La Revue du Praticien պարբերականի hարգելի՛ ընթերցողներ, ձեր դատին ենք հանձնում պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը։
Համարի «սիրտը»՝ թեմատիկ հոդվածաշարը, նվիրված է գործնականում հաճախ հանդիպող երակային թրոմբոէմբոլային հիվանդությանը և դրա առնչությանը քաղցկեղին։ Հայտնի է, որ քաղցկեղի առկայությունը երակային թրոմբոէմբոլային հիվանդության վտանգը բազմապատկում է 6-ով։ Այս փաստն առօրյա աշխատանքում էական ազդեցություն ունի բժշկի կլինիկական մտածողության վրա, որն իր հիվանդին թրոմբոզ ախտորոշելիս պետք է միշտ հիշի, որ քաղցկեղը, որպես իր գոյությունն ազդարարելու միջոց, կարող է «ընտրել» թրոմբոզը։ Այս առումով կարևոր է, թրոմբագոյացմանը նպաստող այլ գործոնների բացակայության դեպքում, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և հիվանդին ավելորդ տագնապ պատճառելու, ձեռնարկել հնարավոր քաղցկեղի որոնման պարզ և արդյունավետ միջոցառումներ։ Վերջին տարիներին թրոմբոզի բուժումը էական փոփոխությունների է ենթարկվել` համալրվելով ուղղակի ազդեցության հաբային հակամակարդիչներով։
Ո՞րն է այս դեղամիջոցների տեղը թրոմբոզի բուժման մեջ, հատկապես քաղցկեղի դեպքում։ Ավանդաբար օգտագործվող` ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինները կորցրե՞լ են իրենց արդիականաթյունը։ Ի՞նչ տեղ հատկացնել թրոմբոզի կանխարգելիչ բուժմանը քաղցկեղով հիվանդների շրջանում, եթե դրա առաջացման վտանգն ակնհայտորեն մեծ է։ Հոդվածաշարը տալիս է այս և բազում այլ հարցերի պատասխաններ` հիմնված վերջին հետազոտությունների տվյալների վրա։
«Գիտելիքի շտեմարան» բաժնի հոդվածն անդրադառնում է հանրային առողջապահության արդի խնդիրներից մեկին՝ տարեցների ընկնելուն, որի տարեկան հաճախականությունը 65 տարեկանից հետո մոտ 30% է, իսկ 80 տարեկանից հետո՝ 50% : Իրենց մեծերին խնամող ընտանիքներին քաջածանոթ այս խնդիրը վտանգն էապես նվազեցնող, եթե ոչ` սպառիչ, ապա շատ արդյունավետ շտկումներով լուծումներ ունի, և ընկնելու վտանգի համակարգված գնահատումը բժշկի կողմից դրա անհրաժեշտ նախապայմանն է։ Ընդհանրապես, սա այն խնդիրներից է, երբ լավագույնս կարող է դրսևորվել բժիշկ-բուժառու-բուժառուի մոտակա շրջապատ` փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը։
Շարունակելով տարեցների թեման՝ «Ուսանողի անկյուն» բաժնում կարող եք ընթերցել տարեցների հոգեխանգարումներին նվիրված հոդվածը։ Նույն բաժնում տեղ է գտել կյանքի հակառակ ծայրում գտնվող բուժառուների՝ երեխաների սրտի աղմուկներին անդրադարձող հոդվածը։ Համակարգային անոթաբորբերին նվիրված համապարփակ հոդվածն էլ եզրափակում է «Ուսանողի անկյուն» բաժինը։
«Պատկերադարան» խորագրի ներքո կարող եք տեսնել բազմաթիվ յուրօրինակ կլինիկական դեպքերի նկարագրություններ։
Քրոնիկական բորբոքային ռևմատիզմով հիվանդներ վարող բժիշկներին կհետաքրքրի Քովիդ-19 համավարակի համատեքստում այս հիվանդների շրջանում իրականացվող պատվաստումների առանձնահատկությունները ամփոփող հոդվածը։
Եվ վերջում առավել ընթերցասերներին հրավիրում ենք ծանոթանալու ֆրանսիացի դրամատուրգ և դերասան Մոլիերի «Երևակայական հիվանդը» պիեսի գլխավոր հերոսի կերպարի նորովի վերլուծությանը` արդի իրողությունների տեսանկյունից։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է 17-րդ դարում ստեղծագործած Մոլիերը քննադատում բժշկությունը՝ միաժամանակ անհավանական և թերևս նախադեպը չունեցող ճշգրտությամբ նկարագրելով իր հերոսի երևակայական հիվանդությունը, որը մերօրյա բժշկությունը դնում է հոգեբուժության իրավասության ներքո։ Հիվանդության և դեղերի նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքը արտահայտելով պիեսի տեսքով՝ հեղինակը խոսում է մի երևույթի մասին, որն ավելի ուշ՝ 1961 թ., կստանա նոցեբո ազդեցություն անվանումը, և որին բազմիցս ականատես եղանք համավարակի շրջանում։ Սա թերևս դասական լինելու, այսինքն` ժամանակի ընթացքում արդիականությունը չկորցնելու ևս մեկ օրինակ է։
«Բժշկել, կրթել և կառուցել Հայաստանում» նշանաբանի ներքո La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը մաղթում է բոլորին հաճելի ընթերցում:
Այն հասանելի է նաև հետևյալ հղումով՝ https://santearmenie.org/
Պարբերականի հաջորդ համարը կհրատարակվի սեպտեմբերին։