Հայաստանում կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության միասնական կլինիկա Հայաստանում այսուհետ կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական-արյունաբական ու պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվում է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որ տեղակայված կլինի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով՝ ուժերը միավորելով նպատակ ունեն կենտրոնացնել մանկական քաղցկեղի բուժումը մեկ վայրում։ «Միավորումն ավելի արդյունավետ կդարձնի մեր ջանքերն այս գործում։ Այս նախաձեռնությունը կարևոր է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդ երեխաների համար։ Ուժերի մեկտեղումը միշտ դրական ազդեցություն է ունենում»,- ասաց կենտրոնի տնօրենն՝ ավելացնելով, որ կկենտրոնացվեն նաև միջազգային կապերն ու բոլոր բարերարների գործունեությունը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այսպիսի ծառայությունները մեկտեղելու դեպքում՝ որակական խնդիրներն ավելի հեշտ լուծում կունենան։ «Միավորումն առաջին հերթին կբարելավի կրթական ծրագրերի որակը, ինչի արդյունքում միջազգային բժշկագիտությունը կհարստանա հայկական նորամուծություններով»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։
«Մուրացան» հիվանդանոցի բժիշկները նաև ԵՊԲՀ դասախոսներ են, ինչը նշանակում է, որ կենտրոն կհաճախեն նաև ուսանողներ, օրդինատորներ, կկատարվեն գիտական աշխատանքներ: Սամվել Դանիելյանն անդրադառնալով հիվանդությունների թվին՝ նշեց, որ մանկական քաղցկեղով 100 երեխաներից մոտ 70-ը առողջանում են։ Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք: Ամենահաճախ հանդիպող տարատեսակները լեյկեմիաներն են (մոտ 35%), այնուհետև գլխի ուռուցքներն ու լիմֆոմաները:
Նշենք, որ միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները շրջեցին կենտրոնում, ծանոթացան պայմաններին: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բժիշկներ և հասարակական գործիչներ: