Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարդու անատոմիայի թանգարանի դռները բաց են բոլոր հետաքրքրվողների համար. Ֆոտոռեպորտաժ

Մարդու անատոմիայի թանգարանի դռները բաց են բոլոր հետաքրքրվողների համար. Ֆոտոռեպորտաժ

Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով,  ապա  լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ  անատոմիական մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան:  

Տեսակով և ցուցադրվող նմուշներով հանրապետությունում  եզակի այս թանգարանը, գործում է Նորմալ անատոմիայի ամբիոնին կից: Այն 1926 թվականին հիմնադրել է հենց պրոֆեսոր Վահան Արծրունին, ով հայերենով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր, նորմալ անատոմիայի հայալեզու առաջին դասագրքի հեղինակը: Այցելուների համար հայ բժշկագիտության նվիրյալի մասնագիտական գործունեությանը նվիրված հատուկ անկյուն է ներկայացված թանգարանում: Այստեղ նաև բժշկագիտության նահապետի կիսանդրին է կանգնեցված:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանն անգիր գիտի բոլոր ցուցանմուշների տեղն ու դասավորությունը: Նրա անմիջական հսկողությամբ է աշխատակիցների կողմից պահպանվում, խնամվում և թարմացվում  յուրաքանչյուր նմուշ:  Ամբիոնի սրտում տեղակայված իր չափերով ոչ շատ մեծ, բայց հարուստ այս թանգարանում այցելուների համար ներկայացված են բացառիկ ցուցանշումներ, որոնք գրավում են թե մեծ, թե փոքր  այցելուներին, թե անհատների և թե խմբերի: Թանգարանի հավաքածուն գոյության պատմության մեջ երկու անգամ վերականգնվել է:

Անատոմիական թանգարանով հետաքրքրվողները ոչ միայն մայրաքաղաքից, այլև այդ թվում հեռավոր մարզերից են գալիս բժշկական համալսարան, հատկապես տարվա տաք ամիսներին: Եվ դա պատահական չէ, քանի որ ամբիոնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանց հետաքրքիր էքսկուրս է սպասում:

Այստեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգանները, չափահաս մարդկանց և նորածինների կմախքները, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկները: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում դասախոսության նյութը: Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ:

Անատոմիական թանգարանի նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը, Քեչեկի և Թամանյանի ուղեղը:

Կարինե Բարոյանը պատմում է, որ թանգարանի ամենահիշարժան ցուցանմուշներից է Սևանի ավազանի պեղումների ժամանակ հայտնաբերված արքայադստեր կմախքը, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:

Առանձին պահարանում ցուցադրված են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամներ ունեցող ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները:

Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչն ընդգծում է, որ  այս բոլոր ցուցանմուշներն ապահովում են որակյալ դասավանդում, այդ թվում հանդիսանում են անատոմիական գիտելիքների հարստացման միջոց՝ այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար:

Սովորողների ու ապագա դիմորդների ուշադրությունը գրավող այս առարկան՝ անատոմիան, տիկին Բարոյանի գնահատմամբ՝ պահանջում է ոչ միայն  առանձնակի նվիրում մասնագիտությանը, այլև մարդկային բարձր հատկանիշներ, գերկարգապահություն: Նրա տեղեկացմամբ, շատերն են դիմում ամբիոնական աշխատանքի համար, բայց քչերին է հաջողվում համապատասխանել բոլոր չափանիշներին և դառնալ գիտության այս հետաքրքիր ճյուղին նվիրված լավ մասնագետ:

 

Թանգարան այցելեցին Տաթևիկ Գրիգորյանը և Կարեն Սերոբյանը