ԱՀԿ տարբեր տարածաշրջաններում մայիսի 12-ին նշվում է Բուժքրոջ միջազգային օրը։
Աշխարհում օրը նշվում է 1974 թվականից, իսկ Հայաստանում՝ 2004 թվականից:
Այս տարվա կարգախոսն է «Մեր բուժքույրերը. մեր ապագան. բժշկական օգնության տնտեսական հզորությունը»:
Ներհիվանդանոցային վարակի կանխարգելման պատմության մեջ իր մեծ ավանդն է ունեցել բուժքույրական գործի առաջամարտիկ, բրիտանացի բուժքույր, վիճակագիր և սոցիալական բարեփոխիչ Ֆլորենս Նայթինգեյլը, ով կարգախոս է դարձրել այն դրույթը, որ «հիվանդանոցները չպետք է վնասեն հիվանդներին»: Հենց նրա ծննդյան օրն էլ համարվում է բուժքույրերի մասնագիտական օրը։
Չնայած այն հանգամանքին, որ բուժքույրերն առողջապահական համակարգի հիմքն են, նրանք հաճախ բախվում են ֆինանսական դժվարությունների, և նրանց դերը հաճախ թերագնահատվում է: Այս տարի Բուժքույրերի միջազգային օրը կոչված է փոխելու բուժքույրական գործի մասին պատկերացումները՝ ցույց տալով, թե ինչպես բուժքույրական ոլորտում ռազմավարական ներդրումները կարող են զգալի տնտեսական և սոցիալական օգուտներ բերել:
Ամբողջ աշխարհում բուժքույրական գլոբալ ընտանիքը ներառում է 28 միլիոն կանանց և տղամարդկանց, որոնց մասնագիտությունը համարվում է երկրների առողջապահական համակարգերի բաբախող սիրտը՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է միջին բուժանձնակազմի քանակական նվազում:
Ընդհանուր առմամբ՝ միջին բուժաշխատողների պահանջարկն աշխարհում կազմում է շուրջ 5.9 մլն: Բուժքույր/բժիշկ փոխհարաբերությունը ԵՄ 27 երկրներում կազմում է միջինում՝ 2.3, իսկ Հայաստանում 2021թ.-ին այն կազմել է 1.16, որը 2016թ.-ի 1.32 արժեքից ցածր է: Միջին բուժաշխատողների թիվը Հայաստանում 2022թ.-ին կազմել է 16.323, 2021թ.-ի՝ 16.612-ի համեմատ:
Առողջապահության ոլորտի աշխատողների հարաբերակցությունը բնակչության թվին տատանվում է ըստ երկրների շուրջ 5 անգամ, ընդ որում՝ բժիշկների, բուժքույրերի և մանկաբարձների թվաքանակի և բնակչության հարաբերակցությունը տատանվում է 54.3-ից մինչև ավելի քան 200 մարդ` 10.000 բնակչության համար:
Ըստ տարածաշրջանների և երկրների կան զգալի տարբերություններ, հատկապես՝ բուժքույրերի բացարձակ ցուցանիշների հետ կապված, որը տատանվում է, օրինակ, Թուրքիայում՝ 27.0-ից մինչև Շվեյցարիայում՝ 183.7 և Մոնակոյում՝ 202.7: Հայաստանում 10.000 բնակչի հաշվով բուժքույրերի ցուցանիշը 2022թ.-ին կազմել է 54.8, որը 1.3-ով պակաս է 2021թ.-ի ցուցանիշից` 56.1:
Կանայք կազմում են բուժքույրական անձնակազմի մեծամասնությունը բոլոր երկրներում. եվրոպական տարածաշրջանում առողջապահության ոլորտի աշխատողների 61.3%-ը բուժքույրեր են, և նրանց մեծ մասը կանայք են:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նկատվում է մասնագիտությունների թվի զգալի աճ. 10 տարվա ընթացքում բժշկական բուհերի շրջանավարտների թիվն աճել է 37%-ով, ստոմատոլոգներինը՝ 29%-ով և բուժքույրերինը՝ 26%-ով:
Չնայած ընդհանուր աճին՝ բժշկական մասնագիտություններով շրջանավարտների թիվը մեծապես տարբերվում է, և որոշ երկրներում նրանց թիվը բավարար չէ առողջապահական համակարգերի կարիքները բավարարելու համար: Որոշ երկրներում բժշկական հաստատությունների շրջանավարտների մասնաբաժինը, որպես ընդհանուր առողջապահական աշխատողների տոկոս, 1%-ից էլ պակաս է:
Առողջապահության բնագավառի ապագա անձնակազմերը պահպանելու և բարձրորակ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բուժքույրական գործը դիտարկվի որպես կարիերայի գրավիչ տարբերակ: Բուժքույրերը պետք է ունենան հիմնավոր, ապացուցահեն կրթություն, որը թույլ կտա նրանց բավարարել բնակչության փոփոխվող կարիքները՝ աշխատելով ինքնուրույն կամ այլ մասնագետների հետ մեկ թիմում` բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների բուժման ողջ ընթացքում: Բացի այդ, նրանց աշխատանքը պետք է անվերապահորեն գնահատվի, նրանք պետք է ներգրավվեն առողջապահական քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում: