Դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությունն ընտրած Արման Սեյրանյանի համար վիրաբուժությունը բարդ ու բազմակողմանի, խորը գիտելիքներ պահանջող մասնագիտություն է, որը թույլ է տալիս շարունակ ինքնակատարելագործվել։ «Ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Բժշկությունն ընտրել եմ ավագ քրոջս օրինակով: Նա ինձ համար բժշկի լավագույն կերպարն է»,-նշում է նա։
Վիրաբուժությունն արագ զարգացող ոլորտ է և մշտապես համալրվում է նոր տեխնոլոգիաներով։ Նրա գնահատմամբ՝ բացի մասնագիտական հմտություններից բժշկին անհրաժեշտ է լինել սեփական խղճին և Հիպոկրատի երդմանը հավատարիմ. «Պետք չէ հետապնդել նյութական շահ, հարկավոր է ամեն պարագայում մնալ մարդ»:
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Արման Սեյրանյանը ևս համալրել է սպիտակ բանակի շարքը՝ լինելով հայրենիքի պաշտպանների կողքին: «Եղել եմ Մարտակերտում: Քանի որ վիրավորների մեծամասնությունը բեկորային և բազմաբեկորային էին (քիչ քանակությամբ կային նաև հրազենային վիրավորումներով և այրվածքներով զինծառայողներ), կատարել եմ բեկորների հեռացում, վիրակապերի տեղադրում: Սա պատերազմի ընթացքում աշխատելու իմ առաջին փորձն էր:
Իմ կողքին էին ավելի փորձառու մասնագետները՝ ավագ ընկերներ՝ մի քանի պատերազմներով անցած, և ես աշխատելու հետ մեկտեղ նրանցից շատ բան սովորեցի»,-պատմում է հերացիականը, որի խոսքով՝ պատերազմի դաշտում ընդհանուր պայմանները տարբերվում են քաղաքացիական բուժսպասարկման պայմաններից. աղմուկի, կրակոցների, ռմբակոծության պայմաններում դժվար է աշխատել, պետք է կենտրոնացած ու զգոն մնալ՝ աշխատանքն արդյունավետ կատարելու համար: «Պատերազմի ժամանակ մասնագիտական փորձ ձեռք բերելուց բացի ես համոզվեցի, որ յուրաքանչյուրս պետք է մեր ոլորտում հասնենք առավելագույնին, որպեսզի պատրաստ լինենք հետագա մարտահրավերներին»,-ընդգծում է Արմանը:
Նա հետաքրքրված է հոգեբանությամբ, աստղագիտությամբ, սիրում է ուսումնասիրել բնությունը, տիեզերքը. «Եթե բժշկությունը չընտրեի, գուցե ընտրեի ֆիզիկայի կամ բնապահպանության ոլորտը»: Ապագա բժիշկներին մասնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ մաղթելով՝ հորդորեց. «Անկախ մասնագիտությունից, քաղաքական հայացքներից, կարևոր է, որ առաջնայնությունը տաք ազգային և պետական շահին»: