Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնագիտության բովում թրծվող բժիշկը

Մասնագիտության բովում թրծվող բժիշկը

Անժելա Կարագևորգյանը ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի այս տարվա շրջանավարտ է: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառությունն ավարտել է սեպտեմբերի 19-ին ու ժամեր անց լուրերի միջոցով տեղեկացել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին:

Չնայած նրան, որ վերջերս է ձեռք բերել նեղ մասնագիտացում, որպես բժիշկ հասցրել է թրծվել ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ շաբաթներ առաջ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով ՀՀ ԱՆ համակարգմամբ տեղահանված վիրավորներին տեղափոխման, բժշկական որակյալ օգնություն տրամադրելու աշխատանքներում:

Անժելան կլինիկական օրդինատուրայում ուսումնառության սկզբից աշխատում է Երևանի շտապօգնության ծառայությունում:

Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա սեփական կամքով է  ներգրավվել վիրավորների տարհանման աշխատանքներում: Կարճ ժամանակահատվածում երկու անգամ է եղել Ստեփանակերտում՝  սեպտեմբերի 24-ին և 26-ին:

«Ոչ ոք անվտանգության ոչ մի երաշխիք չէր տալիս: Երկրորդ բուժառուն,  որին շտապօգնության  միջոցով տեղափոխել եմ որպես բժիշկ, ծայրահեղ ծանր վիճակում էր: Չնայած դժվարություններին, անորոշությանը որևէ պահի վախի զգացում չեմ ունեցել և նույնը կարող եմ գործընկերներիս մասին ասել»,- պատմում է ԵՊԲՀ շրջանավարտը` հավելելով, որ Արցախի իր կոլեգաները անգնահատելի անձնուրացություն են դրսևորել և իր աչքով տեսածն ամենագլխավոր դասն է եղել այդ օրերի թոհուբոհում:

Պատերազմի ու բռնի տարհանման բովով որպես բուժաշխատող անցնելը նրա համար անշուշտ փորձառություն էր, պատասխանատվություն, որը կատարել է պատվով  և մեծ համարձակությամբ:

Քանի որ ավարտել է   նպատակային կլինիկական օրդինատուրան, մասնագիտական գործունեությունը կշարունակի մարզում, զուգահեռ փորձաշրջան անցնելուց հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի առաջարկով կաշխատի նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի  բաժանմունքում` շարունակելով մարդկանց օգնելու ու մասնագիտությանը նվիրվելու  հաստատակամ որոշումը:

Պատահական չէ, որ որպես մասնագիտացում ընտրել է հենց անեսթեզիոլոգիան և  ռեանիմատալոգիան, քանի որ այս մասնագետների պակասը հատապես հանրապետության մարզերում մշտապես առկա է: