«Սթրեսոլոգիա» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում հանրությանը ներկայացվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, անվանի հոգեբույժ, մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր Ադել Թադևոսյանի և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Վրեժ Շահրամանյանի համահեղինակությամբ «СТРЕСС-СЕКС-СОМА» գիրքը:
Գիրքը բանալի է ցանկացած նեղ մասնագիտացման բժշկի համար: Այն գրված է պրակտիկ բժիշկությամբ, ինչպես նաև գիտությամբ և դասախոսական աշխատանքով զբաղվող հեղինակների կողմից: Բժիշկ-գիտնականներն ընթերցողներին են փոխանցում բուժառուների հետ շփվելու իրենց բազմամյա փորձը, որոնք հատվածաբար արդեն ներկայացված է նաև նախորդ աշխատություններում:
Շապիկին` «Կարպմանի եռանկյունու» կամ այլ անվանմամբ ` «ճակատագրի եռանկյունու» փոխաբերությունն է, ինչը մարդկանց միջև փոխազդեցության հոգեբանական և սոցիալական հայտնի մոդել է, որն օգտագործվում է հոգեբանության և հոգեբուժության մեջ:
«Այս եռանկյունու բոլոր անկյունները հավասար են: Մարդիկ ևս երբ ծնվում են, անկախ իրենց սոցիալական կամ այլ պատկանելիության, բացարձակ հավասար են»,- պարզաբանեց Ադել Թադևոսյանը` շարունակելով իր մասնագիտական գործունեության 60- տարիներին նվիրված գիտաժողովի հիմնական թեզերից մեկը, կրկին հռետորաբար պատասխանեց այն հարցին, թե պետք է արդյո՞ք մարդուն սթրեսը: Փորձառու հոգեբույժը վստահ է, որ սթրեսը կյանքի համն ու հոտն է, առանց որի հնարավոր չէ ապրել: «Մարդու ծնունդն առաջին սթրեսն է, որից հետո իրեն սպասում է կյանքի տարաբնույթ իրադարձությունների փոթորկոտ օվկիանոս»,- հավելեց մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների հեղինակ Ադել Թադևոսյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ուղիղ տասը տարի առաջ` 2012 թվականի հուլիսին, Երևանում գործընկերների համահեղինակությամբ նախաձեռնեց «Տղամարդու առողջություն» առաջին ժողովածուի ստեղծումը, այնուհետև 2015 թվականին «Տղամարդու առողջություն» ռուսալեզու ձեռնարկն ամփոփեց 30 հեղինակների մասնագիտական փորձը: 2017 թվականի հուլիսին կրկին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Мужское здоровье в объективе стрессологии – за пределами привычного» (Տղամարդու առողջությունը սթրեսոլոգիայի տեսանկյունից՝ սովորականից այն կողմ) գրքի շնորհանդեսը, որը կրկին Ադել Թադևոսյանի և Արմեն Մուրադյանի ստեղծագործական համագործակցության արդյունքն էր:
Նրանք արդեն երեք գիրք են համատեղ հեղինակում` մասնագիտական արդի խնդիրների անդրադառնալով: «Տղամարդու առողջությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական լեզվով պարզ, շիտակ խոսելը պետք է ձևավորված մշակույթ դառնա: Նման գրականությունն անհրաժեշտ է և ստեղծման հիմքում, իհարկե, եռամիասնության գաղափարն է»,- ասաց պրոֆեսոր Մուրադյանը` շեշտելով, որ գիրքը միայն բժիշկների համար չէ, այլ զույգերի, ընտանիքների:
«Տղամարդու առողջությունը ամուր ձեռքերում կլինի, եթե հասարակությունն առավել իրազեկված լինի հնարավոր խնդիրների, դրանց հետևանքների մասին»,- հավելեց նա: «Հերթական գրքի ծնունդն է, որը նվիրված է սթրեսին և դրա ազդեցությանը մարդու մարմնի վրա: Գրքի ստեղծման գաղափարը նախապատմություն ունի, քանի որ այն հեղինակների` տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրների հերթական անդրադարձն է, շարունակությունը»,- մանրամասնեց Վրեժ Շահրամանյանը:
Հեղինակների գնահատմամբ` գիրքը հետաքրքիր է, գիտականորեն հավաստի և օգտակար բժիշկների, հոգեբանների, հոգեբույժների, ուսանողների և կլինիկական օրդինատորների համար: