Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լավագույնը ներդնելն ու առավելագույնը սովորելը հնդիկ ապագա գաստրոէնտերոլոգի գերնպատակն է

Լավագույնը ներդնելն ու առավելագույնը սովորելը հնդիկ ապագա գաստրոէնտերոլոգի գերնպատակն է

Մոհամմադ Սահիլ Խանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է։  

25-ամյա ապագա գաստրոէնտերոլոգը, բացի բժշկական կրթությունից, նաև շատ հոբբիներ ունի․ սիրում է երգել, կրիկետ խաղալ։

«Ժամանակը թռչում է. թվում է, թե դեռ երեկ էի եկել Երևան իմ ծննդավայր Մոթիհարիից (Հնդկաստանի արևելյան Բիհարի շրջանից): Թվում է, թե դեռ երեկ սկսնակ ուսանող էի, իսկ այժմ արդեն 3 տարվա ակտիվ փորձ ունեմ բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանում», – պատմում է Մոհամմադը:  

Բժշկությամբ նա հետաքրքրվեց՝ ականատես լինելով հոր` պրոֆեսոր Շաքիլ Ահմադ Խանի անխոնջ աշխատանքին կենդանաբանության բնագավառում։

 «Վաղ տարիքում ինձ հետաքրքրեց կենդանաբանությունը, այնուհետև գտա ինձ բժշկության մեջ: Ինձ գրավում է մարդու անատոմիան՝ մարդակազմությունը։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից մարդուն ուսումնասիրելու մեծ ցանկությունն ինձ ստիպում է դառնալ լավագույնը իմ ոլորտում, որպեսզի կարողանամ օգնել մարդկանց և բարելավել նրանց կյանքը», – ասում է Մոհամմադը:

ԵՊԲՀ-ի մասին ուսանողն իմացել է բուհի շրջանավարտ, իր հայրենակից բժիշկ Մոհսին Հաշմիից: «Նա ինձ ոգեշնչեց դառնալ հաջողակ բժիշկ: Եռանդը, որով մեզ դասավանդում են դասախոսները, ավելի լավն է դարձնում համալսարանը։ Յուրաքանչյուր ուսանողին հատկացված ուշադրությունը մեզ համար ապահովում է կրթություն, որը խրախուսում է ներդնել լավագույնը և սովորել առավելագույնը», – վստահեցնում է ապագա բժիշկը:

Մոհամմադը հիացած է Հայաստանով,  հայերի հյուրընկալությամբ: «Այնքան մոտիվացնող է ապրել և սովորել մի երկրում, որտեղ մարդիկ հոգատար են միմյանց հանդեպ։ Դա ստիպում է Հայաստանում զգալ ինչպես տանը», – անկեղծանում է նա: 

Մոհամմադի համոզմամբ, բժիշկ դառնալու ուղին լի է մարտահրավերներով:

Մի քանի տարի անց Մոհամմադն իրեն տեսնում է գաստրոէնտերոլոգի կարգավիճակում: Պլանավորում է շարունակել բարձրագույն կրթությունը՝ ընդունվելով կլինիկական օրդինատուրա և ասպիրանտուրա:

«Օրուգիշեր աշխատող բժիշկներից ամեն օր սովորելը մեզ տալիս է պացիենտների հետ աշխատելու փորձի հրաշալի հնարավորություն», – շեշտում է ապագա բժիշկը:

Հայաստանում գործնական հմտություններ ձեռք բերելուց հետո Մոհամմադը կվերադառնա հայրենիք՝ գիտելիքներն արդյունավետորեն կիրառելու։

«Կարծում եմ, որ բժիշկը պետք է ձգտի լինել իմաստուն, զգայուն, վստահելի, կարեկցող, շփվող և եռանդուն սեփական աշխատանքի նկատմամբ», – եզրափակում է ուսանողը՝ մեջբերելով իսպանացի հայտնի հոգեբույժ Ֆելիքս Մարտի-Իբանյեսի խոսքերը. «Բժիշկ լինել նշանակում է լինել միջնորդ մարդու և Աստծո միջև»:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան