Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կրթության որակի շարունակական բարելավման ապահովման գործընթացը` Գիտական խորհրդում

Կրթության որակի շարունակական բարելավման ապահովման գործընթացը` Գիտական խորհրդում

Ուսումնական գործընթացում իրականացվող բարեփոխումներն ու կատարված աշխատանքն էր հոկտեմբերի 25-ին հրավիրված Գիտական խորհրդի հիմնական թեման:

«Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից ներկայացվող զեկույցը նաև կապակցված է  այն գործընթացի հետ, որի երկրորդ փուլն ավարտվեց սեպտեմբերին` խոսքը ծրագրային հավատարմագրման մասին է. մեկ ու կես տարվա տևողությամբ դժվարին, այդ թվում մի քանի օր  միջազգային հավատարմագրումն իրականացնող փորձագիտական խստապահանջ խմբի հետ բուհում տարված աշխատանք և  ևս երկու ամիս եզրակացության համար: Հաշվետվությունն ամբողջ համալսարանի կողմից ուսումնական գործընթացներում իրականացվող ծրագրերի մասին է»,- նիստի մեկնարկին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր  Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց  տարեկան հաշվետվությունը` ԵՊԲՀ կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված ռազմավարական փոփոխությունների հիմնավորումը 2018-2023թթ ուսումնական տարիների արդյունքների վերլուծության հիմքով:

«Ելնելով «Բարձրագույն կրթության» մասին օրենքից, համալսարանի 2021-25թթ ռազմավարական ծրագրի համապատասխան դրույթներից և 2022թ. Գիտական խորհրդում համալսարանի ռեկտորի` պրոֆեսոր Մուրադյանի զեկույցում ԵՊԲՀ-ի կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման անհրաժեշտության հիմնավորումից՝ բժշկական բուհը 2023թ. հուլիսին դիմեց Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, միջազգային հավատարմագրման իրավունք ունեցող Եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոնին «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման հայցով:  Ճիշտ է` համալսարանը երկու անգամ անցել է ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ) հավատարմագրման գործընթացով և 2020 թվականին 6 տարով ստացել է հավատարմագրում, սակայն ծրագրային հավատարմագրում (այն էլ միջազգային) առաջին անգամ է իրականացնում»,- տեղեկացրեց պրոֆեսոր Ավետիսյանը:

Մինչև  ներկայացվող զեկուցման բովանդակային վերլուծությանն անցնելը նա նշեց,  որ հավատարմագրման գործընթացի 2 հիմնական փուլերը հաղթահարված են, և մինչև ընթացիկ տարվա ավարտը, ըստ հավատարմագրման գործընթացի ժամանակացույցի, միջազգային փորձագետները պետք է ներկայացնեն հավատարմագրման վերաբերյալ որոշումը:

Անկախ վերջնական որոշման արդյունքից` նիստի հիմնական զեկուցողը փաստեց, որ գործընթացը խիստ անհրաժեշտ և արդյունավետ էր՝ կրթության որակի բարելավման ռազմավարական և մարտավարական փոփոխություններ իրականացնելու նկատառումից ելնելով:

Հավատարմագրման գործընթացի նախապատրաստական փուլը մեկնարկել է համապատասխան կառույցին հավատարմագրման հայտի հանձնումից 1.5 տարի առաջ` ռեկտորի հրամանով ձևավորված և նրա կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի հաջորդական քայլերով:

Մեկ տարվա ընթացքում ռեկտորատի բոլոր նիստերում զեկուցվել է աշխատանքային խմբի կողմից պլան-ժամանակացույցում ամրագրված գործընթացների կատարողականի, առաջացած խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին: Աշխատանքներն իրականացվել են միջազգային 3 փորձագետների հետ՝ հիմքում դնելով կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման 5 չափանիշներում առաջադրված հարցադրումները և պահանջները: Աշխատանքները տարվել են 2 հիմնական ուղղություններով` կրթական ծրագրի ամբողջական վերլուծություն և ուսումնական գործընթացն ապահովող գործիքների և գործառույթների վերլուծություն:

Հավատարմագրման ինքնավերլուծության զեկույցը կազմող հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ուղղությունները ներկայացնելիս Լարիսա Ավետիսյանն ընդգծեց, որ այս երկու գործընթացների ուղղությամբ միջազգային փորձագետների հետ 1 տարվա աշխատանքի արդյունքում բացահայտվեցին, հիմնավորվեցին մի շարք հարցեր, և ապա իրականացվեցին բազմաթիվ փոփոխություններ, կազմվեց հավատարմագրման մեծ փաթեթ, որը հանձնվեց միջազգային որակավորման վերոնշյալ կենտրոնին:

Այս մեծածավալ փաթեթի առաջնային տեղում, անշուշտ, «Բուժական գործ» կրթական ծրագրի ուսումնական պլաններում իրականացված արմատական փոփոխությունն էր՝ ավանդական ձևաչափից մոդուլայինի անցմամբ, առանց որի միջազգային հավատարմագրման մասին խոսք անգամ լինել  չէր կարող:

Արդյունքում փոխվեց «Բուժական գործ» մասնագիտության ուսումնական պլանն ամբողջությամբ` հիմքում դնելով բոլորովին նոր մոտեցում՝ դասավանդում մոդուլային ձևաչափով:

Իր զեկույցներում, աշխատանքային հանդիպումներում նա բազմիցս է խոսել դասավանդման մեթոդաբանության բարելավման շարունակական գործընթացի ապահովման կարևորության մասին, սակայն այսօր էլ այս ուղղությամբ աշխատանքների բարելավումը նա ավելի քան արդիական է համարում   նաև այն պատճառով, որ այսուհետև ամբիոններն աշխատելու են մոդուլային ձևաչափով:

Հաշվետու տարում իրականացրած մեթոդաբանական փոփոխությունների ազդեցությունը պրոռեկտորը ներկայացրեց կրթության արդյունավետությունը գնահատող կարևոր բաղադրիչներից մեկի` առաջադիմության բնութագրի ներկայացման միջոցով:

2022-23թ առաջադիմությունը 2021-22թ-ի հետ համեմատած գրեթե բոլոր ֆակուլտետներում բարձրացել է:

Ամփոփիչ ատեստավորումն այս տարի դարձյալ իրականացվեց եռափուլ, սակայն Ընդհանուր բժշկության ֆակուլտետում ուսանողների գործնական հմտություններն առաջին անգամ գնահատվեցին OSCE ձևաչափով:

Ձևաչափի կիրառումն իրականացվեց` տարբեր շրջափուլեր հաղթահարելով. Այսպես, նախ դասախոսների երկու մեծ խումբ գործուղվեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (որտեղ այս ձևաչափն արդեն մի քանի տարի է` կիրառվում է) փորձի փոխանակման, իսկ 6 աշխատակից Իսպանիայում և Իտալիայում «Safemed» ծրագրի շրջանակներում անցան մեկշաբաթյա վերապատրաստումներ, ովքեր էլ OSCE-ի պատասխանատուների հետ միասին դասախոսների շրջանում այդ ձևաչափով «քեյսեր» գրելու նպատակով վերապատրաստումներ կազմակերպեցին: «Միքայելյան» հիվանդանոցում կառուցվեց և համապատասխան ձևով կահավորվեց 27 դասասենյակ:

Ինչ վերաբերում է ամփոփիչ քննության արդյունքներին, ապա դրանք 84,6% առաջադիմությամբ կրկնեցին նախորդ տարիների տվյալները:

Թվային տվյալներով խոսելով ակադեմիական շարժունության մասին`  նշվեց, որ  2022-2023 ուստարում արձանագրվել է ոչ միայն բացարձակ թվի ավելացում, այլ նաև կառուցվածքային փոփոխություն: Կրկնակի ավելացել է այլ բուհերից տեղափոխված ուսանողների թիվը:

2022-23թթ.-ին համալսարանից հեռացված ուսանողների տոկոսը, անցյալ տարվա հետ համեմատած, իջել է 11,8%-ով, փոխվել է նաև հեռացման պատճառների բնութագիրը. անցյալ տարիների համեմատ՝ 4 անգամ նվազել է այլ պատճառներով հեռացվածների թիվը (այդ թվում բացակայությամբ պայմանավորված):

«Այս ուսումնական տարվա ընթացքում մենք փորձելու ենք իրականացնել ավելի մեծ թվով ամբիոնների մրցույթով ձևավորման գործընթացը՝ նախապես բարելավելով մրցութային գործընթացի ողջ գործիքակազմը»,- շեշտեց Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է կրթության որակի գնահատմանը և ապահովմանը, նա տեղեկացրեց, որ 2023թ-ից Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր կրթական ծրագիր ունի որակի ապահովման պատասխանատուն և իր կրթական ծրագրի ղեկավարը (ճիշտ է, դեռևս միայն «Բուժական գործ» ծրագրում), որոնց մեկտեղված աշխատանքի արդյունքում առաջիկայում կունենանք նոր մարտահրավերների բացահայտում և դրանց արագ կարգավորման գործիքի մշակման անհրաժեշտություն՝ միջազգային կրթական տարածքում լիովին ներգրավվելու իմաստով:

Պրոֆեսոր Ավետիսյանը խոսեց կարևոր մի ձեռքբերման մասին. 2018թ-ից ուսումնական պրոցեսի լավարկմանն ուղղված նյութատեխնիկական բազայի ծախսերը տարեցտարի ավելանում են:

«Ինչպես միշտ, խոսքս ուզում եմ ավարտել ինձ համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ եզրույթով. նշված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ուսումնական պրոցեսի իրականացման  թիվ մեկ պատասխանատու օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի բարձր պատրաստակամություն և պատասխանատվություն, այլև անմիջական մասնակիցը դառնա կրթական բարեփոխումների քաղաքականության մշակման և բարելավման գործընթացին»,- ասաց նա` ամփոփելով շուրջ 40 րոպե տևողությամբ զեկույցը, այնուհետև պատասխանելով համալսարանականների հարցերին:

Զեկուցվող հաջորդ հարցով` Օտարերկրացիների նախապատրաստական կրթության նոր խմբագրությամբ կանոնակարգի հաստատման վերաբերյալ, ռեկտորը հանձնարարեց  տվյալ բաժնի ղեկավար, դոցենտ  Զարուհի Կալիկյանին կրթության այլ պատասխանատուների հետ կազմակերպել հավելյալ քննարկում:

Ռեկտորը նիստն ամփոփեց գիտական բնագավառի լավ նորությամբ. ԵՊԲՀ­ում հրա­տա­րակ­վող «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» («The New Armenian Medical Journal» անգ­լա­լե­զու գի­տա­կան պարբերականի ճանաչելիության աստիճանը բարձրացել է, և ըստ Web of Science  շտեմարանի այն այս տարվանից ունի  0.2 ազդեցության գործոն:

Արմեն Մուրադյանը սա որակեց որպես մեծ հաղթանակների ճանապարհին հերթականը, ինչը կբարձրացնի ինչպես հանդեսի հեղինակությունը, այնպես հրատարակվող գիտական հոդվածների ու թեզերի որակը: Ամփոփելով նիստը` նա Լարիսա Ավետիսյանին` որպես բժշկական բուհի ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացի ինքնագնահատման գործընթացի համակարգող ու աշխատանքային խմբի ղեկավար, շնորհակալություն հայտնեց կատարած թիմային, հսկայական աշխատանքի համար, որոնք բեկումնային են ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ մեր երկրում բժշկական կրթության նորագույն էջերի կերտման պատմության մեջ: