Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կյանքի հզորության և անզորության նուրբ սահմանագիծը բժշկական բուհի ուսանողը տեսել է պատերազմում

Կյանքի հզորության և անզորության նուրբ սահմանագիծը բժշկական բուհի ուսանողը տեսել է պատերազմում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսնաող Հակոբ Ստամբոլցյանի կյանքում արցախյան պատերազմն ամենից շատ փոխել է մարդկային կյանքի հանդեպ ունեցած ընկալումն ու վերաբերմունքը: Սպիտակ բանակի շարքերը կամավոր համալրած ապագա մասնագետը, ինչպես ինքն է  բնորոշում հստակ տեսել է և ապրել կյանքի հզորության և անզորության միջև ընկած նուրբ սահմանագիծը:

«Դժվար, դաժանագին պահերին ուժ էր տալիս ինքս իմ մեջ ձևավորված պարտավորությունները սրբությոնների հանդեպ»,- պատմում է Հակոբ Ստամբոլցյանը, որը պարտադիր ժամկետային ծառայություն է անցել Քարվաճառում (2018-2020), զորացրվել է 2020թ. հունվարին: Ծառայության սկզբում գործուղվել է Երևան,  ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոն: Փաստացի զորացրվել էր պատերազմը սկսվելուց 8 ամիս առաջ:

«Մոտ 5 ամիս անց, ուսումն ավարտելով որպես բուժակ, ծառայունս շարունակել եմ Քարվաճառում։ Հարզատ եղբայրս իր դիմումին համապատասխան նույնպես զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Քարվաճառ: Ես 1 տարվա ծառայող էի և օրենքը թույլ էր տալիս մեր համատեղ ծառայությունը: Երբ սկսվեց պատերազմը, 7 ամիս է ինչ զորացրվել էի, իսկ եղբորս զորացրվելուն պատերազմը սկսվելու օրը մնում էր 100 օր, հետևաբար, արժանապատվության հարց էր այդ ընթացքում եղբորս ու ծառայակից ընկերներիս հնարավոր բոլոր միջոցներով աջակցելը»,- պատմում է Հակոբը:

Պատերազմի մեկնարկի առաջին իսկ օր, ընկերների հետ նա դիմել է Երևանի բոլոր զինկոմիսարիատներ,  որպեսզի մեկնի առաջնագիծ, բայց բոլոր տեղերում մերժել են քանի որ զորացրումից դեռ մեկ տարի չեր անցել.

«Հաջորդ օրը մեր կամքով կարելի է ասել, «ինքնագլուխ» մեկնեցինք դեպի Քարվաճառ, սակայն այդ շրջանի մոբիլիզացիոն զորքերի հավաքակայանում մեզ չկարողացան հաստիքավորել զինկոմիսարիատի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Այդպես դիմում ենք Վարդենիսի կայազորային հոսպիտալ, որտեղ, մեր պատրաստակամությունը տեսնելով, մեզ հաստիքավորում են»:

Սեպտեմբերի 28-ից միչև պատերազմի ավարտը կամավորագրված ապագա ստոմատոլոգն ընկերների հետ կատարել է առաջնագծից-հոսպիտալ վիրավորների տեղափոխություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելով Քարվաճառի և Մարտակերտի ուղղություններով:

Պատերազմի ավարտից հետո ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև կազմակերպչական աշխատանքներում, Քրավաճառի շրջանից խաչքարերի փրկությամբ, տեղահանմամբ:

Ապագայի մասին խոսելով՝ Հակոբն ընդգծում է, որ հնարավոր ամեն ինչ անում է ընտրած մասնագիտության մեջ հմտանալու, այն լիարժեք տիրապետելու և կատարելագործվելու համար:

«Հորիցս ինձ փոխանցված նկարչական տաղանդի, ձեռքի նուրբ աշխատանքի հանդեպ ունեցած սիրո և բժշկության հանդեպ ունեցածս սիրո համատեղումը գտել եմ ստոմատոլոգիայի մեջ»,- շեշտում է ուսանողը՝ հավելելով, որ բժշկության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է նյարդաբան տատիկի և հարազատների շրջանում բժիշկների շնորհիվ: