Բժշկական մայր բուհում մեկնարկեց «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական հերթական դասընթացը՝ նվիրված Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվան:
«Մակաբուծային և պրոտոզոային հիվանդություններ» թեմայի շրջանակում զեկուցողները հանգամանալից անդրադարձան այս հիմնախնդրին:
«Հերացի» վերլուծական կենտրոնի տնօրեն, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը ողջունելով ներկաներին՝ նշեց՝ օրը կարևոր է նրանով, որ ներկաները հնարավորություն ունեն մալարիայի և լեյշմանիոզի մասին ամենաարդիական տեղեկատվություն ստանալու:
«Այս վարակն ուղեկցել է մեր երկիրը ամբողջ պատմության ընթացքում, և ընդամենը 50 տարի է եղել, որ մենք զերծ ենք եղել մալարիայից և շարունակում ենք զերծ մնալ: Ապագան ձերն է, սիրելի ուսանողներ, դուք եք շարունակելու այս ստատուսը պահել կամ կորցնել, հույս ունենք, որ կկարողանաք պահել այն ձեռքբերումները, որն արդեն իսկ ունենք արձանագրած: 1994 թվականին մալարիան կրկին ներխուժել է Հայաստան, պատճառը պատերազմ էր, բավականին համառ ջանքերի շնորհիվ 2011 թվականին ԱՀԿ-ն Հայաստանը ճանաչեց որպես մալարիայից ազատ գոտի: Մի քանի երկիր է կարողացել հասնել մալարիայի վերացման, այդ երկրների թվում Հայաստանն առաջատար է»,-տեղեկացրեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Համաճարակաբանը կարևորեց համալիր միջոցառումների իրականացումը՝ մալարիայից զերծ մնալու համար:
«2030 թվականը ԱՀԿ-ի կողմից մշակվել է հիմնական արձագանքը, որի միջոցով պետք է դիմակայենք այս վարակին, միջոցառումները ուղղված են համաճարակային պրոցեսի երեք շարժիչ ուժերին՝ վարակի աղբյուրի հայտնաբերում, փոխանցման մեխանիզմի ընդհատում, այսօր արդեն հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք կանխարգելիչ գործիք նաև ընկալ օրգանիզմի նկատմամբ, այսինքն՝ այսօր աշխարհում գործարկվել է մալարիայի դեմ պատվաստանյութը, որն իրոք բավականին մեծ ձեռքբերումն է»,-ընդգծեց «Հերացի» վերլուծական կենտրոնի տնօրենը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մակաբուծաբանական լաբորատորիայի վարիչ Արա Քեշիշյանն անդրադարձավ մալարիայի դեմ կատարված աշխատանքներին. «Շատ ուրախ եմ, որ մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվա ընթացքում կանդրադառնանք մալարիայի դեմ պայքարի աշխատանքներին, որը Հայաստանի համար պատմականորեն ունեցել են կարևորություն և այսօր էլ ունենք որոշակի ձեռքբերումներ այն առումով, որ 2011 թվականին մեզ հաջողվեց վերացնել մալարիան»,-նշեց մասնագետը:
Անդրառանալով աշխարհում մալարիայի տարածվածությանը և դեպքերի աճին, Արա Քեշիշյանը շեշտեց. «Համաձայն ԱՀԿ-ի՝ 2019 թվականին աշխարհում արձանագրել է շուրջ 233 մլն մալարիայի դեպք, 2021 թվականին՝ 247 մլն դեպք, իսկ 2022 թվականին՝ 249 մլն մալարիայի դեպք: Որոշակի աճ կա, սա խոսում է այն մասին, որ այն դրական դինամիկան, որն արձանագրվել է մալարիայի դեմ պայքարում, դանդաղել է: Պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն էլ կորոնավիրուսային պանդեմիան էր, մյուս պատճառը կլիմայական փոփոխություններն են՝ տեղումների մեծացումը, ջերմաստիճանի բարձրացումը, ինչը ստեղծել է բարենպաստ պայմաններ մալարիա փոխանցող մոծակների լայն տարածման համար»:
Այնուհետև խոսեց մալարիայի տեսակների և յուրաքանչյուրի տարածվածության մասին:
Համաճարակաբան, Մարդու և կենդանիների համար ընդհանուր մակաբուծային հիվանդությունների բաժնի ղեկավար Կարինե Գևորգյանը շարունակելով «Մալարիա, համաճարակաբանական իրավիճակն աշխարհում և Հայաստանում, կանխարգելման արդի մոտեցումները» թեման, խոսեց փոխանցման ուղիների և ախտանշանների մասին:
Մալարիան կարող է փոխանցվել մոծակի, արյան տրանսֆուզիայի միջոցով, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում՝ մորից երեխային: «Կլինիկական նշաններն են տենդը, որը տևում է 3 օր, հեպատոսպլենոմեգալիա՝ լյարդի և փայծաղի միաժամանակ մեծացումը: Մալարիա կարելի է կասկածել, երբ 3 ամսվա ընթացքում կատարվել է արյան փոխներարկում, 3 տարվա ընթացքում գտնվել է մալարիայի առումով անապահով վայրում»,-շեշտեց մասնագետը՝ ընդգծելով, որ գաղտնի շրջանը տատանվում է 8-30 օրվա սահմաններում՝ կախված պլազմոդիումի տեսակից, հիվանդի տարիքից, իմուն վիճակից, քիմկանխարգելումից և այլն:
«Եռօրյա և օվալե մալարիաների դեպքում հաճախ են 6-12-36 ամիս երկարատև գաղտնի շրջանից հետո արտահայտված դեպքերը»,- հավելեց նա:
Օրվա աշխատանքն ամփոփվեց «Լեյշմանիոզ, համաճարակաբանական օրինաչափություններ» թեմայով, որը ներկայացրեց Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը՝ խոսելով հիվանդության առանձնահատկություններից, դեպքերի աճից, ախտանշաններից:
Հավելենք, որ երկօրյա դասընթացն աշխատանքը կշարունակի ապրիլի 27-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, որի ժամանակ մասնագետները հանգամանորեն կխոսեն «Տրանսմիսիվ փոխանցվող մակաբուծային հիվանդություններ» և «Ֆեկալ օրալ փոխանցվող մակաբուծային հիվանդություններ» թեմաներով: