ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Աննա Ավագյանը նախքան Իտալիա մեկնելը սովորում և աշխատում էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, վերջին տարվա ընթացքում կենտրոնացել է մանկական արյունաբանության ոլորտի վրա: Նրա համոզմամբ`հաջողության բանաձև գոյություն չունի, ոչ էլ որակյալ մասնագետ դառնալու բաղադրատոմս, ամեն մարդ ունի այդ հատկանիշների իր յուրահատուկ հավաքակազմը, կարևոր է ճանաչել սեփական ուժեղ կողմերը և կարողանալ դրանք ճիշտ կիրառել թե՛ որպես անհատ, թե՛ որպես թիմի անդամ՝ բերելով յուրահատուկ հմտությունները թիմ և օգտագործելով ի շահ բոլորի։
«Իմ առաջին ծանոթությունը մանկական ուռուցքաբանության և արյունաբանության աշխարհի հետ տեղի է ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում, որտեղ անցնում էր «Ուռուցքաբանություն» ցիկլային առարկան։ Մեր խմբի դասախոսը մանկական ուռուցքաբան-արյունաբան Լիլիթ Սարգսյանն էր, որն առաջինը ծանոթացրեց այս ոլորտի առանձնահատկություններին, խնդիրներին և միևնույն ժամանակ դրա գեղեցկությանը, առաջին իսկ րոպեներից կոտրեց ունեցած կարծրատիպերը մանկական քաղցկեղի վերաբերյալ։ Այս ամենից ոգեշնչված համախմբեցիների և ընկերների հետ միասին նախաձեռնեցինք մի քանի բարեգործական ծրագրեր, որոնցով կարող էինք որոշակի օգնություն ցուցաբերել քաղցկեղով հիվանդ մարդկանց կամ դրական էմոցիաներ փոխանցել նրանց այդ ծանր շրջանում»,- պատմում է կլինիկական օրդինատորը:
Այս ծրագրերի շնորհիվ հնարավորություն ունեցան ծանոթանալու թիմի մյուս անդամների հետ, որոնք առանձնում էին իրենց պրոֆեսիոնալիզմով, մարդկային հատկանիշներով և երիտասարդ սերնդին կրթելու մեծ պատրաստակամությամբ։
Վերջնական որոշման կայացման համար կարևոր դեր խաղաց մասնակցությունը Իտալիայում կայացած Եվրոպական Ուռուցքաբանության դպրոցի ուսանողների համար նախատեսված ուռուցքաբանության կուրսին, որի շնորհիվ բացահայտեց գիտության այս ուղղության զարգացման ներուժը և հետագայում գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները.
«Ի վերջո ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմ ընտրած մասնագիտության մարդասիրական նշանակությունը, թեպետ բժշկության բոլոր ուղղություններում կարևոր է մարդասիրությունը, կարեկցանքը և անձնվիրաբար աշխատանքը, այնուամենայնիվ ըստ իս մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը առանձնահատուկ նվիրում է պահանջում, ինչը կյանքին յուրահատուկ իմաստ և մոտիվացիա է տալիս՝ որոշակիորեն պատասխանելով էքսիստենցիալ հարցերին» ։
Պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին խոսելիս Աննան նկատում է, որ երեխաների հետ աշխատանքը ունի որոշակի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք բուժանձնակազմի կողմից յուրահատուկ հաղորդակցման հմտություն են պահանջում։
Երեխաների հետ շփվելիս կարևոր է համարում նրանց հետ անկեղծ լինելը, մանրամասն, համբերատար և հասանելի լեզվով բուժման ամբողջ ընթացքը բացատրելը և տարբեր հարցերում նրանց կարծիքը հարցնելը։
«Այս ամենը մի կողմից նվազեցնում է նրանց սթրեսի և վախի զգացումը, մյուս կողմից ցույց է տալիս նրանց կարևորությունը և դերը որոշումներ կայացնելու մեջ, տալիս է նրանց իրավիճակը հսկողության տակ պահելու և վստահության զգացում։ Ի վերջը պետք է չմոռանալ հույզերի մասին, ըստ իս, հմուտ մանկաբույժը գիտելիքի և փորձի հետ մեկտեղ պետք է ունենա ոչ վերբալ միջոցներով էմոցիաները հասկանալու և դրանց կարեկից լինելու հմտություն։ Այս ամենը համատեղ հնարավորություն է տալիս փոխվստահելի հարաբերություններ կառուցել երեխայի և նրա ընտանիքի անդամների հետ, որը անկյունաքարային դեր է խաղում բուժման մեջ»,- ասում է Աննա Ավագյանը:
Ուռուքցաբանությունը և արյունաբանությունը բժշկագիտության արագ զարգացող ուղղություններից է, ինչը մասնագետի առջև դնում է մշտապես կրթվելու և գիտության վերջին նորություններին ծանոթ լինելու պահանջ։ Սակայն աշխարհը բաց է, իսկ գիտելիքը հասանելի, այդ իսկ պատճառով կրթվելու համար հիմնականում պետք է ցանկություն, ժամանակ և էներգիա։
Նրա գնահատմամբ` ոլորտը պահանջվածներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչը բազմազան կրթական և հետազոտական ծրագրերի հնարավորություններ է տալիս կատարելագործման և շարունակական կրթության համար, որոնց պետք է մշտապես հետևել և ընտրել հետաքրքրություններին և նպատակներին համապատասխանը։
Այս հարցում նա ընդգծում է հմուտ ղեկավարի դերը, որը մշտապես պատրաստակամ է ուղղորդելու և աջակցելու երիտասարդ մասնագետներին, ավելին՝ մշտապես մոտիվացնելու և առաջ մղելու դեպի գիտելիքը և զարգացումը։
Օրդինատուրայի ընթացքում պարբերաբար մասնակցել է տարբեր միջազգային ծրագրերին, դասընթացներին և համաժողովներին։ Հնարավորություն է ստացել կլինիկական փորձ ձեռք բերել արևելքի լավագույն հիվանդանոցներից մեկում՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական կենտրոնում։
Այժմ Եվրոպական ուռուցքաբանության դպրոցի ծրագրի միջոցով կրթությունը շարունակում եմ Իտալիայի Մոնցա քաղաքի «Սուրբ Ջերալդո» հիվանդանոցի մանկական արյունաբանության կլինիկայում։
Հպարտությամբ է նշում, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ այս միջազգային ծրագրին մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ուղղությամբ ընտրվող մասնակիցը Հայաստանից է, հուսով է, որ այս տարի ևս այդ ավանդույթը կպահպանվի։
Այս երկու ծրագրերը հնարավորություն են տվել կլինիկական գիտելիքներ և փորձ ստանալու ոլորտի լավագույն մասնագետներից, ինչպես նաև ծանոթանալու ամերիկյան և եվրոպական դպրոցների տարբեր մոտեցումներին, լավագույնը վերցնելու և ներդնելու սեփական երկրում։
Երիտասարդ մասնագետը կարևորում է միջազգային փորձագետների և մենթորների հետ համագործակցությունը։ Բարեբախտաբար մանկական ուռուցքաբան-արյունաբանները ամբողջ աշխարհում առանձնանում են իրենց բարյացակամությամբ և օգնելու պատրաստակամությամբ ոչ միայն իրենց հիվանդներին, այլև կոլեգաներին, այդ իսկ պատճառով աշխարհի տարբեր ծայրերից՝ Ավստրիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներից ունենք փորձառու գորընկերներ, որոնք անհրաժեշտ պահին պատրաստ են համագործակցելու և իրենց գիտելիքով և փորձով կիսվելու։
Թե՛ կլինիկական, թե՛ գիտական առումով իր հետաքրքրությունների կազմումն են լեյկեմիաները և լիմֆոմաները, դրանց ցիտոգենետիկ խանգարումները և բուժման նորագույն մոտեցումները։
Այժմ կլինիկական օրդինատորը ընդգրկված է մի շարք հետազոտական աշխատանքներում, դրանցից մատնանշում է քաղցկեղի հանդեպ նախատրամադրվածության ծրագիրը և լեյկեմիաների ցիտոգենետիկ խանգարումների հետազոտությունը։