Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկի համար ամենամեծ մարտահրավերը ժամանակին համընթաց քայլելն է․ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Բժշկի համար ամենամեծ մարտահրավերը ժամանակին համընթաց քայլելն է․ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Արայիկ Սարգսյանը բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետի այցելու պրոֆեսոր է։ Նա ամերիկյան հայտնի “The Heart Institute” և “Cedars-Sinai” բժշկական կենտրոնների կլինիկական հետազոտող է, մասնագիտացումը՝ ուրոլոգիա։

Բժիշկ դառնալու որոշումն Արայիկ Սարգսյանի մոտ սկսեց հասունանալ դեռևս 9-րդ դասարանից։

«Հատուկ հետաքրքրություն ունեի բնագիտական առարկաների հանդեպ։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժն ու Արցախյան առաջին պատերազմն ավելի ամրապնդեցին որոշումս, ու ես ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն էլ կարմիր դիպլոմով ավարտելուց հետո մասնագիտացա ուրոլոգիայի ոլորտում՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»։ Սովորելուն զուգահեռ աշխատել եմ Շտապօգնության ծառայությունում՝ որպես բուժակ», – պատմում է բժիշկ-հետազոտողը։ Հետագայում Արայիկ Սարգսյանը հասկացավ, որ առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար խորացված գիտելիքների կարիք կա, և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետ՝ հաջողությամբ ավարտելով այն։ «Զուգահեռ աշխատել եմ Հանրային առողջապահության սոցիալական բարեփոխումների ծրագրում, մասնակցել Ջոնս Հոփքինսի համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտահետազոտական համատեղ ծրագրերին։ Երազանքս իրականացավ․ համատեղ գիտական աշխատանքները շուտով տպագրվեցին ամերիկյան բժշկագիտական ամսագրերում՝ “Lancet”, “American Journal of Medicine”», – նշում է ԵՊԲՀ շրջանավարտը։  

Բժշկի մասնագիտության մեջ, նրա համոզմամբ, ամենամեծ մարտահրավերը մշտական ինքնակատարելագործումն ու ժամանակին համընթաց քայլելն է։

«Բժշկի մասնագիտությունը պահանջում է անսահման սեր ու նվիրվածություն գործին՝ անձնական ժամանակի, ընտանիքի ու ընկերների հաշվին։ Ինձ համար ներշնչման աղբյուր է եղել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, որն իր կյանքը նվիրեց ուրոլոգիական դպրոց հիմնադրելու և օրինակելի բժիշկների մի ամբողջ սերունդ կրթելու գործին։ Հետագայում, երբ աշխատում էի և դասավանդում ուրոլոգիա ընտանեկան բժիշկներին, միշտ զգում էի, որ իմ գործով շատերին եմ օգնում, ու դա ինձ ներքին գոհունակություն էր պարգևում», – ասում է Արայիկ Սարգսյանը։

ԱՄՆ-ում բնակվելիս բժշկի շատ երազանքներ իրականացան։

«Աշխատում եմ Արևմտյան ափի ամենահայտնի հիվանդանոցներից մեկում՝ որպես գիտահետազոտական մեծ ծրագրի համակարգող։ Ունեմ բազմաթիվ գիտական աշխատանքներ՝ տպագրված ամերիկյան հայտնի բժշկական ամսագրերում և վերապատրաստում եմ կրտսեր գիտաշխատողներին», – ավելացնում է բժշկական բուհի շրջանավարտը։

Արայիկ Սարգսյանի կինը ևս բժշկության ոլորտում է աշխատում, նա ստոմատոլոգ է։

«Ունենք դուստր և որդի, որոնք կրթություն են ստանում այստեղ՝ Միացյալ Նահանգներում։ Սիրում եմ կարդալ, նկարել, ֆուտբոլային երկրպագու եմ: Կարոտում եմ Հայաստանի ամեն ինչը՝ սկսած իմ մասնագիտությունից՝ վերջացրած ինձ շրջապատող ամեն ինչով», – անկեղծանում է բժիշկը։

Հայաստան Արայիկ Սարգսյանն այցելում է ամեն տարի, անցյալ տարին՝ պատերազմի թեժ շրջանը, բացառություն չէր։

«Ապագա բժիշկ-գործընկերներիս խորհուրդ կտայի համարձակ առաջ գնալ ու ոչնչից չվախենալ։ Ամեն ինչ հնարավոր է, մի՛ վախեցեք երազել։ Իսկ լավ բժիշկ լինելու համար պետք է սիրել, առաջին հերթին, մարդուն և ընտրած գործը», – եզրափակում է Արայիկ Սարգսյանը։

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան