Բժշկական համալսարանում անցկացվեց Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որի ակտիվ մասնակիցներն էին ուսանողները։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ տարեկան աշխարհում գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 400 հազար դեպք։ «Հայաստանի մասնաբաժինը կազմում է 80-100 դեպք։ Մեր երկրում ունենք 75% ապրելիության ցուցանիշ, որը մոտենում է զարգացած երկրների ապրելիության ցուցանիշին։ Եթե համեմատենք համաշխարհային միջին ցուցանիշի հետ, որը կազմում է 60%, ապա մենք միջինից 15%-ով բարձր թիվ ունենք։ Սա բավականին հուսադրող է, բայց այն 25%-ը կազմող յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի լույսն է, և դա առիթ է տալիս նորից խոսելու և համատեղ փորձելու գտնել լուծումներ», – շեշտեց նա:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների կողմից քննարկմանը ներկայացվեց 4 զեկույց մանկական քաղցկեղի առավել տարածված տեսակների վերաբերյալ։
Սոնա Մելիքբեկյանն անդրադարձավ մանկական քաղցկեղի ընդհանուր իրավիճակին՝ կենտրոնանալով մի քանի երկրների փորձի վրա։ «Մանկական ուռուցքաբանությունը՝ որպես բժշկական պրակտիկայի առանձին ոլորտ, գոյություն ունի մոտավորապես 40 տարի, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ հաջողություններ գրանցել բուժման, էթիոպաթոգենեզի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների հարցերում», – հայտնեց ապագա բժիշկը` իր զեկույցի ընթացքում ներկայացնելով մանկական քաղցկեղի կապը բնածին արատների հետ, մանկական քաղցկեղին բնորոշ առանձնահատկությունները, հարաբերակցությունն ըստ սեռի, տարիքի և տարածաշրջանների։
Մերի Ղազարյանը խոսեց լեյկեմիայի և դրա տեսակների մասին։ Անդրադառնալով այս առնչությամբ էթնիկ և ռասայական տարբերություններին՝ նա մեջբերեց միջազգային տարբեր հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն՝ սպիտակամորթների մոտ ավելի շատ են հանդիպում միելոիդ ուռուցքները, քան սևամորթների մոտ։
Մոնիկա Ավալյանի զեկույցը վերաբերում էր նեյրոբլաստոմային։ Ուսանողուհին մատնանշեց դրա տարածվածության ցուցանիշները։ «Նեյրոբլաստոմային բաժին է ընկնում բոլոր մանկական քաղցկեղների 10%-ը, իսկ նեյրոբլաստոմաների 90%-ը՝ մինչև 5 տարեկան երեխաներին», – հայտնեց Մոնիկա Ավալյանը՝ անդրադառնալով նաև հիվանդության սեռական հարաբերակցությանը, ախտորոշման տարիքին, ռիսկի գործոններին, նեյրոբլաստոմային բնորոշ կլինիկական նշաններին, ախտորոշման մեթոդներին, կանխատեսման վրա ազդող գործոններին և կանխարգելման միջոցներին։
Հերմինե Սայիյանը ներկայացրեց «Հոջկինի լիմֆոմա» թեմայով զեկույցը, որի ընթացքում խոսեց հիվանդության համաճարակաբանության մասին՝ շեշտելով, որ այն հանդիպում է հիմնականում արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ տարածաշրջանային առումով՝ Հյուսիսային և Հարավային Եվրոպայում։ Ապագա բժիշկն անդրադարձավ Հոջկինի լիմֆոմայի դասակարգմանը՝ ըստ տեսակների, կլինիկական ախտանշաններին, ախտորոշմանը և բուժմանը։
Հագեցած ելույթներն ուղեկցվեցին հարցուպատասխանով և ինտերակտիվ մասնագիտական քննարկմամբ։
Ամփոփելով հանդիպումը՝ Մերի Տեր-Ստեփանյանն արձանագրեց, որ քննարկումը շատ արդյունավետ և հուսադրող էր դրական ելքերի գերակշիռ լինելու առումով։
«Մանկական քաղցկեղը բոլորիս համար ամենազգայուն թեման է բժշկագիտության մեջ», – հավելեց մասնագետը։