ծավալում են կլինիկական գործունեություն: Ուսումնական բազաներ են «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցային համալիրները, ինչպես նաև այլ առողջապահական կազմակերպություններ:
– Որո՞նք են առաջիկա նախանշված հիմնական ծրագրերն ու անելիքները:
– Արդիականացնելու և տպագրելու ենք դասագիրք, պատրաստվելու են ուսումնական ատլասներ և բարելավվելու է տեխնիկական հագեցվածությունը: Ամբիոնն ունի զարգացման տեսլական. համապատասխանեցնել գործունեությունը միջազգային ստանդարտներին:
Արդեն իսկ սկսել ենք կյանքի կոչել մեզ համար շատ կարևոր մի շարք նախաձեռնություններ` զարգացման պլանի շրջանակում:
Լիահույս ենք, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն զարգացման բոլոր վերոնշյալ կետերը և այս հարցում մենք ջանք չենք խնայելու, քանի որ թե՛ տեսական, թե՛ կլինիկական բնագավառներում մեր առաջնային նպատակը բնակչության առողջության պահպանումն է և որակյալ, երկրին պիտանի լաբորատոր ախտորոշման մասնագետների պատրաստումը: