Հայ և ֆրանսիացի մասնագետներն օրեր առաջ առցանց հարթակում քննարկել են Հայաստանում մանկական հոգեբուժության զարգացմանը ուղղված ծրագրերը։
Քննարկվող հարցերից էին կրթական և փորձի փոխանակման կազմակերպման հիմնախնդիրները:
ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանի փոխանցմամբ` Santé Arménie նախաձեռնությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և Արևելյան Փարիզի Կրետեյի համալսարանի (UPEC – University Paris-Est Créteil) միջև կնքված համագործակցության պայմանգրի շրջանակում` ուղղված հոգեկան առողջության ոլորտին, հոգեբուժության ամբիոնի հետ քննարկվել և կատարվել են են հետևյալ աշխատանքները`
- Զարգացնել մանկական հոգեբուժությունը Հայաստանում, ինչպես ծառայության ընդլայնման և բարելավման, այնպես էլ հետդիպլոմային մասնագիտացման կրթական և փորձի փոխանակման առումներով: Այն նախատեսում է մանկական հոգեբույժների վերապատրաստումը Փարիզում, նաև Շվեյցարիայում, որից հետո գիտելիքներն ու փորձը կկիռարվեն Հայաստանում:
- Հետագայում ծրագրվում է կատարել համատեղ աշխատանքներ մանկական հոգեբույժների և հոգեբանների, ինչպես նաև երեխաների ընտանիքների հետ այլ մասնագետների (մանկաբույժներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ և այլ) համագործակցության ուղղություամբ (ցանցային համագործակցություն):
- Քննարկվել են մանկական հոգեբուժության` Հայաստանում գործնական առաջնահերթություն ունեցող ճյուղերը (հետագայում այն ընդլայնելու հեռանկարով), որոնց նախընտրություն կտրվի առաջիկայում Ֆրանսիա վերապատրաստման մեկնող երիտասարդ բժիշկներին ներգրավելու առումով:
- ԵՊԲՀ-ն ապահովել է բոլոր անհրաժեշտ պայմանները` աշխատանքային գործուղմանը նախապատրաստվող կլինիկական օրդինատորների ֆրանսերեն լեզվի արագընթաց դասերի կազմակերպման համար, Santé Arménie կազմակերպության աջակցությամբ:
- Քննարկվել է երկու համալսարանների միջև համատեղ գիտահետազոտական աշխատանք կատարելու հնարավորությունը:
- Նախատեսվում է Հոգեբուժության ամբիոնի աշխատակիցների այց Փարիզ, հավանաբար մայիս ամսվա ընթացքում, որը ուղղված կլինի տեղում ավելի ստույգ պատկերացում կազմելուն`վերապատրաստման մեկնող երիտասարդ բժիշկների աշխատավայրերը կազմակերպելու և իրագործելու առումով:
Կարինե Թաթարյանը հավելում է, որ համագործակցության ծրագրերը շարունակական են և ուղղված են առաջին հերթին հոգեկան առողջության ոլորտի հիմնահարցերի լուծմանը: