Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մայիսը՝ մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամիս

Մայիսը՝ մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամիս

Մայիսը համարվում է մի քանի տեղակայման քաղցկեղների իրազեկման ամիս, որից մեկը մաշկի քաղցկեղն է: Նմանօրինակ իրազեկումները շատ կարևոր են հանրային առողջության պահպանման համար և բնակչությանը ևս մեկ անգամ հիեշեցնելու, որ կանխարգելումը և հիվանդացության վաղ հայտնաբերումը շատ կարևոր են իրենց առողջ ապրելակերպի և կյանքի որակի պահպանման համար:

Մաշկի քաղցկեղը՝ մաշկի չարորակ ուռուցքային հիվանդություն է,  որն առաջանում է նրա բջիջների ատիպիկ վերափոխման արդյունքում և բնութագրվում է զգալի պոլիմորֆիզմով։ Նշված բջիջներն մաշկի վրա ձևավորում են զանգված՝ ուռուցք, կարող են ախտահարել և ներաճել հարակից հյուսվածքներ կամ արյան կամ ավշի միջոցով տարածվել մարմնի այլ հատվածներ՝ առաջացնելով մետաստազներ:

Չարորակ նորագոյացությունների ընդհանուր դեպքերի մեջ մաշկի քաղցկեղը կազմում է մոտ 10%, սակայն վերջին տասնամյակում դիտվում է հիվանդացության աճի միտում՝ տարեկան 4․4%-ով:

Տարբերում են մաշկի քաղցկեղի 4 հիմնական տեսակ՝

  • մաշկի հիմնային (բազալ) բջջային քաղցկեղ
  • տափակ բջջային քաղցկեղ
  • ադենոկարցինոմա
  • մելանոմա

Բազալ  բջջային քաղցկեղը՝ ամենահաճախ հանդիպող ձևն է, սակայն ամենաքիչ վտանգավոր: Մաշկի քաղցկեղի ընդհանուր կառուցվածքում այն 60-75% է զբաղեցնում։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը հանդիպում է 11-25% դեպքերում։

Մաշկի տափակ բջջային քաղցկեղը (սկվամոզ-բջջային քաղցկեղ) զարգանում է էպիդերմիսի մակերեսային շերտի տափակ բջիջներից։ Այն առավել հաճախ հանդիպում է դեմքի և գլխի մաշկի մազածածկ հատվածներում: Աճում է արագ՝ առաջացնելով խոցոտում, տարածվելով կարող է առաջացնել մետաստազներ ավշային հանգույցներում և հեռակա օրգաններում:

Բազալ բջջային քաղցկեղը (բազալիոմա) առաջանում է մաշկի էպիդերմիսի բազալ բջիջներից, որոնք գտնվում են տափակ բջիջների շերտի տակ։ Սովորաբար հիվանդությունը դրսևորվում է մաշկի վրա փոքր անցավ հանգույցի ձևավորմամբ: Ուռուցքը աճում է դանդաղ, և միայն հիվանդության չբուժվելու դեպքում կարող է  ներթափանցել ստորադիր հյուսվածքներ, սակայն չի տարածվում և սովորաբար չի առաջացնում մետաստազներ։

Մելանոման առաջանում է մաշկի պիգմենտային բջիջներից՝ մելանոցիտներից։ Այն շատ ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն առավել ագրեսիվ է,  արագ տարածվելով առաջացնում է մետաստազներ, և հանդիսանում մաշկի քաղցկեղից մահացության հիմնական պատճառ: Մելանոման կարող է առաջանալ առողջ մաշկի վրա կամ առկա պիգմենտային խալի ձևափոխումից հետո: Ի տարբերություն սովորական խալերի, մելանոմայի դեպքում  սովորաբար նկատվում է խալի անհամաչափություն, գունային բազմազանություն, անհարթ եզրեր, ավելի մեծ տրամագիծ և խալի չափսի, ձևի, գույնի փոփոխություն կարճ ժամանակահատվածում։

Մաշկի ադենոկարցինոման առավել հազվադեպ հանդիպող ուռուցք է, որը զարգանում է ճարպագեցձերից կամ քրտնագեղձերից:

Մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների շարքին են պատկանում․

  • ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈւՄ) բարձր չափաքանակի ազդեցությունը․ հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է այն աշխարհագրական տարածաշրջաններում, որտեղ առկա է բարձր ինսոլացիայի ազդեցություն (օրինակ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում): Առավել հաճախ այն զարգանում է բացօթյա պայմաններում երկարատև աշխատող անձանց շրջանում։ Վնասակար ազդեցություն ունի ոչ միայն արևի ՈւՄ ճառագայթումը, այլ նաև սոլյարին։
  • տարիքը․ հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, սակայն կարող է զարգանալ ավելի երիտասարդ տարիքում (հատկապես մելանոման)
  • ժառանգական նախատրամադրվածությունը
  • սպիտակամորթ ռասային պատկանելիությունը
  • քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի ազդեցությունը (խեժ, քսայուղեր, մկնդեղ, ծխախոտի ծխի մասնիկներ)
  • մաշկի վրա ազդող ռադիոակտիվ և ջերմային գործոններ․ հիվանդությունը կարող է զարգանալ այրվածքի տեղում կամ որպես ճառագայթային դերմատիտի բարդություն
  • օրգանների փոխպատվաստումից հետո իմունային համակարգը ճնշելու համար օգտագործվող դեղամիջոցները
  • մարդու պապիլոմավիրուսով վարակվածությունը
  • մաշկի պիգմենտացիան․ խալերի հաճախակի վնասումը կարող է նպաստել դրանց չարորակացմանը
  • որոշ նախաքաղցկեղային հիվանդությունները (Քեյրի էրիթրոպլազիան, Բոուենի հիվանդությունը, պիգմենտային քսերոդերմիան, լեյկոպլակիան, ծերունական կերատոման, մելանոմայի համար վտանգավոր նևուսները և այլն) և մաշկի քրոնիկական բորբոքային ախտահարումները (տուբերկուլյոզ, սիֆիլիս և այլն):

Մաշկի քաղցկեղի մահաբերության ցուցանիշներն ամենացածրերից են՝ համեմատած այլ քաղցկեղների հետ: Հիվանդության կանխատեսումը մեծապես կախված է մաշկի քաղցկեղի տեսակից, ուռուցքային բջիջների տարբերակման աստիճանից և ախտորաշման ու բուժման ժամանակից։  Բազալ բջջային քաղցկեղն ունի ավելի բարենպաստ ընթացք՝ առանց մետաստազների։ Տափակ բջջային քաղցկեղի ժամանակին և լիարժեք բուժման դեպքում հիվանդների 5-ամյա ապրելիության մակարդակը կազմում է 95%: Առավել անբարենպաստ կանխատեսումը մելանոմայով հիվանդների համար է, որի դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում է ընդամենը 50%:

Ըստ 2023թ.-ի ԱԱԻ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների` ՀՀ-ում 2022թ.-ի տարեվերջին «մաշկի չարորակ նորագոյացություն» ախտորոշումով գրանցված է եղել 3310 պացիենտ, որից 1554-ը կազմել են կանայք: Նույն ժամանակահատվածի համար «մաշկի մելանոմա» ախտորոշում գրանցվել է 531 պացիենտի մոտ, որից 326-ը կանայք են: Ցավոք պետք է նշենք, որ 2022թ.-ի տվյալները գերազանցել են, ինչպես 2021, այնպես էլ 2020թ.-ի արդյունքներին (2020թ.` 2764 , 2021թ.` 3085):

Մաշկի քաղցկեղների վաղ հայտնաբերման և ախտորոշման դեպքում սովորաբար բավարար է լինում միայն վիրաբուժական միջամտությունը: Ուստի, հիվանդության ճիշտ և վաղաժամ ախտորոշումը և բուժումը շատ կարևոր է: