Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային բժշկական համագումար` համալսարանական տանիքի ներքո

Միջազգային բժշկական համագումար` համալսարանական տանիքի ներքո

Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համատեղ միջազգային բժշկական համագումարը՝ «Ձգտելով կատարելության» խորագրով, որը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում համախմբեց բժշկագիտության տարբեր ոլորտի ներկայացուցիչների:

«Մեր պետության համար այս դժվարին օրերին չափազանց կարևոր եմ համարում նման միջոցառումների անցկացումը, որը ցույց է տալիս, որ մենք չենք կանգնելու, մեր զարգացումը շարունակվելու է, մենք առաջ ենք շարժվելու հանուն մեր անկախ հանրապետության և  մեր վաղվա օրվա։ Այո, այս օրերին մենք կանգնած ենք գոյաբանական վտանգի առաջ, մեզ սպառնում են կործանել, բայց մենք կանգնելու ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը և զարգացնելու ենք  Հայաստանի Հանրապետությունը», – ներկաներին փոխանցելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը՝ նշեց Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը:

Պրոֆեսորի փոխանցմամբ` մեկնարկած կոնգրեսի առաջին օրը նվիրված է այսօրվա կարևորագույն մարտահրավերներից մեկին` աղետների բժշկությանը, ճիշտ պատրաստվածությանը և նման իրավիճակներում անհետաձգելի  բուժօգնության ճշգրիտ կազմակերպմանը:

Թեման առավել քան արդիական է՝ հաշվի առնելով թե՛ մեր երկրի տեղակայվածությունը բնական աղետներից խոցելի աշխարհագրական գոտում, թե՛ պատերազմական վտանգների առկայությունը:

Կազմակերպիչների հորդորն էր լինել կրկնակի ուշադիր լինել և փորձել առավելագույնը քաղել հյուրերի դասախոսություններից, որոնք պրոֆեսիոնալ են իրենց ոլորտներում:

Ռեկտոր Մուրադյանն առանձնակի շնորհակալություն էր հայտնում իր վաղեմի բարեկամ, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին միջոցառման կազմակերպման համար: Պերճ Աբգարյանը, նրա գնահատմամբ, տարիներ շարունակ աջակցել է մեր հայրենիքի զարգացմանը:

Շնորհակալական խոսքեր փոխանցվեցին նաև միջոցառման բոլոր մասնակիցներին, որոնք, անկախ դժվարություններից, չեն չեղարկել իրենց այցը և եկել են մեր երկիր՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով և հնարավորություններով:

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանը ևս ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և շեշտելով, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դռները միշտ բաց են նմանատիպ գիտաժողովների համար։

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ողջույնի խոսքը փոխանցեց փոխդեսպան Չիփ Լեյթինենը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այսօր այստեղ։ Դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար։ Միացյալ Նահանգները շարունակելու են իրենց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգներն իրենց հզոր աջակցությունն են հայտնում Հայաստանի կառավարության քայլերին՝ ուղղված արժանապատիվ խաղաղությանը։ ԱՄՆ-Հայաստան երկկողմանի գործընկերությունն ամուր հիմքեր ունի և զարգանում է՝ չնայած մարտահրավերներին։ Այս միջազգային բժշկական համագումարը համախմբել է Հայաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների առաջատար մասնագետներին, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ և գիտելիքով», – նշեց Չիփ Լեյթինենը։

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը շեշտեց «Այսօր հատկանշական օր է։ Կյանքի ամենակարևոր կետն առողջությունն է, դրանից ավելի թանկ բան չկա, և այսօր մենք միասնաբար պետք է գործենք, որպեսզի աղետալի իրավիճակներում առողջապահական առումով արդյունավետ մոտեցում ցուցաբերենք։ Ճիշտ է, մենք դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահեցնում եմ՝ սփյուռքը ձեզ հետ է, մենք ձեզ հետ ենք, և միասնաբար պետք է հաղթահարենք բոլոր խոչընդոտները։ Այս համագումարը կլինի մեր միասնականության վկայությունը»։

Արդեն 11-րդ անգամ է ամերիկահայ բժիշկների պատվիրակությունն այցելում Հայաստան, բայց այս տարի առաջին անգամ կազմակերպվեց միջազգային բժշկական համագումար։

 «Մեր նպատակը հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդումն է, մասնավորապես՝ բժշկագիտական և ռազմաբժշկական ոլորտներում։ Մենք այստեղ ենք՝ ընդգծելու, որ դուք միայնակ չեք։ Այստեղ ժամանած բոլոր բժիշկներն ամեն օր, համագումարից զատ, այցելելու են հիվանդանոցներ, հանդիպելու են իրենց գործընկերների հետ», – հավելեց Պերճ Աբգարյանը։

Համագումարին ելույթ ունեցան աշխարհահռչակ մասնագետներ ԱՄՆ-ի, Իսրայելի և Հորդանանի առաջատար համալսարաններից ու կլինիկաներից։

Երուսաղեմի Եբրայական համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր, Ռազմադաշտային հոսպիտալի տնօրեն, Իսրայելի պաշտպանության ուժերի գնդապետ Օֆեր Մերինն անդրադարձավ աղետների պատրաստվածությանը։ 

Ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանի նման գեղեցիկ երկրում՝ պրոֆեսորը ներկայացրեց աղետների գոտիներում բժշկական օգնություն ցուցաբերելու հիմնական մարտահրավերներին։

«Շատ կարևոր է համագործակցել և ձեռք ձեռքի աշխատել տեղացի բժիշկների հետ։ Իսկ օգնության մեկնող մասնագետները պետք է ֆիզիկապես և մտովի պատրաստված լինեն աղետի գոտում աշխատելու համար», – շեշտեց իսրայելցի մասնագետը։

Օֆեր Մերինի թիմը Հայաստանում էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։

Քառօրյա միջոցառման բանախոսները կանդրադառնան նաև կրծքագեղձի բուժման ոլորտում առաջընթացին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդներին, շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը և մարտահրավերներին, քաղցկեղով հիվանդների խնամքին, COVID-19 համավարակի անուղղակի հետևանքները մանկական առողջապահության ոլորտում, վարակիչ հիվանդություններին և դրանց հետևանքով առաջացած ճգնաժամերի կառավարմանը, աչքի հիվանդությունների բուժման ոլորտում առաջընթացին, Հայաստանում և Միացյալ Նահանգներում բժիշկների հաջորդ սերնդի նախապատրաստման մարտահրավերներին և բժիշկ դառնալու բարդ ուղուն, առողջապահության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին։