Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սրտի տրանսաորտալ փականի միջամտությունների շաբաթ՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում

Սրտի տրանսաորտալ փականի միջամտությունների շաբաթ՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվեց սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա (TAVI) սրտային ծանր անբավարարություն ունեցող հիվանդներին:

Հրավիրված մասնագետները՝ Լոս Անջելեսի Adventist Health կենտրոնի Սրտի հիվանդությունների կառուցվածքային ծրագրի տնօրեն Սարգիս Կիրամիջյանը և Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցի էնդովասկուլյար վիրաբուժության ղեկավար Արմեն Տեր-Հակոբյանը, համալսանական բժիշկների հետ միասին երկու օրվա ընթացքում հինգ վիրահատություն կատարեցին:

«Համալսարանական հիվանդանոցում երկու օրվա ընթացքում կարևոր միջամտություններ իրականացվեցին․ աորտալ փականի ներանոթային իմպլանտացիա, որը շատ կատարելագործված միջամտություն է, փակ վիրահատության միջոցով տեղադրվում է բիոաորտալ փական: Հիվանդները, որոնք ունեն ծայրահեղ ծանր աստիճանի փականի հիվանդություն, հնարավորություն ունեն այս եղանակով բուժվելու», – նշում է Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:

Սարգիս Կիրամիջյանը, որը մեծ փորձ ունի աորտալ փականի տրանսկատետորային իմպլանտացիա (TAVI) միջամտությունների իրականացման ոլորտում, մանրամասնելով վիրահատության ընթացքը, ասաց, որ փակ վիրահատության ընթացքում սրտի մեջ խողովակով փական է տեղադրվում, այս տեխնոլոգիան օգնում է լավացնել կյանքի որակը, պացիենտը կարողանում է շուտ դուրս գրվել հիվանդանոցից:

«Արդեն երկրորդ տարին է՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրում կատարում ենք այս վիրահատությունը: Առաջընթաց կա, հիվանդանոցի անձնակազմն ավելի պատրաստված է, վիրահատությունները բարեհաջող են ընթանում, այս տեխնոլոգիան արդյունավետ է հիվանդների համար», – նշում է մասնագետը՝ ընդգծելով, որ վիրահատությունները շարունակական են լինելու:

«Երկու հիվանդ սրտային ծանր անբավարություն ուներ, այս միջամտության շնորհիվ հնարավոր եղավ փրկել նրանց կյանքը: Շատ ուրախ եմ, որ համալսարանական կլինիկայում շատանում է այս վիրահատությունների քանակը», – ասաց Արմեն Տեր-Հակոբյանը:

Սրտաբան, Սրտաբանության ամբիոնի դասախոս Ցոլակ Սարգսյանը հավելում է, որ երկու օրվա ընթացքում կատարված միջամտությունները համալսարանական կլինիկայի անձնակազմի և հրավիրված բժիշկների սերտ համագործակցության արդյունքն են, ինչի շնորհիվ 5 հիվանդ վիրահատության բարեհաջող ելք ունեցավ:

Նշենք, որ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան Հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: