Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկական բուհը վստահ քայլերով գնում է դեպի միջազգային հավատարմագրում։
«Մեզ մոտ աշխարհի 33 երկրից սովորում է 2055 արտասահմանցի ուսանող։ Մեր յուրաքանչյուր երրորդ ուսանողն արտերկրից է», – փաստեց ռեկտորը։
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Երեխաների և դեռահասների դիմածնոտային վիրաբուժության և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Զուրաբ Վադաչկորիան երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար։
«Այստեղ մենք հյուր ենք մեր եղբայրներին և քույրերին։ Մենք մեծապես հետաքրքրված ենք Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության խորացմամբ, մենք ոգեշնչվում ենք ձեր հաջողություններով։ Միասին մենք կհասնենք ավելիին։ Վստահ եմ՝ պրոֆեսոր Մուրադյանի ղեկավարությամբ բժշկական համալսարանն ավելի շատ հաջողություններ կարձանագրի․ ձեր համալսարանը մեծ ապագա ունի», – նշեց ԹՊԲՀ ռեկտորը։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրեց 100-ամյա բուհի պատմությունը, կառուցվածքը, ձեռքբերումները։ «Այս պահի դրությամբ 5381 ուսանող բժշկական կրթություն է ստանում բակալավրիատում, 265 կլինիկական օրդինատոր ուսուցում է ստանում 84 մասնագիտությամբ։ 61 ասպիրանտ, 58 հայցորդ և 3 դոկտորանտ։ Ընդհանուր առմամբ այս ամենը կազմակերպվում է բուհի 1215 դասախոսի շնորհիվ, որոնցից 87-ը պրոֆեսոր են, 168-ը՝ դոցենտ», – մանրամասնեց պրոռեկտորը։
Կոնստանտին Ենկոյանն անդրադարձավ նաև համալսարանական hիվանդանոցների («Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան»), ինչպես նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» («Զինվորի տան») գործունեությանը։
«Բժշկական համալսարանը միակ հաստատությունն է Հայաստանում, որը վերջին 3-4 տարվա ընթացքում իրականացնում է 3 նախագիծ Եվրոպական Միության HORIZON 2020-ի շրջանակում (COBRAIN, ARICE, SCAUT)», – ընդգծեց պրոռեկտորը։
Ներկայացուցչական հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ԵՊԲՀ քոլեջի և «Հերացի» ավագ դպրոցի գործունեությունը։
ԹՊԲՀ օդոնտոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինա Մամալաձեն գոհունակությոն հայտնեց համագործակցության ընդլայնմամբ՝ մասնավորապես շեշտելով միջազգային հարթակներում հայ և վրացի մասնագետների փոխգործակցության անհրաժեշտությունը։
Վրացական պատվիրակության կազմում էին նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Նարկոլոգիայի ամբիոնի վարիչ Խաթունա Դոթաձեն, Էմորիի համալսարանի բժշկության դպրոցի (ԱՄՆ) կրթական ծրագրերի տնօրեն, ԹՊԲՀ ֆիզիկական վերականգնման քաղաքականության և ռազմավարական կառավարման ամբիոնի վարիչ, ԹՊԲՀ ամերիկյան բժշկության ծրագրի ղեկավար Արչիլ Ունդիլաշվիլին, աշխատակազմի ղեկավար Իրինա Կապետիվաձեն։
Հյուրերը շրջայց կատարեցին COBRAIN ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, նոր մասնաշենքում և վերանորոգված լսարաններում, ծանոթացան ժամանակակից համակարգչային սրահին։