Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում, ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում տվեցին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք, դիվանագետներ, մշակութային-հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող հերոս տղաները:
Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ պատմական «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի բակում:
ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը կարմիր դիպլոմով են ավարտել բուհը, 24-ը ռազմական բժիշկներ են:
«Արդեն բարի ավանդույթի համաձայն մենք հավաքվում ենք այս պատմական, վեհաչունչ վայրում, սրբավայրում, որը խորհրդանշում է մեր բժշության արմատները, մեր անցած ճանաապարհը, մեր բժշկապետերի ողջ կենսագրությունը, ուր կերտվել ու թրծվել է հայկական բժշկությունը»,- ազդարերելով Գիտական խորհրդի նիստի բացումը՝ նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ռեկտորի խոսքով՝ րոպեներ անց շրջանավարտները բժշկի դիպլոմ կստանան և խոստում կտան ոչ թե զուտ կատարել բժշկի աշխատանք, այլ լինել բժիշկ, իսկ դա նշանակում է անձնուրաց աշխատանք, ծառայություն համամարդկային արժեքներին, հանուն այլոց առողջության:
Յուրաքանչյուր հասարակության մեջ մտավորականության ողնաշարը բժիշկներն են: Նա ընդգծեց, որ լինել մտավորական-բժիշկ նշանակում է անել ավելին, քան պարտավոր ես և ստանալ ավելի քիչ, քան իրավունք ունես:
Ավարտական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր համալսարանի վերջին ուսումնական տարում գրանցած մի շարք հաջողությունների, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ստեղծման ու կայացման պատմության, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մխիթար Հերացու մասին, որի ծննդյան 900-ամյա հոբելյանն է այս տարի, և որի անունն է հպարտորեն կրում բժշկական համալսարանն արդեն մի քանի տասնամյակ:
Շրջանավարտներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեսաուղերձով նորաթուխ բժիշկներին ողջունեց նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը: Նա շնորհավորեց այն ամենալավ մասնագիտությունն ունեցողներին, ում ջանքերի շնորհիվ մարդիկ դադարում են հիվանդ լինել: «Վերջին շրջանում առողջական բավականին լուրջ խնդիր ունեցա, և լիարժեք կազդուրման հարցում ինձ օգնեցին բժիշկները՝ իրենց նշանակումներով ու կատարած վիրահատություններով։ Եվս մեկ անգամ գիտակցեցի՝ ինչու է ձեր մասնագիտությունն աշխարհի ամենալավ մասնագիտությունը։ Շնորհավորում եմ ձեզ ուսումը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։ Բարի ընթացք ձեզ ձեր առաքինի գործում՝ ի սպաս ինձ նման այլ մարդկանց ևս, ովքեր ձեր շնորհիվ դադարում են հիվանդ լինել»,- ասել է Ազնավուրը: Հայ և օտարերկրացի շրջանավարտներն ընթերցեցին Հիպոկրատի երդումը և ստացան իրենց ավարտական դիպլոմները։ Խորհրդանշական է, որ անվանական կրթաթոշակառուներին ավարտական դիպլոմներ հանձնեց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ, ԵՊԲՀ շրջանավարտ Վահան Արծրունին, ով մեծանուն բժշկապետ Վահան Արծրունու ծոռն է: Գաղտնիք չէ, որ Վահան Արծրունու անունը ոսկե տառերով է գրված ինչպես հայ բժշկագիտության, այնպես էլ բժշկական համալսարանի պատմության մեջ:
Ռազմական բժիշկներին վերականգնողական բուժում ստացող զինծառայողների ուղեկցությամբ դիպլոմներ հանձնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին դիմպլոմներ հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Դիպլոմներ ստացողներին ողջունեց նաև ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը: Մասնագիտական գործունեության ընթացքում շուրջ 45 հազար վիրահատություններ կատարած բժիշկը շեշտեց, որ սպիտակ համազգեստը և դիպլոմը բավարար չեն կոչմանն արժանանալու համար, նա կոչ արեց ավարտողներին երբեք չդավաճանել մարդկային ամենաբարձր հատկանիշները:
Երեկոն ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա առանձնահատուկ շնորհավորեց ԵՊԲՀ-ին նման միջոցառման կազմակերպման համար:
«Բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր: Բժշկական համալսարանն այն եզակի բուհն է, որ չունի նման խնդիր, և մենք պետք է արձանագրենք, թե ինչու: Խորհրդային տարիներից միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի, և ուրախալի է, որ երրորդ հանրապետության տարիներին այս ավանդույթը պահպանվել է, նոր փուլ է մտել »,- ընդգծեց վարչապետը:
Նա հավելեց, որ բուհի այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի ու առաջ մղի մեր կրթությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հարցերին ստեղծագործաբար մոտենալու կարողությունը:
Վարչապետը համոզմուքն հայտնեց, որ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտությունն ընտրում են ոչ թե մաթեմատիկական հաշվարկներով, այլ առաքելության խորը գիտակցությամբ:
«Իմ ընկալմամբ մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է»,- հավելեց նա՝ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր շրջանավարտ, ստանալով իր դիպլոմը, եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը փոխելու ձգտում է ունենալու:
«Ի վերջո մարդուն երջանկություն պատճառելը, առողջություն պարգևելը ամենամեծ մարդկային առաքելությունն է: Եվ ես հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին՝ ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ էլ վայելքները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ բժշկական մայր բուհը շուրջ մեկ դար (հիմնադրվել է 1920 թվականին) ապահովում է մեր բնակչության, ժողովրդի առողջությունը: Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որտեղ բժշկական կրթություն են ստանում 8000 սովորողներ: Յուրաքանչյուր 4-րդ ուսանող արտերկրից է: Ի տարբերություն նախորդ տարիներին 2018 թվականին բուհում գրանցվել է օտարերկրացի ուսանողների ամենաբարձր թիվը: Այսօր ԵՊԲՀ-ում սովորում է 1800 օտարերկրացի, որից 10 տոկոսը կլինիկական օրդինատորներ են: ԵՊԲՀ միայն 500 շրջանավարտներ աշխատում են Կալիֆորնիայում, 2000-ից ավելին՝ Հնդկաստանում:
ԵՊԲՀ-ն ունի 3200 աշխատակից: Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական այս հզոր ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։ Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։