Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը կարճ ժամանակում հասցրել է մեծ ծրագրեր իրականացնել: Վիրաբուժության ինստիտուտի բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ հիվանդանոցը համալվել է Ընդհանուր, Էնդոսկոպիկ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքներով, մյուս բաժանմունքները ևս համալրված են գրագետ և փորձառու մասնագետներով:
«Այժմ հիվանդանոցում գործում են թերապևտիկ, պրոպեդևտիկայի և գաստրոէնտրոլոգիայի ամբիոնները, իսկ հաջորդ տարվանից համալրվելու են նաև մնացած թերապևտիկ ամբիոներով. ալերգալոգիայի, ռևմատոլոգիայի, նևրալոգիայի և սրտաբանական ամբիոներով»,-նշեց նա: Արա Ղազարյանի խոսքով՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը կարգախոս ունի, այն է՝ պահպանել պացիենտի անվտանգության ապահովումը. «Պացիենտի անվտանգության ապահովումը սկսվում է ընդունարանից, վերջանում ՝ դուրս գրման օրով»:
Հոկտեմբերին Միքայելյան վիրաբուժության իստիտուտում կատարվել է մոտ 200 ընդհանուր անզգայացումով վիրահատություն և մոտ 220 ներերակային անզգայացումով էնդոսկոպիկ վիրահատական միջամտություններ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է: «Այժմ ունենք 110 մահճակալ, տրամադրված ենք մինչև հաջորդ տարվա վերջ ունենալ 220-230 մահճակալ»: Բուժական գծով տնօրենի փոխանցմամբ՝ ներկայումս հիվանդանոցի հիմնական աշխատողները դասախոսներ են, ովքեր բացի իրենց կլինիկական աշխատանքից, դասավանդում են թե՛ ուսանողներին, թե՛ կլինիկական օրդինատորներին: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում մինչև փետրվարի 1-ը նախատեսվում է ստեղծել թրեյնինգ կենտրոն, որտեղ կրթություն են ստանալու ոչ միայն բժիշկները և բուժքույրերը, այլև բժշկական կրթություն չունեցող մասնագետները, ինչպես, օրինակ, ոստիկանները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժական գծով տնօրեն Խաչատուր Բադալյանն էլ նշեց, որ նախատեսվում է ստեղծել հեպատոլոգիայի կենտրոն, որտեղ ներգրավված կլինեն հիվանդանոցի և՛ թերապևտիկ և՛ վիրաբուժական մասերը. «Հույս ունեմ, որ հետևողական գործունեության արդյունքում կհասնենք մեր նպատակին և կստեղծենք լյարդի հիվանդությունների կենտրոն, որտեղ կկարողանան բուժում ստանալ նաև օտարերկրացիներ: Վերջերս արտասահմանից հաճախակի են գալիս Հայաստանում բուժվելու, քանի որ այստեղ պայմանները ավելի հարմար են և որակապես մեր մասնագետները չեն զիջում արտերկրի գործընկերներին»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի տարեսկզբից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ- բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀ-ին: