Կայացավ պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդագիտության 2-րդ սիմպոզիումը՝ «Մանկական նյարդավիրաբուժություն» խորագրով։
Հոկտեմբերի 6-7-ն առցանց ձևաչափով անցկացվող միջոցառման թիրախային լսարանն էին նյարդավիրաբույժները, նյարդաբանները, անեսթեզիոլոգները և վերակենդանացման մասնագետները, նյարդաֆիզիոլոգները, նեոնատոլոգները, մանկաբույժները, ուռուցքաբանները, ռեաբիլիտոլոգները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը։ Սիմպոզիումի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։
«Սա մեր երկրորդ սիմպոզիումն է՝ նվիրված նյարդագիտության պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի հիշատակին։ Նշանակալի են նրա արժանիքները Հայաստանի և Միացյալ Նահանգների առողջապահության զարգացման ոլորտում», – ընդգծեց պրոֆեսոր Բաբլոյանը։
Հայաստանից քննարկումը համակարգում էր ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը։ «Մեծ պատիվ է մասնակցել իմ ուսուցիչ Էդգար Հովսեփյանի անվան 2-րդ սիմպոզիումին՝ նվիրված մանկական նյարդավիրաբուժությանը։ Անգնահատելի է Էդգար Հովսեփյանի ավանդը բժշկագիտության, մասնավորապես՝ նյարդավիրաբուժության մեջ․ նա թողել է մեծ ժառանգություն հայկական և միջազգային բժշկագիտության բնագավառում՝ նպաստելով առողջապահության ընդհանուր մակարդակի բարձրացմանը», – նշեց համալսարանական մասնագետը՝ վստահեցնելով, որ համաժողովը կձգտի վեր հանել միջազգային փորձը և գործընկերային հարաբերությունների ու բարեկամության հիմք ստեղծել։
Ռուբեն Ֆանարջյանի խոսքով՝ սիմպոզիումի նպատակն է քննարկել մանկական նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները, ինչպես նաև երիտասարդ մասնագետների գիտելիքների բարելավմանն ուղղված կրթական ծրագրերը, միավորել Հայաստանի Հանրապետության և աշխարհի մասնագետների ձեռքբերումները, ամրապնդել կապերը, այս ոլորտում նորարարություններին ծանոթանալու հնարավորություն տալ։
Պրոֆեսորը ներկայացրեց նյարդավիրաբուժական ծառայության առաջընթացը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրում գործում է 12 նյարդավիրաբուժական կլինիկա, որոնցից 3-ը՝ մանկական։ «Բարձրաձայնելով ժամանակակից նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրները՝ համագումարը կընդգծի համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ կանխելով աշխարհում և մեր տարածաշրջանում մարտահրավերների թյուրըմբռնումը», – շեշտեց Ռուբեն Ֆանարջյանը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
Միացյալ Նահանգներից սիմպոզիումի մոդերատոր, Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկայի Սենթ Ջոնի Փրովիդենս առողջության կենտրոնի Խաղաղօվկիանոսյան նյարդաբանության ինստիտուտի նյարդավիրաբուժության և նյարդաբանության դոցենտ Գառնի Բարխուդարյանը նշեց, որ հպարտ է մասնակցել նմանատիպ միջոցառման կազմակերպմանը, որին ներկայացված են մի շարք առաջատար համալսարանների անվանի մասնագետներ։
«Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մենք սատարում ենք արցախցի մեր հայրենակիցներին։ Այսօրինակ համաժողովները հենց այս մարտահրավերներին զուգահեռ ցույց են տալիս մեր՝ որպես գլոբալ համայնք, առողջապահությունն առաջ մղելու անսասան առաքելությունը», – շեշտեց ամերիկահայ մասնագետը։
Բացման խոսքին հաջորդեց մանկական նյարդավիրաբուժական հիվանդությունների վերաբերյալ քննարկումը։ ԱՄՆ Սթոնի Բրուքի համալսարանի Ռենեսանս բժշկության դպրոցի պրոֆեսոր Դեյվիդ Չեսլերն անդրադարձավ կրաինոսինոստոիս հիվանդությանը և Առնոլդ -Կիարիի մալֆորմացիային։ Նրա խոսքով՝ կրաինոստոիս հիվանդության դեպքում գանգի անոմալ աճ է առաջանում։ «Անհրաժեշտ է նախ հասկանալ՝ ինչպիսին պետք է լինի գանգի նորմալ աճը։ Մարդու գանգն ամենից արագ աճում է 6-9 ամսվա ընթացքում, այստեղ գործում են ներքին և արտաքին ուժեր», – նշեց Դեյվիդ Չեսլերը՝ հանգամանալից ներկայացնելով հիվանդության առաջացման պատճառները, դրա զանազան դրսևորումները։
Սթոնի Բրուքի համալսարանի մանկական կրիտիկական խնամքի բաժանմունքի ղեկավար, մանկաբուժության պրոֆեսոր Քեթրին Բիագասն անդրադարձավ մանկական նյարդավիրաբուժությունում հետվիրահատական վարման առանձնահատկություններին։
Երրորդ փորոքի էնդոսկոպիկ վենտրիկուլոստոմիան եւ մանկական հիդրոցեֆալիայի վարումը քննարկվեց ԱՄՆ Լոմա Լինդա համալսարանի մասնագետ Տանյա Մինասյանի զեկույցի շրջանակում, իսկ Ռոսվելի Ուելսթար Հյուսիսային Ֆուլթոն հիվանդանոցի մասնագետ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց երեխաների եւ մեծահասակների մոտ գլխուղեղի քրոնիկ իշեմիայի վիրաբուժական բուժման արդյունավետ մեթոդները։
Երկօրյա սիմպոզիումի ընթացքում քննարկվեցին նաև մանկական ֆունկցիոնալ եւ վերականգնողական նյարդավիրաբուժությունը, մանկական նյարդավիրաբուժական միջամտությունների ժամանակ արյան եւ հեղուկների ծավալի կառավարումը, ողնաշարի դիսրաֆիզմները և շատ այլ արդի թեմաներ։