Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի երիտասարդ առաջամարտիկ Ռուզաննա Պապյանը

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի երիտասարդ առաջամարտիկ Ռուզաննա Պապյանը

Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում են բժիշկները, որոնք մասնագիտական կարևոր աշխատանք են իրականացնում` ապաքինելով բուժառուներին և վերականգնելով նրանց առողջությունը: 

Ռուզաննա Պապյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տանիքի ներքո` Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: 

«Երբ հերթը գալիս է մասնագիտական ընտրությանը, գուցե դա կյանքում ամենաբարդ որոշումներից է։ Բժշկական ոլորտում մասնագիտություն ընտրելիս պետք է գնահատել ոչ միայն սեփական խելքը, կարողությունները, այլև հոգեկան ամրությունը, հավասարակշռությունը, նաև որոշ իրավիճակներում սթափ դատելու կարողությունը, որը պարզապես անհրաժեշտ է մանկական ուռուցքաբան լինելու համար»,- պատմում է Ռուզաննան, որը վստահ է, որ մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվել սիրով, բացի այդ, կարևոր է լինել պատասխանատու, աշխատասեր և մեծ ձգտում ունենալ դեպի գիտությունը: 

Ի սկզբանե ուռուցքաբանություն մասնագիտությամբ օրդինատուրա ընդունվելիս դեռ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում չէր մտածում, որ մանկական բնագավառը կընտրի։ Ընթացքում հասկացել է,  որ երեխաների հետ աշխատանքն  իր հոգուն ավելի հարազատ է։ 

«Առավոտյան աշխատանքի գալիս բաժանմունքի խաղասենյակում տեսնում էի փոքրիկ պացիենտներին, որոնք հիվանդանոցում ստանում էին քիմիաթերապիա, բայց միևնույն ժամանակ ժպտում էին, խաղում ու պայքարում՝ ապրելով: Մենք՝ մեծահասակներս, շատ բան ունենք երեխաներից սովորելու։ Իմ որոշման մեջ մեծագույն ազդեցությունը թողել է բժիշկ Գևորգ Թամամյանը, որն իմ օրդինատուրայի սկզբից սովորեցրել է ոչ միայն սիրել մանկական ուռուցքաբանություն մասնագիտությունը, այլև գիտությունը և հետազոտությունները։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում իմ ուսուցիչների շնորհիվ սովորեցի նաև թիմային աշխատանք կատարել, առանց որի հնարավոր չէ հասնել հաջողության բժշկության որևէ բնագավառում»,- մասնագիտական ճանապարհի մեկնակետը ներկայացնելիս նշում է ուռուցքաբանը: 

Հպարտ է, որ աշխատում է մանկական քաղցկեղի դեմ ամենօրյա պայքար մղող մեծ թիմում, որի մի մասնիկն է: Նրանց բժշկական թիմի մեծագույն նպատակը երեխաների համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելն է և միևնույն բուժումն ապահովելը, ինչը և իրականացվում է աշխարհի զարգացած կլինիկաներում։

Կարծում է, որ, չնայած առկա խնդիրներին, իրենք մոտ են այդ նպատակին հասնելուն։ 

Ինչպես գիտեք, Հայաստանում գործող մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բոլոր բաժանմունքները 2019 թվականին միավորվեցին Արյունաբանական կենտրոնում, ստեղծվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որն էլ ավելի նպաստեց մանկական ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը։ 

Պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին խոսելիս երիտասարդ մասնագետը նկատում է` երեխաների հետ աշխատանքի ամենաբարդ փուլը բուժման սկզբում է,  երբ նրանց համար սովորական առօրյան փոխվում է։ Փոխվում է միջավայրը, շրջապատող մարդիկ, հարազատների հետ տեսակցությունները հասցվում են նվազագույնի: 

«Մեր անփոխարինելի հոգեսոցիալ թիմի շնորհիվ այդ անցումը երեխաների համար դառնում է հարթ։ Բացի այդ, երեխաներն ունեն յուրահատուկ կարողություն՝ արագ ադապտացվելու։ Շատ դեպքերում ընդամենը մի քանի ժամ է պահանջվում, և արդեն կարող եք տեսնել նրանց բաժանմունքում խաղալիս», – կլինիկական պրակտիկայից մեջբերում է անում Ռուզաննան: 

Նրա գնահատմամբ` երեխաների հետ աշխատանքը հաճելի է և մեծ նվիրում է պահանջում, բայց միևնույն ժամանակ, երբ խոսքը գնում է այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին քացկեղն է, շատ պարտավորեցնող է։ 

Օրդինատուրայի ընթացքում  նա ընդունվել է Հարվարդի բժշկական դպրոց, մասնակցել Քաղցկեղի հետազոտությունների հետդիպլոմային մեկամյա ծրագրին։ Ծրագիրը մշակվել էր Հարվարդի բժշկական դպրոցի կողմից և նպատակաուղղված էր մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Այդ ծրագրին մասնակցությունը բացառիկ հնարավորություն ընձեռեց ուսանել քաղցկեղի ծագումնաբանությունը, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները։ Բժիշկ Պապյանը կարծում է, որ շարունակական կրթությունը և փորձի փոխանակումը գիտության զարգացման կարևոր նախադրյալ են։ 

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատաստումներ են անցնում արտերկում, մասնակցում տարբեր գիտական համաժողովների և համագումարների` ներկայացնելով թեզիսներ։  

2019թ․-ից Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում հիմնադրվել է չորս աշխատանքային խումբ, որոնցից մեկը՝ ոսկրամկանային ուռուցքների մուլտիդիսցիպլինար աշխատանքային խումբը, հենց Ռուզաննան է ղեկավարում։ Այս խմբի աշխատանքների շրջանակում ոսկրամկանային ուռուցքների բոլոր դեպքերը քննարկվում են արտերկրի լավագույն փորձագետների հետ։

2019թ․-ից Ռուզաննան աշխատում է նաև ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնում։ Ամբիոնի հիմնադրման հենց առաջին տարում բժիշկներին միացան «մանկական ուռուցքաբան-արյունաբան» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ, որոնց օգնությունը և դերը կլինիկական աշխատանքներում անգնահատելի է։

Ներկայումս Ռուզաննան աշխատում է  նաև Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտում՝ որպես բժիշկ-հետազոտող.

«Ինչպես արդեն նշել եմ կլինիկական և գիտական աշխատանքները սերտ փոխկապակցված են։ Կարծում եմ՝ մեր երկիրը պետք է ունենա ավելի մեծ ներգրավվածություն քաղցկեղի հետազոտություններում, որը և կնպաստի Հայաստանում քաղցկեղի բուժման բարելավմանը։ 2022թ․ սեպտեմբերից, որպես այցելու բժիշկ, երկարաժամկետ վերապատրաստում եմ անցնում Ավստրիայի Վիեննա քաղաքում գտնվող Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցում և կից համանուն հետազոտական կենտրոնում։ Կարծում եմ՝ սա բացառիկ հնարավորություն է փորձի փոխանակման և հետագա շարունակական համագործակցության համար»: 

Զուգահեռ նաև թեկնածուական ատենախոսական աշխատանքն է գրում, որի նպատակն է պարզել երեխաների և երիտասարդների շրջանում ոսկրամկանային սարկոմաների տարածվածությունը, կենսաբանական առանձնահատկությունները, ախտորոշման և բուժման մոտեցումներն ու առկա սահմանափակումները մեր երկրում և ստացված արդյունքների հիման վրա մշակել ու ներկայացնել երեխաների շրջանում ոսկրամկանային սարկոմաների ախտորոշման և բուժման բարելավման ազգային ծրագիր: