ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանություն և օրթոպեդիա ամբիոնի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Պապին Գուլանյանի համար մարդկանց օգնելու հնարավորությունը շարժառիթ է եղել բժշկի բարդ ու պատասխանատու ուղին ընտրելու համար:
«Թեև ինձ հետաքրքրում էր սպորտը, տատանվել եմ որոշ մասնագիտությունների մեջ, սակայն բժիշկ դառնալը եղավ իմ վերջնական ընտրությունը։ Նեղ մասնագիտությամբ վնասվածքաբան եմ: Երկար ժամանակ չքայլելուց հետո, երբ մարդը ոտքի է կանգնում, իրեն բուժող բժշկին դրական հույզեր է հաղորդում»,-նշում է նա:
Ապագա վնասվածքաբանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բժիշկը լինի արդարացի, ինքն իր առաջ պարզ, նվիրված մասնագիտությանը:
Կլինիկական օրդինատորը պատերազմի ժամանակ եղել է սպիտակ բանակի շարքում՝ ամուր թիկունք դարձել հայրենիքի պաշտպանների համար. «Գորիսի բժշկական կենտրոնում կատարել եմ վիրահատություններ, վիրակապություններ, որից հետո վիրավորներին տեղափոխել ենք վերջնական բուժման։ Վնասվածքաբանը թեև նեղ մասնագիտությամբ ամեն օր կյանքի ու մահվան հետ չի առնչվում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ փոխվում է: Տեսնում ես քո տարիքի վիրավոր, անգիտակից տղաների և մտածում, որ յուրաքանչյուրի տեղը կարող էր լինի քո ընկերը, հարազատը: Ու գիտես՝ պետք է անես ամեն ինչ, ինչ կարող ես և մի բան էլ ավելի»։
Կլինիկական օրդինատորը նշում է, որ կյանքը շատ կարճ է, ուստի պետք է ցանկացած պահ օգտագործել, որպեսզի հետո չարածի համար չափսոսալ:
Պապին Գուլանյանը սիրում է զբաղվել սպորտով, հետաքրքրվել գիտական ֆանտաստիկայով։