Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հուլիսի 7-ին մեկնարկեց «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին:

Գիտաժողովն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ, քանի որ այն կարողացավ մեկ խորագրի ներքո միավորել հոգեբույժներին, հոգեբաններին, նյարդաբաններին, տեսաբաններին և նույնիսկ գրողներին: Միջոցառման շրջանակում Հայաստանի, ինչպես նաև արտերկրից ժամանած առաջատար մասնագետները կանդրադառնան ոչ միայն հոգեբուժության, այլև նաև մի շարք այլ հարակից ոլորտների արդի խնդիրներին:

Արտերկրից ժամանած հարգարժան մասնագետների թվում է նաև ԱՄՆ Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի նախագահ Ջո Սեմ Ռոբինսոնը, ով առաջին անգամ չէ ԵՊԲՀ-ում և նրա համագործակցությունը բժշկական բուհի հետ արդեն տարիների պատմություն ունի:

Ադել Թադևոսյանի որդին՝ Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտի առաջատար նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց Թադևոսյանի անցած մասնագիտական ճանապարհը:

Բժշկի ուղին է ընտրել նաև հոգեբույի կրտսեր որդին՝ ակնաբույժ Ռուբեն Գրիգորյանը, ում հատկապես տպավորել էր մոր կատարած հսկայական աշխատանքը Սպիտակի աղետալի երկրաշարժի և դրան հաջորդող տարիներին:

Սթրեսաբանության հմուտ մասնագետին շնորհավորեցին գործընկերները, ընկերներն ու աշակերտները:

Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը Ադել Թադևոսյանին փոխանցեց երեք տարի առաջ ԵՊԲՀ նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի բացման ժամանակ իրենց փոխանցված խորհրդանշական զանգը, որը պետք է հնչի այնտեղ, որտեղ մարդիկ ունեն օգնության կարիք:

Այսօր էլ Ադա Թադևոսյանն իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց: Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության 55 տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը:

Մեր երկրում սթրեսաբանության հիմնադրման և զարգացման, գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեության համար պրոֆեսոր Ադել Թադևոսյանը հունիսի 29-ին Գիտական խորհրդի նիստում արժանացել է ԵՊԲՀ ոսկե մեդալի:

Գիտաժողովի շրջանակում հուլիսի 8-ին տեղի կունենա Ադել Թադևոսյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի «Мужское здоровье в объективестрессологии- за пределами привычного» համահեղինակած գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կնշանավորվի նաև նրանով, որ հեղինակները որոշել են ողջ հասույթը փոխանցել ՀՀ ՊՆ ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին››:

Տեղեկացնենք, որ գիտաժողովը հավաստագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 7 ՇՄԶ կրեդիտով: