Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկավարժությունը` կյանքի առաքելություն

Մանկավարժությունը` կյանքի առաքելություն

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բնագիտական առարկաների ամբիոնի քիմիայի ուսուցիչ Սոնյա Սիմոնյանը երբեք չի երազել մանկավարժ դառնալ, սակայն այս դեպքում հաճախ գործում է չգրված այն կանոնը, որ մանկավարժ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

Դպրոցն ավարտելիս Սոնյա Սիմոնյանը երազում էր գիտնական դառնալու մասին։ Այդ պատճառով ընտրեց կենսաքիմիկոսի մասնագիտությունը:

«Այդ պահին` ինձ համար ամենահետաքրքիրն ու խորհրդավորը։ Կարծում եմ` հիմա նույնպես։ Դպրոցում հայտնվեցի, կարելի է ասել, պատահաբար։ Իմ դպրոցի տնօրենը խնդրեց դասավանդել գոնե 2 տարի, դպրոցին լավ ուսուցիչ էր պետք։ Նրա կարծիքով` ես կարող էի։ Որոշեցի փորձել, չնայած` այդ պահին աշխատում էի գիտահետազոտական ինստիտուտում», – պատմում է «Հերացի» ավագ դպրոցի  քիմիայի ուսուցիչ, բնագիտական թիվ 2 մեթոդմիավորման ղեկավար, աշակերտների ու ծնողների սերն ու հարգանքը վայելող մանկավարժը:

Հանրակրթական ուսումնական հաստատություն աշխատանքի տեղափոխվելով`  հասկացել է, որ դա իր առաքելությունն է: Կրթական համակարգում է մի ամբողջ կյանք` 39 տարի.

«Պատճառը մեկն է․ անսահման սիրում եմ իմ սաներին, սիրում եմ նրանց քիմիայի հրաշքներով լի աշխարհն ուղեկցելու գործընթացը»:

Հարցին, թե արդյո՞ք սիրո և խստության համադրությամբ է բանաձևում իր գործունեությունը` տիկին Սիմոնյանը խմբագրում է. «Սեր և հետևողականություն, խստության կարիք չկա»։

Իր օրինակով փաստում է, որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում։

«Դա անսահման ու անշահախնդիր սեր է, մեծ պատասխանատվություն երեխաների ու նրանց կրթության, նրանց ապագայի նկատմամբ։ Երեխաներին բոցավառելու համար ուսուցիչն ինքը պետք է վառվի, լույս ճառագի, սա է միակ ճշմարտությունը», – ասում է համալսարանականը:

Նրա դերը դպրոցի գործունեության մեջ շատ գործընկերների նման կարևորվում է նաև նրանով, որ նրա ղեկավարությամբ դպրոցի աշակերտները պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի, այլ դպրոցական առարկայական, միջազգային օլիմպիադաների մասնակիցն ու հաղթողն են, ինչը վկայում է այն մասին, որ սաներին փոխանցված գիտելիքները ծառայում են նպատակին ու բարձր պահում դպրոցի համբավը հանրապետությունում և հայրենիքի սահմաններից դուրս:

Օլիմպիականների հետ աշխատելու բանաձևը, «Հերացի» ավագ դպրոցի ուսուցչի գնահատմամբ, նույնն է՝ թևեր տալ երեխաներին, սովորեցնել չվախենալ, հավատալ սեփական ուժերին ու նորից անսահման սեր փոխանցել։

Խոսքն ուղղելով ապագա ուսուցիչներին` մասնագիտական շտեմարանների համահեղինակն ու միջազգային համաժողովների մասնակիցն ընդգծում է, որ ուսուցչի ուղին ընտրելն ամենավեհ ու ամենաշնորհակալ կոչումն է, իսկ գիտնական դառնալու իր երազանքը ոչ թե չիրականացավ, այլ բազմապատկված իրականացավ գիտնական դարձած իր սաների տեսքով։

Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը», որին ընդառաջ ավելի շատ է ընդգծվում իրական մանկավարժի գործը գնահատելու անհրաժեշտությունը:

ԵՊԲՀ տանիքի ներքո գործող «Հերացի» ավագ դպրոցի 5 տասնյակից ավելի մանկավարժներից բաղկացած մեծ կոլեկտիվը սերունդներ կրթելու անչափ պատասխանատու գործում ջանք, եռանդ ու նոր մտահղացումներ չի խնայում: