Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարտի 24-ը` տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օր

Մարտի 24-ը` տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օր

2024 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման «Այո՛, մենք կարող ենք վերջ դնել տուբերկուլյոզին» – հույս է հայտնում, որ տուբերկուլյոզի համաճարակի դեմ պայքարը հնարավոր է բարձր մակարդակի ղեկավարության, ներդրումների ավելացման և ԱՀԿ-ի նոր առաջարկությունների ավելի արագ ներդրման շնորհիվ: 2023 թվականին ՄԱԿ-ի բարձրաստիճան հանդիպմանը պետությունների ղեկավարների ստանձնած պարտավորությունների համաձայն՝ անհրաժեշտ է արագացնել առաջընթացը տուբերկուլյոզի դեմ պայքարում` այս տարի շեշտը դնելով այդ պարտավորություններն իրական գործողությունների վերածելու վրա։

Ներկայացնենք որոշ փաստեր՝

  • 2022 թվականին տուբերկուլյոզից մահացել է ընդհանուր առմամբ 1,3 միլիոն մարդ (ներառյալ ՄԻԱՎ-ով հիվանդ 167,000 մարդ): Ամբողջ աշխարհում տուբերկուլյոզը COVID-19-ից հետո մահվան երկրորդ հիմնական վարակիչ պատճառն է (առաջ անցնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից):
  • 2022 թվականին ամբողջ աշխարհում տուբերկուլյոզով հիվանդացել է 10,6 միլիոն մարդ, այդ թվում՝ 5,8 միլիոն տղամարդ, 3,5 միլիոն կին և 1,3 միլիոն երեխա:
  • Տուբերկուլյոզը տարածված է ամենուր, խոցելի են բոլոր տարիքային խմբերը:
  • Տուբերկուլյոզը բուժելի է և կանխարգելելի:
  • Բազմադեղակայուն տուբերկուլյոզը (MDR-TB) շարունակում է մնալ հանրային առողջության ճգնաժամ և սպառնալիք առողջապահության անվտանգության համար: 2022 թվականին դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդ յուրաքանչյուր 5-ից միայն 2-ն է բուժում ստացել:
  • 2000 թվականից ի վեր տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ ջանքերի շնորհիվ փրկվել է 75 միլիոն կյանք:
  • Տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի համար տարեկան պահանջվում է 13 միլիարդ ԱՄՆ դոլար:
  • Մինչև 2030 թվականը տուբերկուլյոզի համաճարակի դադարեցումը Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման համար սահմանված առողջապահական խնդիրների շարքում է:

Այս հիվանդության ռիսկն ավելի բարձր է հետևյալ դեպքերում.

  • շաքարային դիաբետ
  • իմունոդեֆիցիտ (օրինակ ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ)
  • թերսնուցում, հյուծվածությունը,
  • ծխախոտի օգտագործում
  • մանկական տարիք

Տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց մեծ մասն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, նրանց գրեթե կեսը բնակվում է 8 երկրներում՝ Բանգլադեշ, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Հարավային Աֆրիկայում:

Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և տուբերկուլյոզային հիմնարկներում գրանցված ակտիվ տուբերկուլյոզով պացիենտների թիվը Հայաստանում 100.000 բնակչի հաշվով 2015-ից մինչև 2023 գրանցել է անկման միտում, նվազելով 2,1 անգամ:

Միևնույն ժամանակ, ՄԻԱՎ/տուբերկուլյոզ համակցված վարակի 14 դեպք է գրանցվել 2023 թվականին:

Մահացության ցուցանիշը տուբերկուլյոզի բոլոր ձևերից ՀՀ-ում վերջին մի քանի տարիների ընթացքում նույնպես նվազել է նույն 2015-ի համեմատ 2022-ին՝ 3,7 անգամ:

ՀՀ-ում ԲՑԺ /տուբերկուլյոզի տարածուն ձևերի կանխարգելմանը միտված/ պատվաստանյութով թիրախային ազգաբնակչության ընդգրկվածությունը բավականին բարձր է՝ կազմելով գրեթե  99%: Այս պատվաստանյութը ՀՀ-ում ունի կիրառման մոտ 60, իսկ աշխարհում ավելի քան 100 տարվա պատմություն, և բացի իր յուրահատուկ հակատուբերկուլոզային ազդեցությունից, ունի նաև ընդհանուր իմունախթանիչ ազդեցություն այլ վարակների դեմ օրգանիզմի պաշտպանվածությունը բարձրացնելու առումով:

Այսօր փորձարկվում է տուբերկուլյոզի դեմ նոր պատվաստանյութ, որը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել հենց վարակի, այլ ոչ թե նրա բարդությունների կանխարգելումը:

Տուբերկուլոզի բարձր մահաբերությունը մեր օրերում պայմանավորված է դեղակայունության հիմնախնդրով և միկոբակտերիայի բազմադեղակայուն շտամների ձևավորմամբ, ինչը հանրային առողջության տեսանկյունից նոր մարտահրավեր է հանդիսանում: