«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Նազելի Գևորգյանը քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, հայ գրականության, անգլերենի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերից վերադարձել է հաղթանակներով:
«Քիմիա և կենսաբանություն առարկաների նկատմամբ հետաքրքրությունս մեծ էր, միաժամանակ ուզում էի ընտրել մասնագիտական մի ոլորտ, որտեղ կկարողանայի առավելագույնս դրսևորել իմ ներուժը: Արդյունքում ընտրությունս կանգ առավ ամենամարդասիրական մասնագիտության վրա: Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով և առավելագույն քննական բալերով ընդունվել բժշկական մայր բուհ»,-ասում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը:
Ապագա բժշկի խոսքով՝ համալսարանական կյանքը նշանավորվել է այնպիսի դասախոսների հետ ծանոթությամբ, որոնք լավագույն մասնագետներ լինելուց բացի, առանձնանում են մարդկային բարձր արժանիքներով: Նրանք եղել են օրինակ ու դրական ազդեցություն են ունեցել սովորողի կայացման ճանապարհին:
«Սովորելու ընթացքում ցուցաբերել եմ արտահամալսարանական և ներհամալսարանական գիտական և սոցիալական ակտիվություն. կամավորական աշխատանքներ եմ կատարել բնապահպանական ընկերություններում, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում մասնակցել եմ գիտական փորձերի, Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեկ տարի զբաղվել եմ հյուսվածքային ինժեներիայով, համալսարանում եղել եմ Ուսանողական գիտական ընկերության հետազոտական ակումբի անդամ: Այժմ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի գիտական նախագծերի ակտիվ մասնակից եմ և «Քովիդ-նեյրո» թիմի անդամ»,- նշում է Նազելի Գևորգյանը:
Շեշտում է, որ պերֆեկցիոնիստ է. եթե անել որևէ բան, ապա միայն լիարժեքորեն, որակով՝ միջակություն չի սիրում:
«Միաժամանակ պատասխանատու եմ և աշխատասեր: Գիտակցելով ընտրածս մասնագիտության լրջությունը՝ բարձր առաջադիմությամբ սովորելը դժվար չէ»,-ավելացնում է նա՝ ընդգծելով, որ իր համար պատիվ է հայ ականավոր թերապևտ, սրտաբան Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառուն լինելը, ինչն իր աշխատասիրության տրամաբանական արդյունքն է:
«Կյանքում ոչ մի հաջողություն կամ ձեռքբերում չպետք է լինի մարդկային որակների բացասական առումով փոփոխման հաշվին»,-համոզված է անվանական կրթաթոշակառուն:
Նազելի Գևորգյանի նպատակն է դառնալ գիտակ մասնագետ, որն իր ներուժն ու եռանդը կներդնի ի նպաստ Հայաստանում բժշկագիտության զարգացմանը:
«Բժշկի մասնագիտությունն անկասկած պահանջում է համբերատարություն, տոկունություն, նվիրվածություն. անտարբերությունն այստեղ տեղ չունի: Ուզում եմ շեշտել ամենակարևորը՝ սերը դեպի ընտրած ուղին ու կատարած գործը։ Դա ամուր սոսինձ է, որը բժշկին կապում է այս խրթին և անձնազոհություն պահանջող գործին»,-ընդգծում է ապագա բժիշկը։
Նրա ցանկությունն է, որ հայ երիտասարդները հստակ նպատակ ունենան հենց հայրենի երկրում իրենց մասնագիտական ոլորտը զարգացնելու, գիտելիքները իրենց ժողովրդին ծառայեցնելու, ինչը կարող է հնարավոր դառնալ մեծ ցանկության ու կամքի շնորհիվ:
Բժշկական բուհի ուսանողի կարծիքով՝ մեր երկրում հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման և պայմաններում բուժօգնության ծանրաբեռնվածության թեթևացման համար պատասխանատու է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը:
«Լինելով բնակչությանը բուժօգնության տրամադրող ամենամոտ կառույցը՝ այն միանշանակ ունի բարեփոխումների, տրամադրվող բուժօգնության մակարդակի բարելավման կարիք»,-եզրափակում է «Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Նազելի Գևորգյանը: