Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողովը

Մեկնարկել է  նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողովը

Օգոստոսի 21-ին ԵՊԲՀ-ում մեկնարկել է երկօրյա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները. Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են մասնագետներ արտասահմանից և Հայաստանից: 

Հավաքի հիմնական ուղղվածությունը մեռուկային էնտերոկոլիտն է նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհները, բուժումը և կանխարգելումը:

Ելույթներով հանդես եկան Ավստրիայի Գրացի համալսարանական հիվանդանոցի նեոնատոլոգիայի կլինիկայի ղեկավար, Եվրոպական նեոնատոլոգիայի նշանավոր պրոֆեսոր Բեռնթ Ուրլեսբերգերը, նույն հիվանդանոցի պրոֆեսոր և մեր հայրենակից Կարինե Սարգսյանը: Նրանք ներկայացրին իրենց մասնագիտական նորարար գաղափարներն և բացահայտումները:

Զեկույցներ ունեցան նաև ՀՀ գլխավոր նեոնատոլոգ, Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ Պավել Մազմանյանը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը և նույն համալիրի մանկական վիրաբույժ,  ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանը: Համալսարանական մասնագետները ներկայացրին մեր ձեռբերումները և ոլորտի տեսլականը, որն ուղղակիորեն կազդի նորածնային մահացության ցուցանիշների իջեցման վրա և կնպաստի առավել առողջ սերունդ ունենալուն:
Արման Հարությունյանը Ավստրիայում վերապատրաստված այն մասնագետն է, ում գործընկերների օգնությամբ հաջողվել է նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման ոլորտում լուրջ հաջողություններ գրանցել: 

Համաժողովը կազմակերպվել է Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի,  Գրացի համալսարանական հիվանդանոցի  և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ջանքերով:

Մասնակիցները հույս հայտնեցին, որ Ավստրիայի Գրացի համալսարանական հիվանդանոցի  և Երևանի պետական բժշկական համալսարանի համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ՝ ոլորտի հետագա զարգացման համար: 

Նշենք, որ մասնակիցներին տրվելու են երկկողմանի հավաստագիր և ՇՄԶ կրեդիտներ: