Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային հավատարմագրումը միտված է բարեփոխումների, օգնում է, որպեսզի դրանք իրականացվեն կարճ ժամանակահատվածում։
«Բուհում միջազգային ծրագրային հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2021 թվականի դեկտեմբերից, ձևավորվեց ինքնավերլուծությունը կազմող խումբ, որը 1,5 տարվա ընթացքում համագործակցեց ներքին և արտաքին շահակիցների հետ։ Արդյունքում կազմվեց ինքնավերլուծության զեկույցը՝ համաձայն միջազգային չափանիշների պահանջների։ Ինքնավերլուծության զեկույցը ներառում է բուհի 5 տարվա հաջողությունները, առկա խնդիրները, դրանց բարելավման ուղիները և գործիքները։
Միջազգային փորձագետների հետ աշխատելու ընթացքում լուրջ փոփոխություններ իրականացվեցին կրթական ծրագրի դասավանդման և գնահատման ձևաչափերում։ Զեկույցը տեղադրված է բժշկական համալսարանի կայքէջում, որին կարող են ծանոթանալ և՛ դասախոսական կազմը, և՛ ուսանողները: Եթե մինչև հիմա մենք հիմնականում աշխատում էինք ավանդական ձևաչափով, ապա այս տարվա սեպտեմբերից առաջին կուրսի բոլոր ամբիոններում ներդրվել է մոդուլային ձևաչափը՝ գնահատման նոր համակարգով, որտեղ մեծ ուշադրություն է արժանացվում գործնական ունակությունների գնահատմանը»,-մանրամասնում է Կարինե Բարոյանը:
«Հոկտեմբերի 17-19-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է միջազգային փորձագիտական խմբի այցը բժշկական համալսարան։ 3-4 օրվա ընթացքում փորձագիտական խմբի անդամները հանդիպելու են տարբեր խմբերի հետ․ համալսարանի ղեկավար կազմին, ամբիոնների վարիչներին, դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին, գործատուներին։ Նրանք տեղում հավաստիանալու են այն ամբողջ գործընթացին, որի մասին մենք գրել ենք զեկույցում, և լսելու են նաև ներքին ու արտաքին շահակիցների կարծիքները։ Փորձագետները կլինեն ամբիոններում, լաբորատորիաներում, Սիմուլյացիոն կենտրոնում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, որտեղ այս տարի առաջին անգամ պետական ամփոփիչ ավարտական քննության գործնական հմտությունների փուլն իրականացվեց միջազգային OSCE ձևաչափի կիրառմամբ։ Հուսով եմ, որ վերջնարդյունքում փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը լինելու է դրական, որովհետև բուհը անչափ մեծ ներդրում է կատարել բարելավելու, լավարկելու ուսումնական գործընթացը և այն ամենը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանի համար մրցունակ բժիշկ պատրաստելուն»,-հավելում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը՝ ընդգծելով, որ բուհի նպատակն է, որպեսզի բժշկական մայր բուհի ուսանողները լինեն մրցունակ տարածաշրջանում՝ հագեցած համակողմանի, համակարգային և խորը գիտելիքներով, հմտություններով և կարողություններով: