Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մանկաբուժական կրթության հիմնախնդիրները. երեկ, այսօր և վաղը» խորագրով ընդլայնված քննարկում ԵՊԲՀ-ում

«Մանկաբուժական կրթության հիմնախնդիրները. երեկ, այսօր և վաղը» խորագրով ընդլայնված քննարկում ԵՊԲՀ-ում

Մանկաբուժական կրթության հիմնախնդիրներին նվիրված քննարկումն այսօր ԵՊԲՀ-ում էր համախմբել մայրության և մանկության, ինչպես նաև բժշկագիտության այլ ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետներին։ «Մանկաբուժական կրթության հիմնախնդիրները. երեկ, այսօր և վաղը» խորագրով քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան մեր հանրապետությունում մանկաբուժության ներկա վիճակին, մանկական հիվանդությունների տարածվածությանը, մանկաբույժներով և նեղ մասնագետներով հագեցվածությանը Երևանում և մարզերում, աշխարհում մանկաբույժների պահանջարկին, մանկաբուժական կրթության առանձնահատկություններին և աշխարհի տարբեր երկրներում այդ կրթության կազմակերպմանը, շարունակական բժշկական կրթությանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հրավիրված քննարկումը նվիրված է մանկաբուժական կրթության հիմնախնդիրներին։

Ներկայացնելով մանկաբուժական կրթության անցած ճանապարհը և ներկան՝ մասնագետները նպատակ են դրել համատեղ ջանքերով մշակել հետագա զարգացման ուղիները։ Ժողովրդագրական ցուցանիների բարելավումը, մանկության ոլորտի նեղ մասնագետների ավելացումն առաջիկա ծրագրերի հիմքում են լինելու։ Ռեկտորի խոսքով՝ մասնագետների թվի նվազում է նկատվում ոչ միայն այլ զարգացող երկրներում, այլև այնպիսի հզոր երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան և Չինաստանը։ Արմեն Մուրադյանը կարևորեց այն հանգամանքը, որ չնայած մանկաբուժության ոլորտում առաջացած խնդիրներին, անգնահատելի է մեր երկրի մանկաբույժների ավագ սերնդի ներդրումը երեխաների առողջության պահպանման գործում։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ Սերգեյ Սարգսյանը նեկայացրեց Եվրոպայի և ԱՄՆ-ի փորձը։ Նա ընդգծեց, որ երեխաների առողջությունը և առհասարակ առողջությունը բժիշկների և պացիենտների համատեղ «արտադրանքն» է, հետաբար երեխաների դեպքում բժիշկների և ծնողների։ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը մատնանշեց այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ոլորտը բարելավելու համար։ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի թիվ 2 կլինիկայի ղեկավար Նունե Բաղդասարյանն անդրադաձավ մանկաբույժ դառնալու ժամանակակից պահանջներին։ Պրոֆեսորն ընդգծեց, որ երեխաների կյանքն ու առողջությունը խիստ արդիական են։ Մանկաբույժների աշխատանքի գերակշիռ և ամենակարևոր բաղկացուցիչը, հիվանդությունների բուժմանը զուգընթաց, նաև առաջին հերթին տասնյակ կանխարգելման ենթակա հիվանդությունների կանխարգելումն է։ Նունե Բաղդասարյանի գնահատմամբ՝ երեխաների առողջության բարելավումը պետք է դիտարկել որպես ժողովրդի ապագային ուղղված կարևոր գործոն։

Ելույթ ունցավ նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։ Նա նշեց, որ մոր և մանկան առողջության ոլորտը գտնվում է հասարակության և զանգվածային լրատվական միջոցների մշտական ուշադրության կենտրոնում, և հաճախ այս ոլորտին տրվող գնահատականները մասնագիտական չեն։ Մանկաբույժի աշխատանքն առաջին հերթին պահանջում է մեծ պատասխանատվություն և նվիրում, որը ոչ բոլոր են պատրաստ դրսևորել։ Կարինե Սարիբեկյանը ևս համակարծիք էր այն հարցում, որ մանկաբույժի մասնագիտությունը ապագա բժշկին գրավիչ դարձնելուն ուղղված քայլեր պետք է իրականացվեն։ Անդրադարձ կատարվեց նաև ընտանեկան բժշկության և մանկաբուժության ընդհանրություններին։ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ներկայացնելով սեփական փորձը, նշեց, որ ընտանեկան բժիշկներն  աշխատում են մանկական հասակի երեխաների հետ առողջության պահպանման առաջնային օղակում, իսկ ավելի  լուրջ խնդիրների դեպքում համատեղ աշխատում են մանկաբույժների հետ: 

Ելույթ ունցավ նաև զարգացման գծով ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանը, ով խոսեց ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխություններ իրականացնելու հնարավորությունների մասին։ Իրենց տեսակետները ներկայացրին հանրապետության առաջատար այլ մասնագետներ, ովքոր կարևորեցին այս թեմայով քննարկման անցկացումը։ Ամփոփելով երկու ժամ տևողությամբ արտադրական քննարկումը՝ Արմեն Մուրադյանն առաջարկեց հնչած տեակետները և քննարկման արդյունքներն առավել հանգամանալից ներկայացնել հունիսի 1-ին ԵՊԲՀ-ում կայանալիք համաժողովի ընթացքում։