ԵՊԲՀ-ն արժանացել է Հետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակին (HRS4R):
EURAXESS-ի կողմից համակարգվող «Հետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» մրցանակին դիմելու գործընթացը ԵՊԲՀ-ում մեկնարկել է 2019-2023թթ․ իրականացված ԷՐԱԶՄՈՒՍ+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի շրջանակում։ Գրեթե 3 տարի տևած երկար ու համառ աշխատանքի արդյունքում իրականացվել է հետազոտական միջավայրի համապարփակ վերլուծություն և մշակվել է իրավիճակի բարելավման գործողությունների պլան առաջիկա տարիների համար:
Բժշկական համալսարանի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն անցել է փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է ԵՊԲՀ հետազոտական միջավայրի համապատասխանությունը Հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների հավաքագրման կանոններով ամրագրված 40 սկզբունքներին (The European Charter & Code for Researchers): Դրանք հիմնականում վերաբերում են հետազոտական ազատությանը, էթիկական և մասնագիտական ասպեկտներին, ընդունելության և ներգրավման մեխանիզմներին, աշխատանքային պայմաններին, մասնագիտական վերապատրաստումներին և այլն:
HRS4R-ն աջակցում է գիտահետազոտական հաստատություններին` իրենց գործելակերպում որդեգրելու Հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների հավաքագրման կանոններով ամրագրված 40 սկզբունքները և դրանց իրականացման միջոցով շարունակաբար զարգացնելու հետազոտական գործունեությունը, ինչպես նաև ապահովելու դրա թափանցիկությունն ու արժանահավատությունը:
Այս մրցանակը բժշկական համալսարանին իրավունք է տալիս օգտագործելու HR տարբերանշանը գիտահետազոտական ոլորտի տեղեկատվական նյութերում:
ԵՊԲՀ-ին հնարավորություն է ընձեռվում նաև EURAXESS-ի իր էլեկտրոնային հարթակի միջոցով միջազգային գիտակրթական հանրությանը իրազեկելու իր հետազոտական գործունեության, գիտական թափուր հաստիքների, դրամաշնորհային ծրագրերի, գիտական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Ձեռք բերելով այս մրցանակը՝ բժշկական մայր բուհն առավել գրավիչ է դառնում ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հետազոտողների համար և ամրապնդում է իր դիրքը ԵՄ գիտակրթական տարածքում: