Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկաբարձ-գինեկոլոգը նոր կյանքի ճիչը լսելու հնարավորությունը հրաշք է համարում

Մանկաբարձ-գինեկոլոգը նոր կյանքի ճիչը լսելու հնարավորությունը հրաշք է համարում

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ Անի Մալխասյանի համար բժշկի ամենակարևոր հատկանիշներից են մարդասիրությունն ու խոհեմությունը, բուժառուի ապրումները կիսելու ունակությունը:

«Բժշկին շատ հատկանիշներ են անհրաժեշտ. արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություն, շարունակական ինքնակատարելագործվելու, ինքնազարգանալու և ինքնակրթվելու ձիրք՝ անկախ փորձից և տարիքից, և,իհարկե, լինել հոգեբան, քանի որ հակասական իրավիճակները պահանջում են մեկ սառնասրտություն և էմոցիաների անջատում, մեկ կարեկցելու»,-նշում է նա։

Բժիշկ դառնալու որոշումը կայացրել է ընտանիքի հետ համատեղ՝  կյանքի կոչելով տատիկի մեծագույն երազանքը:

«Չունեի ընտանեկան ավանդույթի բժիշկ դառնալու ընդունված գործոնը, որն ունեն բժիշկների մեծ մասը։ Բժշկության բնագավառ մտել եմ բացարձակ մեն-մենակ։ Անհամեստ չհնչի, բայց դպրոցում բարձր առաջադիմությամբ և հետաքրքրությամբ ինձ տրվել են բոլոր առարկաները։ Մի փոքր ավելի ձգում էին բնական գիտությունները, մարդու անատոմիան։ Տարիներ անց հասկացել եմ , որ ճիշտ ընտրություն եմ կատարել, երբ լիարժեք գիտակցել ու սեփական մաշկիս վրա եմ զգացել իմ մասնագիտության վեհությունը, անսահման մարդասիրությունը ու ծայրաստիճան լուրջ պատասխանատվության զգացումը, որոնք դժվար թե 16 տարեկան դպրոցականը լիարժեք պատկերացներ ընդունելության քննության դիմումը լրացնելիս»,-անկեղծանում է հերացիականը:

Մանկաբարձ-գինեկոլոգի նեղ մասնագիտությունը ընտրել է դեռևս 3-րդ կուրսում. «Մի շատ հրաշալի օր ինձ բախտ էր վիճակվել ներկա գտնվել կանանց կոնսուլտացիայում՝ հղիների այցերին, գերձայնային հետազոտությամբ նրանց սքրինինգներին, աչքիդ առաջ տեսնում ես 5-6 շաբաթականից մինչև հասուն ժամկետի պտուղների աճը։ Օրվա ավարտն ամփոփվեց բնական ծննդաբերությանը ներկա գտնվելով, աննկարագրելի էմոցիոնալ օր էր, արցունքներ…Հասկացա, որ սա միակ տեղն է, որտեղ կարող եմ մասնակիցը լինել մի հրաշք գործընթացի, որը սկսվում է ոչ պակաս անբացատրելի մի հրաշք գործընթացից՝ բեղմնավորումից, և ավարտվում մեկ այլ հրաշքով՝ նոր կյանքի ծնունդով, քո ձեռքերի մեջ, քո օգնությամբ»։

Անի Մալխասյանը ԵՊԲՀ-ում սկսել է դասավանդել 2016 թվականից, իսկ դասավանդման փորձը ձեռք է բերել 2014թ.-ից՝ կլինիկական օրդինատուրայի տարիներից սկսած. «Լինելով ամբիոնի օրդինատոր՝ արդեն իմ ոչ մեծ մասնակցությունն ունեի դասավանադման պրոցեսներին, քննարկումներին, տեսական նյութերի պատրաստմանը»։

Խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների մասին Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտը նկատում է ՝ հարաբերությունները էլ ավելի ստացված են լինում, երբ ուսանողներն իրենց կողմից են ադեկվատ ռեակցիա և փոխադարձ հարգանք ցուցաբերում՝ արտահայտելով գոհունակության խոսքերով՝ ուշադիր լսելով և ակտիվ հարցադրումներով:

«Կարծում եմ ինչպես շուրջբոլորը ամեն ինչն է արագ փոխվում, այնպես էլ դասախոս-ուսանող հարաբերությունները։ Չենք համեմատի ներկայիս հարաբերությունները անցյալի ավելի խիստ, կտրուկ, կոշտ կարգապահության և խիստ սուբօրդինացիա պահանջող հարաբերությունների հետ։ Ուսանողները ներկայումս ավելի ազատ են, պահանջատեր։ Կյանքում ինձ ամենահոգեհարազատը հետևյալ կարգախոսն է՝ «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզես որ քեզ հետ վարվեն»։ Սրանով առաջնորդվում եմ կյանքի ցանկացած բնագավառում։Ես գրեթե միշտ իմ դասերին հայելու ազդեցությամբ ինքս ինձ եմ պատկերացնում դասախոսությանը նստած որպես ուսանող։ Ինչ կուզեի ես որպես ուսանող։ Կուզեի լսել որակյալ, հետաքրքիր, արդի և չհոգնեցնող նյութ, լսել սպառիչ և ոչ խուսափողական պատասխաններ ցանկացած տրված հարցիս, ինձ հարգեին և վերաբերվեին որպես ապագա գործընկեր՝ չոտնահարելով ուսանողի իրավունքները, միևնույն ժամանակ պահպանելով դասախոս-ուսանող սահմաններ պահանջներ սուբօրդինացիան։  Երբ բոլորս մեր տեղերում ենք թե՛ իրավունքներով, և թե՛ պարտականություններով, ամեն բան հոյակապ է ստացվում»,-հավելում է նա:

Խոսելով նախասիրությունների մասին նշում է. «Հենց այս հարցը տալիս են աչքիս առաջ գալիս է բարձրախոս, ականջակալներ, բեմ, ձայնագրման ստուդիա… Երգելը, նվագելը, ձայնագրվելը ինձ հանում են ամենահոգնած, տխուր, իրավիճակներից։ 36 ժամից ավել չքնած, ծանր հերթապահությունից հետո դա իմ դեռևս միակ փրկությունն է… Եթե չընտրեի բժշկությունը, ապա կընտրեի արվեստը, երգը, երաժշտությունը, դաշնամուրը, բեմը, լույսերը, ծափերը…Սիրում եմ նաև ճանապարհորդությունը, պարը»:

Ամփոփելով իր խոսքը ապագա բժիշկ դառնալու որոշում կայացրած երիտասարդներին խորհուրդ է տալիս լավ մտածել, գիտակցել մի պարզ փաստ՝ բժշկի մասնագիտությունը ապրելաոճ է՝ բարդ, պատասխանատու, անքուն գիշերներ, գերհոգնածություն, սեփական անձիդ մասին շատ հաճախ մոռանալով, պացիենտների խնդիրները քոնը դարձնելով…

«Եթե արդեն ունեն այդ գիտակցումը և բռնելու են այդ ճանապարհը, ուրեմն թող պատրաստ լինեն վայելելու այն բերկրանքը, որը զգալու են ճիշտ ախտորոշելիս, բուժման դրական ընթացքից պացիենտի գոհ փայլուն աչքերը և ժպիտը տեսնելիս, մահվան ճիրաններից մարդուն կյանքի հետ բերելիս, բազմաբեկոր անհույս կոտրվածքներից հետո պացիենտի քայլելը տեսնելիս և, ի վերջո, նոր կյանքի ճիչը լսելիս»,- խոսքը եզրափակում է մասնագետը: