Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակառուն կաշխատի բժշկական ոլորտում ունենալ այնպիսի ներդրում, ինչպիսին ունեցել են անվանի բժիշկները

«Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակառուն կաշխատի բժշկական ոլորտում ունենալ այնպիսի ներդրում, ինչպիսին ունեցել են անվանի բժիշկները

«Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակի արժանացած Ռուզաննա Առաքելյանը, ընտանքիում ունենալով բժիշկ և բժիշկ-ստոմատոլոգ հարազատներ, դեռ մանկուց որոշել էր՝ պետք է բժիշկ դառնա:

«Դպրոցում շատ եմ սիրել կենսաբանություն առարկան և միշտ ցանկացել եմ մանրամասն ու խորությամբ իմանալ մարդու օրգանիզմի անատոմիան, ֆիզիոլոգիան և բիոքիմիական գործընթացները, ինչպես նաև հասկանալ օրգանիզմում կատարվող բոլոր շեղումներն ու կարողանալ ճիշտ բուժել»,- նշում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը:

Ռուզաննա Առաքելյանը դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների, հաճախել է խմբակներ, կատարել կամավորական աշխատանքներ: Նա աշխատել է նաև տարբեր օտար լեզուներ սովորելու ուղղությամբ, որպեսզի միջազգային շփումներ հաստատի և զարգացնի Հայասատանում բժշկական ոլորտը՝ արտասահամանում փորձ ձեռք բերելու և օտարերկրյա մասնագետներին մեր երկիր հրավիրելու միջոցով:

«Դպրոցական տարիներին ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնք ինձ տվել են հիմնավոր գիտելիքներ բժշկական ընդունվելու համար: Դրա շնորհիվ համալսարան ընդունվելու և քննություններին պատրաստվելու ճանապարհն ինձ համար այնքան էլ բարդ չի եղել»,- շեշտում է ապագա ստոմատոլոգը, որը բուհում մասնակցել է մի շարք միջոցառումների, ինչպես նաև եղել եմ Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի ակտիվ անդամ:

Նրա խոսքով՝ համալսարանում սովորելու ընթացքում դասերից շեղվելու և հանգստանալու համար որոշել է իրականացնել կյանքի երազանքն ու հաճախել նկարչության դասընթացների: Արդյուքնում բացահայտել է՝ բավականին լավ է նկարում: «Դա թերևս անբացահայտ կմնար, եթե բժշկականում սովորելն ու գիտական ոլորտում խորանալն այդքան դժվար չլիներ»,-շեշտում է սովորողը: 

Ռուզաննա Առաքելյանի կարծիքով՝ մասնագիտության ընտրությունն այնքան էական չէ, որքան ընտրած ոլորտում լավագույններից մեկը լինելու ձգտումը: «Բժշկի մասնագիտությունն ամենապատասխանատու և ամենակարևոր մասնագիտություններից մեկն է, իսկ ինձ համար շարժիչ ուժ է՝ լինել այնպիսի բժիշկ, որին պացիենտներն անվերապահորեն կվստահեն թե՛ իրենց, թե՛ հարազատների ապաքինումը»,- ասում է նա՝ ավելացնելով, որ առանց հիմնավոր և խորը գիտելիքների, հնարավոր չէ ճիշտ ախտորոշել և բուժել հիվանդությունը, իսկ գիտելիքներ ձեռք բերելու, ընդհանուր բժշկական մտածելակերպ ձևավորելու և լավ մասնագետ դառնալու համար պետք է անվերջ սովորել, իսկ բարձր առաջադիմությունն ուղղակի լավ սովորելու արդյունքն է»,-ընդգծում է ապագա բժիշկը, որը պարտավորեցնող է համարում «Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակի արժանանալը, քանի որ պետք է ավելի տքնաջան աշխատել և մնալ այդ կրթաթոշակին արժանի մասնագետ և Հայաստանի առողջապահության ոլորտում ունենալ այնպիսի ներդրում, ինչպիսիք ունեցել են անվանի բժիշկները:

Ըստ նրա՝ ստոմատոլոգիական ոլորտը լայն է և բավակինին հետաքրքիր. անընդհատ նոր ասպարեզներ են բացահայտվում և ի հայտ են գալիս նորարարություններ: Առայժմ որոշել է դառնալ ընտանեկան ստոմոտոլոգ ՝ նպատակ ունենալով հետագայում բացահայտել ստոմատոլոգիական այլ նեղ ոլորտներ, ինչպես նաև խորանալ գիտության և բերանի խոռոչի ընդհանուր հիվանդությունների բուժման մեջ:

«Հաղթահարելով բարդ ու հետաքրքիր մի շարք խոչընդոտներ, անընդհատ ինքնակրթվելով, աշխատելով և կատարելագործվելով՝ ուզում եմ ոչ միայն անընդհատ սովորել և զարգանալ նեղ մասնագիտության մեջ, այլ ուսումնասիրել և բացահայտել տարբեր բնագավառներ, քանի որ բժիշկը պետք է լավ տիրապետի և՛ իր մասնագիտությանը, և՛ լինի բազմակողմանի զարգացած ու հետաքրքիր մարդ»,-համոզված է «Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակառուն:

Նրա գնահատմամբ՝ բժիշկի մասնագիտությունը պահանջում է լինել անձնազոհ, պատրաստակամ՝ օգնել մարդկանց, շատ պատասխանատու և պարտաճանաչ, քանի որ իր աշխատանքը կապված է մարդկանց կյանքի և  առողջության հետ:

«Բժիշկը պետք է միշտ մտածի ի շահ պացիենտի առողջության և բարօրության, այլ ոչ թե անձնական նախասիրությունների կամ շահերի մասին»,-ասում է նա՝ հույս հայտնելով, որ կներդրվի առողջապահական ապահովագրություն, և բոլոր քաղաքացիները, անկախ աշխատանքի վայրից, կունենանան բժշկական ապահովագրություն և ամեն տարի պարտադիր կանցնեն բուժզննում, ինչի արդյունքում մի շարք բարդ և վտանգավոր հիվանդություններ հնարավոր կլինի ճիշտ ժամանակին ախտորոշել և բուժել: 

«Որպես բժիշկ շատ կուզեմ, որ գործի առցանց հարցաթերթիկներ, որի միջոցով մասնագետն անմիջապես  կարող է ծանոթանալ  յուրաքանչյուր պացիենտի հիվանդության պատմությանը՝  գրանցելով նաև իր կատարած աշխատանքը»,-եզրափակում է բժշկական բուհի անվական կրթաթոշակառուն: