Բուժական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ կարևոր դեր ունեցավ Բժշկական քիմիայի ամբիոնի զարգացման հարցում: 1922 թվականին գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս.Պ Ղամբարյանի կողմից անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա հիմնադրվեց Ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոնը, որի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Այն տարբեր տարիներին վերանվանվել է, կոչվելով` 1967թ. անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982թ.՝ ընդհանուր քիմիայի, 1993թ.՝ ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, 2008թ.`բժշկական քիմիայի ամբիոն:
Բժշկական քիմիայի 100-ամյա ամբիոնը 1993թ-ից ղեկավարում է կ.գ.դ., պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյանը:
Ներկայացնելով պատմությունը, իրականացվող աշխատանքները Մագդալինա Մելքոնյանը՝ նշում է, որ հիմնադրումից ի վեր, համալսարանական այս կարևոր կառույցի գործունեության և հետագա զարգացման համար կարևոր դերակատարում են ունեցել ամբիոնը ղեկավարող պրոֆեսորները:
«Յուրաքանչյուրն ունեցել է իր առջև դրված գիտական խնդիրներ, որոնց բովանդակությունը տարիների ընթացքում փոխվել է: Եթե սկզբնական շրջանում ամբիոնի գործունեությունը նվիրված էր հետազոտություններին, վերջին 40 տարվա ընթացքում աշխատանքներն առավելապես վերաբերել են կենսաբանական համակարգերին, կենդանի օրգանիզմներին, ինչն ավելի մոտ է բժշկագիտությանը»,- ասում է պրոֆեսորը` ավելացնելով, որ աշխատանքների հիմնական ուղղությունը պայմանավորված է ամբիոնի ղեկավարի նեղ մասնագիտացմամբ և ժամանակաշրջանով:
Ամբիոնը ղեկավարել են՝ 1924-37 թթ. Հ.Հ. Ակունյանը, պրոֆեսոր Ա.Լ. Մնջոյանը 1937-1939թթ., 1939-66թթ. ք.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Ա.Ք. Հարությունյանը:
Հայաստանում կենսաքիմիայի զարգացման բուռն շրջանը համընկնում է պրոֆեսոր Է.Ե. Մխեյանի (1967-1981 թթ.) ղեկավարման տարիներին, երբ ուսումնասիրվել է սրտանոթային հիվանդությունների ժամանակ գլիկոսֆինգոլիպիդների դերն ու սիմպաթիկ նյարդային համակարգի տրոֆիկ ադապտացիոն ազդեցության մեխանիզները: «Նա շատ լուրջ գիտնական ու հայտնի կենսաքիմիկոս էր: Նրան հաջորդել է պրոֆեսոր Գ.Ա. Չուխաջյանը, որն ամբիոնը ղեկավարել է 1982 թվականից: Վերջինս օրգանական քիմիկոս էր և իր ղեկավարման տարիներին ամբիոնի զարգացումը տարել է այդ ուղղությամբ»,-ընդգծում է Մագդալինա Մելքոնյանը:
Ամբիոնի վարիչների բազմաթիվ պարտականությունների պատշաճ իրականացումը պայմանավորում են աշխատանքների բնականոն ընթացքը՝ սկսած աշխատակիցների շրջանում առողջ մթնոլորտի ապահովումից, մինչև դասավանդման որակի բովանդակության ապահովումը:
«Մենք այդ աշխատանքը կատարում ենք ուղղորդված՝ որպես հիմնական ուղղություն ուշադրության կենտրոնում ունենալով բժշկագիտության հետ կապված հարցերը: Շեշտը դրվում է այն հարցադրումների վրա, առանց որոնց մեր ուսանողը չի կարող դառնալ գրագետ բժիշկ՝ հասկանալով ընթացող գործընթացների էությունը»,-հավելում է Բժշկական քիմիայի ամբիոն վարիչը:
Նրա խոսքով՝ անընդհատ փոփոխվող ու զարգացող ժամանակաշրջանում ուսումնամեթոդական աշխատանքներում շատ կարևոր է ճկուն գործելաոճը:
Համավարակով պայամանավորված վերջին երկու տարիներին ամբիոնում կիրառվել են նոր մոտեցումներ՝ լայն կիրառություն են ստացել առցանց եղանակով էլեկտրոնային դասախոսությունները:
Ամբիոնում ուսուցումը տարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով. դասավանդվում է երկու առարկա՝ կենսաֆիզիկական քիմիա և կենսաօրգանական քիմիա, որոնք նախատեսված են ուսանողներին ծանոթացնելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսներին, նրանց դերին ու նշանակությանը:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի տեսքով: Գործնական պարապմունքների մի մասն են կազմում լաբորատոր աշխատանքները, որոնց ընթացքում ուսանողները ձեռք են բերում քիմիական լաբորատորիայում աշխատելու փորձ, սովորում են ինքնուրույն կատարել պարզ գործողություններ:
Վերջին տասնամյակներում ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է ակուստիկ սթրեսի զարգացման կենսաքիմիական մեխանիզմների պարզաբանմանը. աղմուկի ազդման արդյունքում առաջացող ֆիզիկա-քիմիական տեղաշարժերի մեխանիզմների ուսումնասիրությանը և դրանց կարգավորմանը՝ հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված բնական և սինթետիկ ծագման միացությունների օգնությամբ: «Տարբեր մակարդակներում բացի աղմուկի ազդեցության ուսումնասիրությունից, մենք համատեղ աշխատանք ենք կատարում Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի (Գերմանիա) լաբորատորիայի հետ: Հետազոտում ենք Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում որոշ սինթեզված նյութերի ազդեցությունը տարբեր փոխանակությունների վրա, նեյրոդեգեներատիվ՝ մասնավորապես Ալցհեյմերի հիվանդության ժամանակ»,-նշում է գրեթե 30 տարի ամբիոնը ղեկավարող Մագդալինա Մելքոնյանը:
Բժշկական քիմիայի ամբիոնն ունի 10 դասախոսից և 3 ասիստենտից կազմված աշխատակազմ:
Խոսելով կադրային համալրման մասին՝ ամբիոնի վարիչը շեշտում է, որ երիտասարդ կադրերով համալրումն օրակարգային է, որոնք, փորձ ձեռք բերելով, հետագայում շարունակելով իրենց կողմից տարվող աշխատանքները՝ կզարգացնեն ամբիոնը՝ այն դարձնելով ավելի մրցունակ:
«Ի տարբերություն կլինիկական ամբիոնների՝ տեսական ամբիոններն այնքան էլ հրապուրիչ չեն երիտասարդների համար՝ սկսած պահանջներից, ծանրաբեռնվածությունից և վարձատրությունից»,-փաստում է պրոֆեսորը, որի նպատակներից է ամբիոնը երիտասարդների համար դարձնել գրավիչ և ապահովել կադրերի ներհոսք: Նա 100-ամյա ամբիոնի ամենագլխավոր ձեռքբերումը համարում է ուսումնամեթոդական գրականության ստեղծումը, որը տարիների ծավալուն աշատանքի արդյունք է:
Ամբիոնականների համար նախանշված ծրագրերն իրականացնելու համար գլխավոր շարժիչ ուժը նորը սովորելու ձգտումն է, ուսանողներին գիտելիք փոխանցելու հնարավորությունը, որոնք հետագայում դառնալու են բժշկագիտության հիմնասյուները:
«Մեր գլխավոր առաքելությունն ուսանողին հղկելն ու բժշկական բուհի ուսանողի կոչմանը համապատասխան դարձնելն է: Դրան են միտված եղել ամբիոնում տարիներ շարունակ գործող ուսանողական գիտական խմբակի աշխատանքները, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական հետազոտությունների անցկացմանը: Ամբիոնը մշտապես ապահովել է ուսանողների ներգրավվածությունը գիտական խմբակի աշխատանքներին: Յուրաքանչյուր տարի ուսանողական աշխատանքները հրապարակավ զեկուցվել են ուսանողական համաժողովների շրջանակում, իսկ լավագույն զեկուցողներն արժանանացել են պատվոգրերի»,-հավելում է Մագդալինա Մելքոնյանը:
Բժշկական քիմիայի ամբիոնը համավարակով պայմանավորված սահմանափակումների չեղարկումից հետո կծավալի առավել ակտիվ գործունեություն՝ շարունակելով իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավվել բժշկական բուհի ուսանողներին:
Բժշկական քիմիայի ամբիոնը ստեղծման 100-ամյանկին նվիրված միջոցառումով հանդես կգա առաջիկայում՝ վերարժևելով այն կարևոր դերն ու նշանակությունը, որն ունի բժշկական սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում: