2024 թվականի մարտ ամիսը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է հայտարարված ամբողջ աշխարհում: Սա շատ լավ առիթ է` հիվանդացության մասին բարձրաձայնելու, մարդկանց իրազեկվածությունը հիվանդության, դրա վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման մասին բարձրացնելու համար:
Կոլոռեկտալ քաղցկեղը չարորակ նորագոյացությունների շարքում ըստ տարածվածության երրորդ տեղում է ամբողջ աշխարհում: Կոլոռեկտալ քաղցկեղի վիճակագրությունը համեմատաբար հասանելի է, քանի որ այն հիմնականում հայտնաբերվում է նախաքաղցկեղային, թաքնված, վաղ և բուժելի փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կարող են օգտագործվել ուղղակի կամ անուղղակի թեստեր: Հիվանդությունը մեծ մասամբ ախտորոշվում է 60 և բարձր տարիքի անձանց մոտ:
Սքրինինգային ծրագրերի մեծ մասը բաժին է ընկնում 50-75 տարեկան անձանց: Սքրինինգը կարող է նվազեցնել հիվանդության մահաբերությունը` ավելի վաղ փուլերում հայտնաբերելով նախաքաղցկեղային պոլիպները, որոնք հետագայում կարող են հեռացվել: Վերահսկվող փորձարկումներում պարզվել է, որ կղանքում թաքնված արյան թեստը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղից մահացությունը 13%-ից 33%-ով: Կոլոնոսկոպիկ հետազոտությունները ցույց են տվել դեպքերի 18% նվազում, իսկ կոլոռեկտալ քաղցկեղից մահացությունների` 28% նվազում:
Կոլոռեկտալ քաղցկեղը համաշխարհային խնդիր է. տարեկան գրանցվում է ավելի քան 1.3 միլիոն նոր դեպք և գրեթե 700.000 մահ: Հիվանդացության ցուցանիշներն ավելի բարձր են արևմտյան երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում այն տղամարդկանց մոտ՝ թոքերի և շագանակագեղձի քաղցկեղից, և կանանց մոտ՝ թոքերի և կրծքագեղձի քաղցկեղից հետո, երրորդ ամենատարածված ախտորոշված քաղցկեղն է: Կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը յուրաքանչյուր մարդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում կազմում է մոտ 5%, չնայած՝ տղամարդկանց և կանանց միջև կան փոքր տարբերություններ:
Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերը վերջին տարիներին աճում են մասամբ բնակչության ծերացման պատճառով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 1968 թվականին թողարկել է սքրինինգային թեստերի ուղեցույցներ:
Սքրինինգը կարող է իրականացվել ուղղակի էնդոսկոպիկ կամ ճառագայթային ընթացակարգերի կամ անուղղակի միջոցների տեսքով, ինչպես, օրինակ, կղանքի հետազոտությունը:
Սքրինինգային ծրագրերի մշակման մոտեցումը տարբեր է ամբողջ աշխարհում և հիմնականում պայմանավորված է ծախսերի և ռեսուրսների սահմանափակումներով, ինչպիսիք են էնդոսկոպիկ բաժանմունքի թողունակությունը: Որոշ երկրներում սքրինինգը կատարվում է որպես սովորական կլինիկական ծառայությունների մաս, իսկ մյուս երկրներում կա առանձին սքրինինգային ծառայություն, որը հաճախ ունի որակի ավելի հուսալի երաշխիք:
Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հուլիսից ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը Երևանի և Գյումրու մեկական բուժհաստատություններում: Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում հիվանդության կանխարգելումը և վաղ հայտնաբերումը: Ծրագիրը կշարունակվի մինչև 2026թ.-ը:
Սքրինինգն իրականացվում է կղանքի մեջ թաքնված արյան հայտնաբերման մեթոդով, ինչից հետո պացիենտները ստանում են մասնագետի խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է կոլոնոսկոպիա, իսկ քաղցկեղի հայտնաբերման դեպքում պացիենտներն ուղեգրվում են հետագա բուժման:
2015թ. և 2016թ. Հայաստանի Հանրապետությունում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչության հաշվով կազմել է 24.1 և 25.2, իսկ մահացությունը` 17.6 և 16.9 համապատասխանաբար: 2015թ. և 2016թ. ՀՀ-ում արձանագրվել է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության 726 և 758 դեպք: Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները (81%) արձանագրվել է են 49-79 տարեկան տարիքային խմբում։ Չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես` 2021 թվականին կոլոռեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը, հայտնաբերվել է հիվանդության 3–րդ և 4-րդ փուլում։
2021թ.-ին հիվանդացության ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 25.5` 100.000 բնակչի հաշվով կամ 756 դեպք, տարածվածությունը` 167.9 (4972 դեպք), իսկ մահացության ցուցանիշը կազմել է 16 կամ 475 դեպք: Դեպքերի 83.6%-ը արձանագրվել է 60 և բարձր տարիքային խմբերում: 2022թ.-ին հիվանդացությունից մահերի թիվը եղել է 517, իսկ ըստ տարեվերջյան տվյալների՝ 5320 քաղաքացու մոտ եղել է հաստատված կոլոռեկտալ քաղցկեղ, որից 826-ը կյանքում առաջին անգամ ախտորոշված պացիենտներն են:
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար օգտագործվող հետազոտության մեթոդներն են.