Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Նախևառաջ, մի վնասիր» կարգախոսը՝ բժշկական ծառայության ամենահիմնական սկզբունք

«Նախևառաջ, մի վնասիր» կարգախոսը՝ բժշկական ծառայության ամենահիմնական սկզբունք

2023 թվականի պացիենտների անվտանգության համաշխարհային օրը, որը նշվում է սեպտեմբերի 17-ին, նվիրված է «Ներգրավել պացիենտներին իրենց իսկ անվտանգության մեջ» թեմային և իրականացվում է «Բարձրացնել պացիենտների ձայնը» կարգախոսի ներքո: Օրվա նպատակն է ազդել շահագրգիռ կողմերի, այդ թվում ՝ բուժառուների, նրանց ընտանիքների, քաղաքական գործիչների, առողջապահության ղեկավարների, առողջապահության ոլորտի մասնագետների վրա, որպեսզի նրանք համատեղ մշակեն առողջապահական քաղաքականություն և անվտանգության միջոցառումներ, որոնք իսկապես կարտացոլեն պացիենտների կարիքներն ու նախասիրությունները, ինչը, ի վերջո, կբարձրացնի առողջապահության անվտանգությունն ամբողջ աշխարհում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` յուրաքանչյուր 10 պացիենտից մոտավորապես 1-ը վնասվում է բժշկական օգնություն ստանալիս, և ամեն տարի ավելի քան 3 միլիոն մահ է տեղի ունենում վտանգավոր միջամտությունների պատճառով: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 100-ից 4-ը մահանում են անապահով բուժումից: Վնասի ավելի քան 50%-ը կարող է կանխվել. այս վնասի կեսը կապված է դեղորայքի սխալ կիրառման հետ:

Ընդհանուր անբարենպաստ իրադարձությունները, որոնք կարող են պացիենտին կանխարգելիչ վնաս պատճառել, դեղորայքային սխալներն են, ոչ անվտանգ վիրաբուժական միջամտությունները, բժշկական օգնության հետ կապված վարակները, ախտորոշման սխալները,  արյան անապահով փոխներարկումը և երակային թրոմբոէմբոլիաները: Այս անբարենպաստ իրադարձությունները կարող են հանգեցնել պացիենտի կյանքին սպառնացող բարդությունների:

Որոշ գնահատականների համաձայն՝ 10 հիվանդներից մինչև 4–ը վնաս են ստանում առողջության առաջնային պահպանման օղակում, մինչդեռ գրեթե 80%-ը կարող է խուսափել այդ վնասից: Պացիենտներին վնասելը պոտենցիալ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճը տարեկան 0.7%-ով: Համաշխարհային մասշտաբով վնասի հետ կապված անուղղակի ծախսերը տարեկան կազմում են տրիլիոնավոր դոլարներ:

«Նախևառաջ, մի վնասիր» կարգախոսը ցանկացած բժշկական ծառայության ամենահիմնական սկզբունքն է: Առողջապահության ոլորտի հետ շփման արդյունքում ոչ ոք չպետք է տուժի. այնուամենայնիվ, զարգացած և զարգացող առողջապահական համակարգերի շրջանակներում ամբողջ աշխարհում հիվանդներին կանխարգելելի վնաս հասցնելու հսկայական բեռի լուրջ ապացույցներ կան: Այն ունի մարդկային, բարոյական, էթիկական և ֆինանսական լուրջ հետևանքներ։

Հիվանդի անվտանգությունը սահմանվում է որպես «հիվանդին կանխարգելելի վնաս չպատճառելը և առողջապահական խնամքի հետ կապված անհարկի վնասի ռիսկը ընդունելի նվազագույնի հասցնելը»:

Առողջապահական համակարգի ավելի լայն համատեքստում դա կարելի է բնութագրել հետևյալ կերպ` «կազմակերպված գործողությունների համակարգ, որը ստեղծում է մշակույթ, գործընթացներ, ընթացակարգեր, վարքագծեր, տեխնոլոգիաներ և առողջապահական միջավայրեր, որոնք հետևողականորեն և կայուն կերպով նվազեցնում են ռիսկերը, կանխարգելելի վնասների հավանականությունը, սխալները դարձնում են ավելի քիչ հավանական և կրճատում վնասի ազդեցությունը, երբ դա, այնուամենայնիվ, տեղի է ունենում»:

Անվտանգության խախտումների պատճառով բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժառուներին վնասելը համատարած է, խնդրահարույց և կարող է տեղի ունենալ բուժման ցանկացած պայմաններում և բոլոր մակարդակներում: Կան բազմաթիվ փոխկապակցված գործոններ, որոնք կարող են հանգեցնել բուժառուի վնասմանը, և վերջինի անվտանգության հետ կապված ցանկացած առանձին միջադեպ սովորաբար ներառում է մեկից ավելի գործոն, ինչպես օրինակ` համակարգային և կազմակերպչական, տեխնոլոգիական գործոններ, մարդկային գործոններ և վարքագիծ, բուժառուի հետ կապված գործոններ և հնարավոր արտաքին գործոններ:

2019 թվականից ի վեր պացիենտների անվտանգության համաշխարհային օրն ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է՝ բոլոր երկրներին և միջազգային գործընկերներին կոչ անելով գլոբալ համերաշխության և համաձայնեցված  գործողություններ կատարելու՝ բարելավելու համար պացիենտների անվտանգությունը: Գլոբալ արշավը, իր ամենամյա հատուկ թեմայով, նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկությունը  պացիենտների անվտանգության գլոբալ գաղափարի ըմբռնման վերաբերյալ, մոբիլիզացնել շահագրգիռ կողմերի գործողությունները և կանխելու առողջապահական վնասը և դրանով իսկ բարձրացնելու բուժառուների անվտանգությունը: