Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները նշեցին Լույսերի տոնը՝ Դիվալին

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները նշեցին Լույսերի տոնը՝ Դիվալին

Բժշկական բուհի հնդիկ ուսանողները հանդիսավոր նշեցին Լույսերի տոնը՝ Դիվալին։

Սահմանափակ մասնակիցներով տոնական միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյան, փոխդեկաններ Անահիտ Ազնաուրյանը, Խաչատուր Մարգարյանը, Մերի Մխիթարյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին և Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը։

Միջոցառումը մեկնարկեց ուսանողուհիների կողմից հնդկական ազգային պարի կատարմամբ։

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ ռեկտոր Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ ամեն տարի բժշկական համալսարանում օրը առանձնահատուկ էր նշվում:

«Ավաղ, այսօր աշխարհում ստեղծված իրավիճակը թույլ չտվեց շատերին մեզ հետ ներկա գտնվել այս միջոցառմանը։ Կարծես թե բոլորս հաշտվել ենք այն մտքի հետ, որ անվտանգությունն է պահանջում հեռու լինել իրարից։ Այսօր, առավել քան երբևէ, Դիվալիի խորհուրդը՝ «լույս խավարում», մեծ նշանակություն ունի ողջ աշխարհի համար։ Մարդկության ձեռքբերումները և բարձրագույն արժեքները՝ որպես լույս, պետք է այսօր բոլորիս համար ուղենիշ դառնան այս դժվար ժամանակներում», – ընդգծեց բուհի ղեկավարը։

Ռեկտորը կոչ արեց ուսանողներին երբևէ փոքրոգի չգտնվել, երբևէ չվարանել լույս սփռելուց։

«Յուրաքանչյուր կիրթ մարդ, որն այլոց համար պատասխանատվություն է կրում, պարտավոր է լույս սփռել։ Այս տոնն այսօր շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն Հնդկաստանի բնակչության, այլև մեր բոլորի համար։ Յուրաքանչյուրդ ձեր տեղում ամեն օր մի փոքր լույս ճառագեք, և, կարծում եմ, որ մյուս տարի մենք Դիվալին կնշենք նույն շքեղությամբ, ինչ նախկինում։ Հուսով եմ, որ մեզ բաժին հասած դժվարությունները մենք միասին կհաղթահարենք», – հավելեց Արմեն Մուրադյանը։

Դեսպան Կիշան Դան Դեվալի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է, հայրենի երկրից հեռու լինելով, տոնել Դիվալին հնդիկ ուսանողների հետ Հայաստանում։

«Տոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի հանդեպ, լույսի հաղթանակը խավարի հանդեպ և գիտելիքի հաղթանակը տգիտության հանդեպ։ Այսօր Դիվալին այլևս առանձին երկրի կրոնական տոն չէ, այն հայտնի է նաև այլ երկրներում: Ուրախ եմ տեսնել, որ մեր ուսանողները գիտելիք և իմաստություն են ձեռք բերում բժշկական համալսարանում», – շեշտեց դիվանագետը։

Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը հիշեցրեց, որ իր անմիջական մասնակցությամբ Դիվալին Հայաստանում սկսել է նշել դեռևս 1993 թվականից։ «Ամեն տարի ուրախացել եմ, որ հնդիկ ուսանողները մեր երկրում կարողացել են պահպանել իրենց հավատն ու ավանդույթները։ Դա շատ կարևոր է, որովհետև ապահովում է ընտանիքի կայունությունը, ինչն, իր հերթին, ապահովում է երկրի կայունությունը։ Իսկ լավ կրթություն ստացած մարդն ապահովում է նաև երկրի զարգացումը։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ դառնաք մի լույս և, վերադառնալով ձեր երկիր, սփռեք այն ձեր շրջապատում», – մաղթեց պրոռեկտորը։

Դեկան Գայանե Ավետիսյանը կոչ արեց ուսանողներին լավ սովորել, շատ գիտելիք, փորձ և հմտություններ կուտակել՝ ապագայում իրենց հիվանդների կյանքը լուսավորելու համար։ «Արդեն 2 տարի աշխարհին պատուհասել է կորոնավիրուսի համավարակը։ Դուք այս պահին հեռու եք տնից, բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք զգաք ձեզ ինչպես տանը։ Թող երջանկությունն ու բարեկեցությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները կյանքում», – բարեմաղթեց դեկանը։

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Դիվալիի տոնի կարևոր «Պուջա» և «Արատտի» արարողակարգերով, ինչպես նաև հնդկական քաղցրավենիքի, մրգերի և 5 ազգային ուտեստի հյուրասիրությամբ։