Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը

Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը

Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը (World Anaesthesia Day): 1846թ. հոկտեմբերի 16–ին ամերիկյան ատամնաբույժ Թոմաս Մորթոնը եթերային անզգայացմամբ կատարել է առաջին վիրահատությունը:

Անեսթեզիայի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Անզգայացումը և երեխաները. հոգ տանելով ձեր երեխաների մասին»։

Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չենք կարող պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է առաջին հերթին պայմանավորված վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ 56 երկրի տվյալների վրա հիմնված հաշվարկների՝ ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 230 միլիոն խոշոր վիրաբուժական միջամտություն իրականացվում է անզգայացմամբ։ Ներկայում միջազգային կլինիկական պրակտիկայում կիրառվում են ավելի քան 100 անէսթետիկներ: Դա հնարավորություն է տալիս ընտրելու անզգայացման առավել արդյունավետ և անվնաս մեթոդ` կատարվող միջամտության բնույթով, տևողությամբ, ինչպես նաև հիվանդի անհատական առանձնահատկություններով պայմանավորված:

Այսօր է նշվում նաև, Սրտի վերակենդանացման համաշխարհային օրը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով փրկում են մարդկանց կյանքներ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները հանդիսանում են մահվան առաջատար պատճառը, պատասխանատու լինելով երկրում գրանցվող մահերի շուրջ կեսի համար։ Հանկարծակի մահերի հիմնական պատճառներից է նաև սրտի կանգը։ Համաձայն միջազգային վիճակագրական տվյալների սրտի կանգերի 70%-80% տեղի են ունենում տանը, իսկ մնացածը հանրային վայրերում, որի ժամանակ մեծ նշանակություն ունի առաջին օգնության վաղ ցուցաբերումը մոտակայքում գտնվող անձի կամ անձանց կողմից, ավտոմատացված դեֆիբրիլյացիայի իրականացումը, շտապօգնության ծառայության հասանելիությունը և պացիենտի տեղափոխումը ստացիոնար՝ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով։

Միայն «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ-ռեանեմատոլոգների պրոֆեսիոնալ թիմի համախմբված և կազմակերպված աշխատանքի շնորհիվ «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» կլինիիկայում 2022 թվականի 9 ամիսների հնարավոր է եղել 27 պացիենտի նորից կյանք պարևգել՝ սրտի կանգ գրանցվելուց հետո, որը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 50% և համարվում գոհացուցիչ ցուցանիշ:

Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին` մաղթելով աշխատանքային արդյունավետ գործունեություն ի նպաստ բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: