Այս տարվա շրջանավարտ Մանե Ավետիսյանը բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտել է գերազանցությամբ: Կլինիկական օրդինատորի կարգավիճակում ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ձեռք է բերել ոչ միայն բժշկական գիտելիքներ, այլև ձևավորվել է որպես անձ:
«Ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնք օրինակ են եղել ինձ համար, և իհարկե, ամենամեծ ձեռքբերումները՝ ընկերներս, ում հետ անցել եմ այս դժվարին ճանապարհը։ Շատ եմ կարոտում հատկապես ցածր կուրսերի դասերը, որոնք անցկացվում էին հենց համալսարանում, մինչև հիմա էլ այլ են զգացողություններս, երբ մտնում եմ համալսարան, քայլում հարազատ ամբիոնների միջանցքներով կամ մտնում լսարանները»,- պատմում է շրջանավարտը՝ ժպիտով հիշելով, թե որքան էր անհանգստանում, հատկապես, քննությունների ընթացքում:
«Իրականում այդ անհանգստությունը կապված չէր գնահատականի հետ, այլ պատասխանատու էի զգում հենց առարկայի, դասախոսի, ստացածս գիտելիքների առաջ: Այժմ հասկանում եմ, որ ոչ մի արկածի հետ չեմ փոխի ուսանողական այդ զգացողությունները»,- մեջբերում է Մանեն:
Ինչպես իր և շատ համակուրսեցիների համար, համավարակի և պատերազմի օրերն ամենածանրաբեռնվածն էին: Այդ ընթացքում կուրսընկերների հետ կամավորական աշխատանքներ է կատարել «Միքայելյան» համալսարանայան հիվանդանոցում, ինչպես նաև օգնել է կամավորական այն խմբերին, որոնք զբաղվում էին դեպի Արցախ ուղևորվող իրերի բաշխումով։
Որպես բժիշկ՝ կայացման հարցում սովորողը կարևորում է մասնագիտական գրականության ուսումնասիրությունը, ծրագրում է խորացնել լեզուների իմացությունը, որոնք կօգնեն ավելի հմտանալ իր նեղ մասնագիտության մեջ և դառնալ լավագույններից մեկը.
«Բժշկի մասնագիտության ընտրության հարցում երկար մտածելու կարիք չկար, քանի որ չէի տեսնում ինձ այլ ոլորտում, իսկ արդեն կլինիկական օրդինատուրայի ընտրությունս դժվար եմ կատարել, քանի որ սիրում էի բժշկության հետ կապված ամեն ինչ ու չէի կողմնորոշվում՝ որ ճյուղով ընթանալ առաջ: Օրգաններից ամենից շատ ինձ հետաքրքրել է ուղեղը և սիրտը, այդ պատճառով տատանվում էր հատկապես նյարդաբանության ու սրտաբանության միջև, արդյունքում հաղթեց սիրտը»:
Ապագա սրտաբան Մանեն կարծում է, որ լավ բժիշկ լինելու համար բացի գերազանց գիտելիքներից պետք է ունենալ նաև հաղորդակցվելու հմտություն՝ սկսած հիվանդից մինչև բուժանձնակազմ և հիվանդի հարազատներ, ինչպես նաև կարևորում է սթրեսակայունությունը, համբերատարությունը, քանի որ աշխատանքային երկար ժամերը, պայքարը բուժառուների կյանքի համար իսկապես մեծ ջանքեր են պահանջում: