Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային փորձագետների այցը բժշկական բուհ՝ ARICE ծրագրի շրջանակում

Միջազգային փորձագետների այցը բժշկական բուհ՝ ARICE ծրագրի շրջանակում

«Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց միջազգային փորձագետների ներկայացուցչական պատվիրակությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer-IARC), Հայաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Չեխիայի, Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի, Իսրայելի առաջատար համալսարանների և բժշկական կենտրոնների անվանի հայ և արտասահմանցի մասնագետները՝ ARICE ծրագրի փորձագետների՝ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի, Բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Դավիթ Բաբիկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որտեղ Հայկուհի Մինասյանը հյուրերին ներկայացրեց «Զինվորի տան» հիմնադրման պատմությունն ու առաքելությունը, կառուցվածքը, ժամանակակից սարքավորումները։

Տպավորված լինելով և չթաքցնելով իրենց հիացմունքը՝ պատվիրակության անդամները շարունակեցին ճանաչողական շրջայցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, որտեղ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը մանրամասնորեն ներկայացրեց տարածաշրջանում եզակի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման պատմությունը, կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային գործընկերներին։

Պատվիրակությանն ընդունեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի շուրջ 25 տարվա պատմության մասին խոսելով  նա նշեց.

«Այս կենտրոնը ոչ միայն համալսարանական բազա է, այլև մեր երկրի առանձնահատուկ կենտրոններից է, որն աչքի է ընկնում իր գիտական ձեռքբերումներով, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին համապատասխան առաջին բիոբանկի ստեղծման նախաձեռնությամբ։ Վստահ եմ, որ այս կենտրոնը կծառայի ոչ միայն համալսարանին, այլև ամբողջ տարածաշրջանին»:

Ռեկտորը հույս հայտնեց, որ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը կդառնա աշխարհի առաջատար կենտրոնների մեծ ընտանիքի մի մասը։

«Մենք տրամադրված ենք լինել գենետիկների համաշխարհային համայնքի լիարժեք գործընկեր», – հավելեց բուհի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում հյուրերը  ներկայացրին իրենց տպավորությունները նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, և պատրաստակամություն հայտնեցին՝ ընդլայնելու փոխգործակցությունը հայ գործընկերների հետ։