Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պատերազմական օրերին Արցախում գտնված ապագա բժիշկը հիացած է բուժանձնակազմի խիզախությամբ

Պատերազմական օրերին Արցախում գտնված ապագա բժիշկը հիացած է բուժանձնակազմի  խիզախությամբ

Հարություն Հարությունյանը սովորում է ԵՊԲՀ  ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում։ 44-օրյա պատերազմի առաջին օրը երևանյան Covid բաժանմունքներից մեկում աշխատանքն ավարտել, եկել էր տուն՝ հանգստանալու։ Ժամը 16:00-ին մոտ արթնացել և տեսել է, որ  ամենամոտ ընկերոջից՝ ապագա բժիշկ Հովհաննես Պապյանից ստացել է  մեկ տասնյակից ավելի բաց թողնված  հեռախոսազանգ։ Հարությունն անմիջապես հետ է զանգահարել նրան և տեղեկացել Արցախ դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ հարձակման մասին։

«Ասաց՝ Արցախում կռիվ է սկսվել։ Հինգ րոպե չանցած՝ նստեցի ավտոմեքենան և շտապեցի ընկերոջս տուն, այնտեղից՝ Արցախ։ Առաջինը գիշերեցինք  Ստեփանակերտի հոսպիտալում, հաջորդ օրը ուղևորվեցինք  Հադրութ»,-պատմում է Հարությունը։

Ընտանիքին առանց տեղեկացնելու, ապագա բժիշկը  մեկնել է՝ վիրավոր զինծառայողներին փրկելու գործին զինվորագրվելու համար. «Ծնողներս գիտեին, թե մենք Ստեփանակերտում ենք, այնինչ, Մեխակավանի հոսպիտալից հետ էինք քաշվել, Հադրութի Տող գյուղում էինք»։

Ապագա բժիշկը խոստովանում է, որ իրենք պայմաններին ուշադրություն չէին դարձրել, առաջնայինը վիրավորների բուժօգնության արագ կազմակերպումն էր, րոպե առաջ նրանց կյանքը փրկելը։

«Աշխատանքի ծավալն այնքան մեծ էր, որ հիմնականում տարբեր ուղղություններով գնում էինք ՝ որպես վերակենդանացման բաժանմունքում փորձ ունեցող, ավելի շատ ռեանիմացիոն բրիգադի հետ էինք գնում վիրավորներին տեղափոխելու։ Եղել են օրեր, որ առանց սնվելու, աշխատել ենք։ Կարևորն աշխատանքն էր, ինչ կարողանում, անում էինք։ Բժիշկ, բուժքույր, բուժակ․ բոլորը մեկ էին դարձել, իհարկե դրական իմաստով։ Ով ինչ աշխատանք հասցնում, անում էր։  Գնում էինք վիրավորների բերելու, վիրակապություն անելու , անհրաժեշտության դեպքում՝ երակային կատետր էինք տեղադրում վիրավորին։ Առավելագույնն օգտագործվում էր սպիտակ բանակի ամեն մի զինվորի օգտակար գործողության գործակիցը՝ ռազմաճակատում արդյունավետ օգտագործելու և վիրավորների բուժօգնությունն արդյունավետ կազմակերպելու համար»,-նշում է ուսանողը։

Հարությունն Արցախում մնացել է պատերազմական 30 օր։ Խոստովանում է, քանի որ աշխատել են Covid-19-ի դեմ պայքարի կենտրոնում, Արցախ էին մեկնել էքստրեմալ պայմաններում աշխատանքային մի փոքր փորձով։  Հարությունն  ընկերոջ հետ Արցախում կռվել է նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ.

 «Զգացմունքներդ դնում ես մի կողմ, կատարում  ես քո բուն՝ բժշկական առաքելությունը։ Դժվար մեր համալսարանում գտնվի մեկը, որ ցանկանություն ունենա անցնել նման «պրակտիկա»։ Սա պրակտիկա էր ոչ թե գիտելիքը կիրառելու, այլ մարդ տեսակի համար։ Դժվար պայմաններում ես հասկանում, որ կողքիդ մեկ զանգ, մեկ ոգևորություն, ամեն ինչ մի դրական բան է, որ կարողանաս շարունակել կատարել պարտքը, շարունակես վախերի դեմ պայքարել։ Դրսից զանգերի շատ էինք սպասում, ամենատպավորիչը ամենամոտ ընկերներից մեկի՝ կլինիկական օրդինատոր Միհրան Մարտիրոսյանի զանգն էր։ Այդ զանգը բոլոր զանգերից տարբերվեց։ Պատերազմի երկրորդ օրն էր, ընկերոջս խոսքից մինչև վերջին օրը մնացի տպավորված։ Իր զանգը տրամադրում էր գաղափարական մտքերի, որ սա մեզ համար ևս մեկ փորձություն է, որ պետք է կարողանանք պայքարել»։

Հարություն Հարությունյանի մայրը ևս բուժաշխատող է։ Մի օր տեղեկանում է, որ մայրը շտապօգնության բրիգադի հետ գալիս է Մեխակավանի հոսպիտալ՝ վիրավոր տեղափոխելու։ Ապագա բժիշկն այդ պահին  շատ է անհանգստանում:

 «Հնարավոր էր՝ հանդիպեինք այնտեղ։ Նա չգիտեր, որ ես առաջնագծում եմ։ Իհարկե, վախի զգացում ունեցա, բայց ավելի շատ էր անհանսգտությունս»,-վերհիշում է Հարությունը։

Ապրիլյան քառօրյայի ժամանակ նա ծառայել է Մատաղիսում։ Խոստովանում է, որ մշտապես զգացել է հնարավոր պատերազմի վտանգն ու ինքն իրեն խոսք տվել, եթե կռիվ սկսվի, մեկնելու է առաջնագիծ։

 «Մինչև պատերազմը սկսվելը, ծննդյանս օրը հոկտեմբերի 20-ն էր, բայց 2016-ից հետո ապրիլի 2-ն էլ էի ծննդյան օր համարում։ Հիմա արդեն սեպտեմբերի 27-ից սկսած երևի թե մեկ ամիս ամեն օր համարում եմ իմ ծննդյան օրը, որովհետև հաճախ էինք կանգնում կյանքի ու մահվան սահմանագծին»,- նշում է Հարությունը։

Ապագա բժիշկը հիացած է պատերազմի ընթացքում բուժանձնակազմի գործունեությամբ։  Նրա խոսքով՝ շատերն ապացուցեցին, որ լավ մասնագետ լինելուց զատ,  նաև լավ մարդ են։

Սպիտակ բանակն անզիջում պայքարեց, որ որքան հնարավոր է ՝ շատ կյանքեր փրկեն։ Բժիշկները կարող էին օրերով չքնել, բայց բարձր պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը.

«Հաճախ առաջնագծում այնպիսի աշխատանք, վիրահատություններ  էին կատարվում, որ դա կարելի է իրականացնել միայն  բարձրակարգ կլինիկաներում»։

 Բուժանձնակազմն աշխատում էր  ամենաբարդ վայրերում, հրետակոծությունների տակ։ Պատերազմն առիթ  դարձավ, որ ապագա բժիշկն ավելի սիրի և գնահատի իր մասնագիտությունը:

Հարությունը որոշել է ընտրել անոթային վիրաբույժի նեղ մասնագիտացումը։