Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մասնկացում է վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագրին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մասնկացում է վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագրին

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները բժշկական օգնության և սպասարկման  հետ կապված առավել տարածված անցանկալի հետևանքներ են, որոնք հանրային առողջապահության լուրջ խնդիր են հանդիսանում, քանի որ բացասաբար են անդրադառնում հիվանդացության, մահացության և կյանքի որակի վրա:  

Նրանց կանխարգելումը եղել է հիմնախնդիր բժշկագիտության զարգացման բոլոր փուլերում և այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին ամբողջ աշխարհում, քանի որ նկատվում է դրանց տարածվածության, հիվանդացության և մահաբերութան աճի միտում:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` աշխարհում 100 պացիենտից 7-ը զարգացած և 15-ը՝ զարգացող երկրներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում ձեռք են բերում ԲՄՊՎ:

Տնտեսապես զարգացած երկրներում ինտենսիվ թերապիայի ծառայության 30% պացիենտների շրջանում զարգանում է ԲՄՊՎ, իսկ զարգացած երկրներում այդ ցուցանիշը 2-3 անգամ ավելի մեծ է:

Ներկայում Հայաստանի ողջ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհամաչափ են զարգացած լաբորատոր կարողությունները, որը խոչընդոտում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման որակի ապահովմանը, ախտորոշման մեթոդների ստանդարտացմանը:

Լաբորատոր ախտորոշման մեթոդաբանական մոտեցումների մեծ բազմազանությունը, առկա մասնագիտական ներուժի որակավորումների տարբեր մակարդակը, ինչպես նաև հետազոտության տարբեր փուլերի նկատմամբ անհրաժեշտ հսկողության բացակայությունը խիստ մեծացնում է ոչ հավաստի արդյունքների ստացման հավանականությունը, որն էլ կարող է բացասաբար անդրադառնալ առավել համապատասխանող բուժման մեթոդների կիրառման վրա:

 Ներկայում համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը:

Դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման. արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, դեղաբուժությունը դառնում է անարդյունավետ և մեծանում է  անբարեհաջող ելքերի և բարդությունների թիվը, ինչպես նաև ավելանում է ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը: Հանրային առողջապահությանն  ուժգնացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է նաև բժշկական կազմակերպությունում նրանց չհիմնավորված  և ոչ պատշաճ օգտագործմամբ:

Առողջապահության նախարարությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ ընտրված բժշկական կազմակերպություններում՝ («Աստղիկ» բժշկական կենտրոնում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում) իրականացնելու է ժամանակի տվյալ պահին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության  հետազոտության ծրագիր, որը կնպաստի բժշկական կազմակերպություններում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների և հակամանրէային դեղերի  նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության դետքային համակարգի ձևավորմանը, ինչպես նաև բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման և ռացիոնալ բուժման միջոցով դրանց հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:  

Հետազոտության ծրագրի նպատակն է.

  • Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների վաղ ախտորոշումը և հակամանրէային դեղերով նպատակային և արդյունավետ բուժման իրականացում,
  • Բժշկական կազմակերպություններում հակամանրէային դեղերի վարման մեթոդների կատարելագործում,
  • Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման, հայտնաբերման, հաղորդման գործընթացի կատարելագործում,
  • Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացում: