Այս տարվա կարգախոսն է` «Միզապարկի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ անորոշության հաղթահարումը»:
Միզապարկի քաղցկեղի ժամանակին ախտորոշման խոչընդոտներից մեկը կապված է ախտանիշների հետ: Թե ախտանիշները, և թե ինչպես են մարդիկ արձագանքում դրանց, կարող են տարբեր լինել, հատկապես այն պատճառով, որ որոշ ախտանիշներ անմիջապես չեն հայտնաբերում կապը միզապարկի քաղցկեղի հետ: Մեզի մեջ արյան հայտնաբերումը, ցավոտ և անկանոն միզարձակումը կարող են վերագրվել այլ հիվանդությունների, ինչն էլ միզապարկի քաղցկեղն աննկատ է թողնում:
Միզապարկի քաղցկեղի իրազեկման ամսվա հիմնական նպատակն է խթանել գործողությունները և միջոցառումները, որոնք կբարձրացնեն միզապարկի քաղցկեղի մասին իրազեկությունը` կարևորելով միզապարկի քաղցկեղի ախտանիշները և հաղթահարել բժշկական օգնություն ստանալու ցանկացած խոչընդոտ:
Միզապարկի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կազմում է 3%։ Ըստ տարածվածության և մահացության մակարդակների այն բոլոր քաղցկեղների շարքում զբաղեցնում է, համամատասխանորեն, 9-րդ և 13-րդ տեղերը։ Հիվանդության դեպքերի շուրջ երեք քառորդը տեղի է ունենում արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Տղամարդկանց մոտ ախտորոշվող բոլոր քաղցկեղի տեսակների շարքում այն յոթերորդ տեղում է։ Վիճակագրական տվյալներով, չնայած այն հանգամանքի, որ հիվանդացությունն ավելի հաճախ տղամարդկանց մոտ է հանդիպում, 4 ախտորոշված պացիենտից 1-ը կին է:
Ամեն տարի աշխարհում միզապարկի քաղցկեղի 610.000 նոր դեպք է գրանցվում, 1.9 միլիոն մարդ ապրում է այս ախտորոշմամբ, իսկ 2020թ.-ին այս հիվանդացությունը 200.000 մարդու մահվան պատճառ է հանդիսացել: Ի դեպ, դեպքերի 60%-ը և մահերի 50%-ը գրանցվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Վաղ փուլում հայտնաբերման դեպքում հիվանդությունը 90%-ով հաղթահարելի է դառնում:
Միզապարկի քաղցկեղի վաղ ախտորոշումը էական նշանակություն ունի արդյունավետ բուժման համար: Հիվանդության վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման դեպքում հիվանդների 94%-ը հաղթահարում է հինգ տարվա ապրելիության սահմանը։ Քաղցկեղի III-IV փուլերում ապրելիության կանխատեսումը չափազանց անբարենպաստ է։
Հայաստանում քաղցկեղների ընդհանուր կառուցվածքում հիվանդությունը գրավում է առաջին հորիզոնականը: Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ևս միզապարկի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարեցտարի աճում է: Դրա հետ մեկտեղ այդ հիվանդների բուժման արդյունքների բարելավման գործում առաջընթացն աննշան է:
Միզապարկի քաղցկեղի զարգացումը պայմանավորված է նրա լորձաթաղանթի բջիջների ԴՆԹ-ում տեղի ունեցած մուտացիաներուվ։ Առաջացած ատիպիկ բջիջները սկսում են անկառավարելի ձևով բազմանալ, բերելով ուռուցքի ձևավորմանը, որը կարող է ներխուժել և ոչնչացնել օրգանիզմի նորմալ հյուսվածքները։ Ժամանակի ընթացքում քաղցկեղային բջիջները կարող են պոկվել և տարածվել (մետաստազավորվել) ամբողջ օրգանիզմով։
Տարբերում են միզապարկի քաղցկեղի 3 հիմնական տեսակ։
Կախված լորձաթաղանթի հանդեպ ուռուցքի տարածվածությունից` միզապարկի քաղցկեղը պայմանականորեն բաժանվում է ոչ ինվազիվ և ինվազիվ ձևերի: Միզապարկի ոչ ինվազիվ քաղցկեղի առավել հաճախ հանդիպող ախտանիշը հեմատուրիան է (արյուն մեզի մեջ)։ Արյունը կարող է տեսանելի լինել անզեն աչքով (մակրոհեմատուրիա) կամ հայտնաբերվել միայն մեզի մանրադիտակային հետազոտության ժամանակ (միկրոհեմատուրիա):
Ինվազիվ քաղցկեղին բնորոշ կլինիկական պատկերը բացի հեմատուրիայից արտահայտվում է նաև․
Հիվանդության III-IV փուլերում ի հայտ են գալիս նաև ցավը կոնքի, գոտկատեղի և որովայնի ստորին հատվածում, ցավ ոսկորներում, ասթենիա, քաշի կորուստ, անեմիայի նշաններ և ախորժակի բացակայություն։
Միզապարկի քաղցկեղի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների շարքին են պատկանում՝