Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեքսոպաթոլոգը կարևորում է նախաամուսնական խորհրդատվությունն ու հետազոտությունը

Սեքսոպաթոլոգը կարևորում է  նախաամուսնական խորհրդատվությունն ու հետազոտությունը

Տարիներ առաջ սեքսոպաթոլոգին դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները: 

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը նշում է, որ դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին առաջընթաց ունի՝ համեմատած նախորդ տարիներին, ինչը ողջունելի է: 

Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում` շնորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, համացանցում զետեղվող նյութերի, հասցվել է փոքրագույնի: 

Բժշկի գնահատմամբ` տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչու չէ նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերվող հարցերը: 

Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել ընտանիքներում,  զույգերի միջանձնային հարաբերություններում, կարծրացել են՝ հասցնելով տրամաբանական հանգուցալուծմանը` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների աճի, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, ի վերջո, անպտղության։

Որպես կանոն, սեռականին վերաբերվող հարցերը չեն դիտվում իբրև մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ: 

«Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Ինչ խոսք, նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հետազոտությունը ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել»,- նկատում է Վրեժ Շահրամանյանը` հավելելով, Սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմող այցելուների պատկերը մոտավորապես հետևյալն է՝ 50 տոկոս՝ տղամարդիկ, 25 տոկոս՝ կանայք և 25 տոկոս՝ ամուսնական զույգեր: Հաճախում են զույգեր, որ որևէ խնդիր չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: 

Սեքսոպաթոլոգը շեշտում է, սեռական կյանքի հարցերի վերաբերյալ հասարակության  տեղեկացվածության բարձրացումը նպաստում է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսևորմանը:  

Սեքսոպաթոլոգի հիմնականում  դիմում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝  դեռահասները, պատանիները,  երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները:

Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական  հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ, ժողովրդական լեզվով ասած, իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,  սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր և այլն:

Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն: