Սանդիպ և Սիմա Սիրոհիները բժշկական 100-ամյա բուհի օտարերկրացի շրջանավարտների չորրորդ սերունդն են ներկայացնում։ 1990-ական թվականներին, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, միաժամանակ, հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելով, ազգությամբ հնդիկ ապագա բժիշկներն ավարտեցին Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Այսօր արդեն նրանցից յուրաքանչյուրն իր բժշկական կենտրոնն ունի մայրաքաղաք Նյու Դելիի մոտակայքում գտնվող Միրատ քաղաքում։
48-ամյա Սանդիպ Սիրոհին բժշկական ինստիտուտ էր ընդունվել 1991 թվականին, ավարտել բուհը՝ 1998-ին։ Հետագայում Հնդկաստանում նա մասնագիտացավ ռադիոլոգիայի ոլորտում։ Այսօր ղեկավարում է քաղաքի ամենամեծ ախտորոշիչ կենտրոններից մեկը (“Sirohi Scan Centre”):
«Հայաստանում մեր կրթություն ստանալու տարիները ջերմությամբ ենք հիշում: Սկսեցինք ռուսերենով նախապատրաստական դասընթացից, որը դասախոսների շնորհիվ հաջողությամբ ավարտեցինք և ընդունվեցինք առաջին կուրս։ Խմբում քիչ էինք՝ 8-10 ուսանող, այդ կերպ դասախոսը հնարավորություն ուներ ուշադրություն դարձնել յուրաքանչյուրիս։ Նույնիսկ, երբ սկզբում ռուսերեն այնքան էլ լավ չէինք հասկանում և դժվարություններ էինք ունենում, լեզվի մասնագետները մեզ հետ մասնակցում էին դասերին և թարգմանում դրանք մեզ համար», – պատմում է Սանդիպ Սիրոհին։
Հայ ժողովուրդը, նրա խոսքով, շատ հյուրընկալ է, միշտ ջերմ է ընդունում օտարերկրացիներին։
«Մենք նույնպես շատ սիրեցինք հայերին։ Չնայած նրան, որ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր՝ բուհը մեզ մշտապես աջակցում էր՝ փորձելով ինչ-որ չափով բարելավել մեր կենցաղային պայմանները», – հիշում է հնդիկ շրջանավարտը՝ ընդգծելով, որ Հայաստանում իրենք շատ ապահով ու անվտանգ էին իրենց զգում։
Խորհրդային Միության համալսարանների շրջանում, Սանդիպ Սիրոհիի համոզմամբ, ԵՊԲԻ-ն ապահովում էր լավագույն բժշկական կրթությունը։
«Հայաստանում մասնագետները շատ լավ տիրապետում էին անգլերենին և տրամադրում էին անգլալեզու գրականություն, ինչը հեշտացնում էր մեր ուսումնառությունը։ Այստեղ ստացած գիտելիքները մեզ շատ օգնեցին հետագայում», – ավելացնում է նա։
Քույրը՝ 50-ամյա Սիմա Սիրոհին, մասնագիտությամբ գինեկոլոգ է, բժշկական բուհն ավարտել է 1996 թվականին՝ կարմիր դիպլոմով։ Բժիշկ դառնալը մանկության երազանքն էր։ Այժմ նա իր կլինիկան ունի (“Bijnor”)՝ նույնպես Միրատ քաղաքում:
«Սանդիպը մտածում էր զինվորական դառնալու մասին, սակայն ես այնքան հիացած էի Հայաստանում բժշկական կրթությամբ, որ եղբորս ևս համոզեցի ընտրել բժշկի մասնագիտությունը։ Շատ էի հավանել երկիրը, մարդկանց ջերմ ընդունելությունը։ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն այն ժամանակ մեր դեկանն էր։ Նա մեզ վերաբերվում էր ինչպես իր երեխաներին․ կարծես ընտանիք լինեինք։ Երբ հիվանդանում էինք, դասախոսները մեր հանդեպ առանձնակի ուշադիր էին», – պատմում է Սիմա Սիրոհին՝ հավելելով, որ ամեն տարի ուսանողների մասնակցությամբ հանդիսավորությամբ նշվում էր նաև հնդկական կրակների փառատոնը՝ Դիվալին։
Արցախյան պատերազմների մասին խոսելիս հնդիկ շրջանավարտներն անկեղծորեն հուզվում են՝ չկարողանալով զսպել արցունքները, ընդգծում, որ մեր երկրում բոլորին հարազատ են համարում:
Սանդիպ և Սիմա Սիրոհիները Հայաստան այցի շրջանակում հարազատ համալսարանի սպասված հյուրերից են: Իրենց զարմուհուն՝ 25-ամյա Մալիկային, խորհուրդ են տվել շարունակել հետբուհական կրթությունը ԵՊԲՀ-ում՝ մաշկաբանություն մասնագիտացմամբ։
ԵՊԲՀ շրջանավարտները Հայաստան էին այցելել 2 տարի առաջ, պլանավորում են վերադառնալ մեր երկիր նաև 6 ամիս անց։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան