Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային ակնաբուժական գիտաժողովը՝ բժշկական համալսարանում

Միջազգային ակնաբուժական գիտաժողովը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջազգային ակնաբուժական գիտաժողովը։

Քառօրյա գիտաժողովը համախմբել է Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի, Լատվիայի, Ռուսաստանի առաջատար մասնագետներին։

Ողջունելով ներկաներին՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը նկատեց․ «45 տարին, իհարկե, ավելի քիչ է, քան ԵՊԲՀ 100-ամյակը, բայց այդ տարիները մեր կենտրոնի համար բավականին հարուստ են եղել»։ Տեղեկացնելով, որ գիտաժողովի ընթացքում կկայանա 4 գրքի շնորհանդես նա մասնագիտական գրքերից մեկական օրինակ նվիրեց բժշկական համալսարանին։ Միջոցառումը կուղեկցվի նաև ցուցահանդեսային մասով, որը կներկայացնի ակնաբուժական բնագավառում մեր երկրի ակնառու հաջողությունները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց․ «Մեզ համար պատվաբեր է, որ այս գիտաժողովը ևս անցկացվում է մայր բուհի տանիքի ներքո։ Անշուշտ, գիտաժողովը թույլ կտա ձեզ ամփոփել այն ձեռքբերումները, որոնք փաստացի գրանցվում են Հայաստանի առողջապահության ոլորտում, փորձի փոխանակման կարգով քննարկել նաև այն խնդիրները, որոնք դեռևս լուծման փուլում են, լսել աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերներին։ Մեզ համար կարևոր է, որ այս ամենը, ունենալով գիտական հենք, կառանձնանա նաև ուսուցողական նշանակությամբ։ 45-ամյա հոբելյանը նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրը բարձր է գնահատում իր ուսուցիչներին, այն մարդկանց, ովքեր հիմնադրել են այս կենտրոնը»։

Ռեկտորը, մասնավորապես, բժշկական համալսարանի անունից գնահատանքի խոսքեր հղեց Ալեքսանդր Մալայանին, որն իր ժամանակների համար եղել է առաջատար մասնագետ։ «Խոսքս վերաբերում է նաև այս շենքի հիմնադիրներից Էմիլ Գաբրիելյանին։ Այսօրվա սերնդով այս մարդիկ կարող են հպարտանալ։ Այն վերածնունդը, որն ապրում է ակնաբուժական կենտրոնը վերջին տարիներին, խոսում է նրա մասին, որ ընտրությունը ճիշտ է արվել, և ինչպես կենտրոնի, այնպես էլ ամբիոնի այսօրվա ղեկավարությունն ապացուցեց, որ 45 տարի անց այս կենտրոնն իրեն վերադարձրեց առաջատարի կարգավիճակը։ Այսօր այն կարող ենք կոչել Հայաստանի Հանրապետության ակնաբուժության դարբնոց և առաջատար ուսուցողական ու կլինիկական բազա», – շեշտեց Արմեն Մուրադյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր աշխատանք և հավելելով, որ կազմակերպվող գիտաժողովները ևս վկայում են ոլորտի սրընթաց զարգացման միտման մասին։

Միջոցառման ընթացքում արծարծվեցին ակնաբուժական ոլորտի այնպիսի արդի թեմաներ և հիմնախնդիրներ, ինչպիսիք են․

  • ապակենման մարմինը և ցանցաթաղանթը, մասնավորապես՝ տարիքային մակուլոդեգեներացիայի ամենաժամանակակից ախտորոշման և բուժման եղանակները, դիաբետիկ պրոլիֆերատիվ ռետինոպատիան և դրա բուժումը, ապակենման մարմնի ժամանակավոր փոխարինիչների կիրառումը ցանցաթաղանթի բարդացած շերտազատումների ժամանակ,
  • գլաուկոման, մասնավորապես՝ փակ անկյուն գլաուկոման, մոտեցումները, առանձնահատկությունները, գլաուկոմայի մինիմալ ինվազիվ վիրահատությունները՝ 15 տարի անց, գլաուկոման և ռեֆրակցիան, արհեստական բանականությունը գլաուկոմայի մեջ, գլաուկոմայի բուժման ալգորիթմը, յուվենիլ գլաուկոմայի տեսակները, հիվանդության վարման հայկական փորձը և առանձնահատկությունները, ակնաբուժական դեղորայքը և ժամանակակից գիտական մոտեցումները,
  • եղջերաթաղանթի և տեսողական օրգանի բորբոքային հիվանդությունները,
  • մանկական ակնաբուժությունը,
  • տեսողական օրգանի վնասվածքները,
  • աչքի պլաստիկան և նեյրոօֆթալմոլոգիան։

ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Վիտրեոռետինալ բաժանմունքի վարիչ Արմեն Վարդանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ ոլորտը մեր երկրում սկսեց զարգանալ Միացյալ Նահանգների հայ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ։ «Այսօր կարող ենք մրցակցել ցանկացած զարգացած կենտրոնի հետ», – շեշտեց նա։

ԱՄՆ-ում կրթություն ստացած առաջատար ակնաբույժ Մհեր Եփրեմյանը, որը գիտաժողովին միացավ տեսաուղերձի միջոցով, անկեղծացավ, որ ուրախանում է, երբ գալիս է Հայաստան, քանի որ այստեղ զբաղվում է միայն իր սիրած գործով՝ ակնաբուժությամբ, բացի դրանից, օրդինատորների խելացի հարցերի շնորհիվ մշտապես տեղյակ է լինում արդի գիտության վերջին նորությունների մասին։

Գիտաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ֆրանսիացի ականավոր հետազոտող և ակնաբույժ Ֆիլիպ Սուրդիլը։ Նրա խոսքով՝ հայկական համայնքը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայում։ «Անցնելով պատմական դժվարին ճանապարհ՝ Ցեղասպանության և պատերազմների միջով, ձեր երկիրը կանգուն է՝ որպես տոկունության և արժանապատվության մեծագույն օրինակ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները թվագրվում են դեռևս 12-րդ դարից։ Այսօրվա գիտաժողովն այս բարեկամության, համատեղ աշխատանքի և վստահության հերթական արտացոլումն է», – ընդգծեց նա՝ առանձնահատուկ խոսելով հայ մասնագետների բարձր որակավորման, գիտելիքի, թիմային արդյունավետ աշխատանքի մասին։

Իսրայելցի հայտնի մասնագետ Նիր Իսրայելն իր տեսաուղերձում հայերենով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին։ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջազգային ակնաբուժական գիտաժողովին։ Կենտրոնում, որտեղ տիրում է հիանալի գիտական մթնոլորտ, աշխատում են մեր հրաշալի հայ գործընկերները», – նշեց ակնաբույժը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պացիենտի համար կենտրոնն իրականացնում է բազմակողմանի հետազոտություն։

ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանն անդրադարձավ պսևդոէքսֆոլիատիվ սինդրոմի տարածվածությանը և բուժման առանձնահատկություններին, իսկ ամբիոնի պրոֆեսոր, Տեսողական օրգանի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանը ներկայացրեց բաժանմունքի ստեղծման պատմությունը, նվաճումները և դերը կլինիկայի զարգացման գործում։ Նշենք, որ նախորդ տարի բժշկական համալսարանում անցկացվեց Աննա Հովակիմյանի՝ ԱՄՆ-ում հրատարակված Medical Atlas of Cornea and External Diseases in Middle Eastern Populations գիրք-ատլասի շնորհանդեսը:

Միջազգային գիտաժողովը կշարունակի աշխատանքները նաև դեկտեմբերի 16-ին և 17-ին՝ Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին կենտրոնում կայացել էր հանդիսավոր միջոցառում, այդ թվում՝ գրադարանի և վիրահատարանի բացում, որին մասնակցել են ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Հետբուհական և շարունակական  կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։