Բժշկի ուղին ընտրած ԵՊԲՀ սովորողներն իրենց մասնագիտական գիտելիքներին ավելացրին նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը՝ ամուր թիկունք դառնալով հայրենիքի պաշտպանների համար:
Բազմաթիվ հերացիականների շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Սիրանույշ Ներսիսյանը, որը լինելով բժշկական կենտրոններում՝ բուժօգնություն է ցուցաբերել վիրավորված զինծառայողներին:
«Պատերազմի ընթացքում կամավորական սկզբունքով, որպես քաղաքային շտապօգնության բժիշկ, մասնակցել եմ վիրավորների տեղափոխությանը Ստեփանակերտից Երևան: Տեղափոխում էինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներին։
Իհարկե, դա ոչինչ էր այն ամենի համեմատ, ինչ անում էին զինծառայողներն ու բժիշկները մարտի դաշտում կամ բուժսպասարկման առաջնային օղակներում»,-նշում է ապագա մասնագետը։
Սիրանույշի խոսքով՝ բժշկի աշխատանքը խաղաղ և պատերազմական պայմաններում անհամեմատելի է։
«Բացի տեխնիկական, կազմակերպչական և բազում այլ դժվարություններից, բժիշկն ունի ավելի մեծ խնդիր՝ կարողանալ հաղթահարել վախը, լարվածությունը, անհանգստությունը և թույլ չտալ, որ դրանք ազդեն ցուցաբերած բուժօգնության որակի կամ ճիշտ որոշման կայացման վրա։ Պատերազմի ընթացքում սովորեցի ապրել մեղքի զգացման հետ. երիտասարդները զոհվում էին հանուն մեր խաղաղ օրերի։ Բայց դա հաղթահարվեց այն գիտակցումով, որ մեզ ուղղակի վիճակված է ապրել: Մի բան է աշխատել պացիենտների հետ, մեկ այլ բան է տեսնել երիտասարդ, ծայրահեղ ծանր վիրավորների»:
Կլինիկական օրդինատորը վստահ է՝ չկա ավելի վեհ ու հաճելի զգացողություն, քան կարողանալ օգնել մարդկանց, ովքեր ունեն բժշկի կարիք, կամ փրկել կյանքեր։
«Բժիշկը պետք է օժտված լինի լսելու, արագ կողմնորոշվելու և որոշում կայացնելու ունակությամբ, լինի հոգատար, գթասիրտ, համբերատար, երբեմն նաև սառնասիրտ։ Լինի պատասխանատու, պատրաստ անընդհատ կրթվելու ու ժամանակակից բժշկության հետ քայլելու»,-իր խոսքն ամփոփում է ապագա սրտաբանը։