Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Հակոբ Խաչատրյանն այս մասնագիտությունն ընտրած այն երիտասարդներից է, որին մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում գրավել է ինչպես վիրահատական, այնպես էլ պահպանողական բուժման բաղադրիչը:
Նրան ավագ կոլեգաները բնորոշում են որպես խոստումնալից, կրթվելու մեծ ցանկություն ունեցող երիտասարդի:
«Ուսումնառության առաջին փուլը՝ բակալավրիատը, ավարտելուց հետո, երբ պետք էր որոշում կայացնել` թե որ մասնագիտությամբ պետք է շարունակեմ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում ինձ գրավեց մի քանի բան, որոնցից ամենակարևորն էր դրա բազմազանությունը՝ վիրահատություններ, թերապևտիկ` պահպանողական բուժում, ֆիզիոլոգիական պրոցես՝ բնական ճանապարհով ծննդաբերություն», – մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը:
Բացի հիմնական դասագրքերից, ուսումնական նյութից և կլինիկական գործունեությունից, նա մասնակցում է սեմինարների, գիտաժողովների, միջազգային կատարելագործման դասընթացների:
Յուրաքանչյուր նման միջոցառումից հետո ոլորտը նորովի է բացահայտում: Վստահ է, որ ապագայում աշխատանքային առօրյայի մեծ մասը նրա կյանքում զբաղեցնելու են վիրասրահն ու ծնարանը:
Պացիենտների հետ շփման առաձնահատկություններից նա համարում է այն, որ, ի տարբերություն այլ պացիենտների, որոնք ունեն հստակ խնդիր, հատուկ բժշկական միջամտությունների կարիք, հղիների դեպքում այլ իրավիճակ է:
«Այս դեպքում պացիենտը չունի ախտաբանություն․ նա հղի է, բայց,
միևնույն է, բժշկի կողմից պահանջվում է զգոնություն, կախված իրավիճակից՝ արագ որոշումների կայացում և մեծ հոգեբանական աջակցություն, հատկապես՝ այն կանանց, ովքեր առաջին անգամ պետք է ծննդաբերեն», – նկատում է կլինիկական օրդինատորը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ զգացողություններ է ունենում ծննդաբերությանը մասնակցելիս՝ նա նշում է, որ առաջին անգամ ծննդաբերության ականատես եղել է ուսանողական տարիներին.
«Աննկարագրելի զգացողություններ ունեի, մտովի փորձում էի կենտրոնանալ մասնագիտական նրբությունների վրա, սակայն երեխայի լույս աշխարհ գալու գործընթացը էմոցիաներով լի էր, ինչը սկզբում մի փոքր խանգարում էր, իսկ հիմա արդեն դարձել է բնական, ամեն օրվա անբաժանելի մի մասը»:
Որպես դեռևս ոչ մեծ, բայց շատ օգտակար փորձառության կարևոր մաս՝ Հակոբ Խաչատրյանը ձեռքբերում է համարում 2023 թվականին բժշկական բուհում անցկացված «Բեգլարյանական ընթերցանության օրեր»-ի շրջանակում «Մանկաբարձությունը և գինեկոլոգիան՝ երիտասարդ բժիշկների տեսանկյունից» գիտաժողովին իր մասնակցությունը:
Բժիշկների պրոֆեսորադասախոսական կազմի առաջ ելույթ էին ունենում միայն կլինիկական օրդինատորներ, գիտաժողովի վերջում քվեարկության արդյունքում լավագույն զեկույց ճանաչվեց հենց իրենը, և Բեգլարյան ընտանիքի կողմից նա արժանացավ գլխավոր (դրամական) մրցանակի։
Համառ կամքի դրսևորումը, սերն աշխատանքի հանդեպ, պրոֆեսիոնալ և վստահելի թիմում աշխատելը նա բժշկի համար հաջողելու նախապայման է համարում, ինչպես նաև կարևորում է այն, որ հնարավորություն ունի ուսուցանել մի թիմում, որտեղ ավագ սերունդը չի զլանում փորձն ու գիտելիքը փոխանցել կրտսեր գործընկերներին, իսկ սերընդակիցների հետ, ամեն օր, մեկը մյուսին մոտիվացնելով, փորձում են նվաճել նոր բարձունքներ, ինչը հետագա կայացման համար պակաս կարևոր գործոն չէ: